Ֆրանսիայի հանրահայտ Բարբիզոնի մշակութային կենտրոնում ցուցադրվում են հանրահայտ հայ արվեստագետների գործերը
Մշակույթ
10:36 04/07/2025
Հայաստան

Ֆրանսիայի հանրահայտ Բարբիզոնի մշակութային կենտրոնում ցուցադրվում են հանրահայտ հայ արվեստագետների գործերը

Ֆրանսիայի հանրահայտ Բարբիզոնի մշակութային կենտրոնում բացվել է «Հայկական իմպրեսիոնիզմի գույներն ու լույսերը» միջազգային ցուցահանդեսը, որտեղ ընդգրկված են հանրահայտ արվեստագետներ Վարդգես Սուրենյանցի, Եղիշե Թադևոսյանի, Վահրամ Գայֆեճյանի, Կարապետ (Շառլ) Ադամյանի, Մարտիրոս Սարյանի, Սեդրակ Առաքելյանի և 20-րդ դարի առաջին երեք տասնամյակներում ստեղծագործող հեղիկնակների 30-ից ավելի գեղանկարչական աշխատանքները։ Հայաստանի Ազգային պատկերասրահից հայտնում են, որ ցուցահանդեսը կգործի մինչև 2025 թ․ նոյեմբեր։

Ցուցահանդեսի համադրողն է Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանը:

Ցուցահանդեսի պաշտոնական բացման արարողությանը ներկա են եղել Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Արման Խաչատրյանը, ՀՀ ԿԳՄՍՆ մշակութային ժառանգության վարչության պետ, Եվրոպայի խորհրդի «Մշակութային ուղիներ» ծրագրում ՀՀ ներկայացուցիչ Աստղիկ Մարաբյանը, Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանը, Ֆրանսիայի մշակույթի նախարարության Համաշխարհային ժառանգության առաքելության ղեկավար Բրունո Ֆավելը և «Մշակութային ուղիներ» ծրագրի «Իմպրեսիոնիզմի ուղիներ» ասոցիացիայի նախագահ Պիեռ Բեդուելը, Բարբիզոնի քաղաքապետը, Ֆոնտենբլո համայնքի նախագահը, մշակութային ոլորտի առաջատար ֆրանսիական կառույցների ներկայացուցիչներ, արվեստի գործիչներ։

Այս բացառիկ ցուցադրությունն իրականացվում է Եվրոպայի խորհրդի «Մշակութային ուղիներ» ծրագրի շրջանակներում՝ «Իմպրեսիոնիզմի ուղիներ» ասոցիացիայի և Հայաստանի ազգային պատկերասրահի համագործակցությամբ, ինչպես նաև ՀՀ ԿԳՄՍ և Ֆրանսիայի մշակույթի նախարարությունների աջակցությամբ:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ֆրանսիայի հանրահայտ Բարբիզոնի մշակութային կենտրոնում ցուցադրվում են հանրահայտ հայ արվեստագետների գործերը