ՀՀ ԱԳՆ-ից արձագանքել են Էրդողանի հայտարարությանը
Քաղաքական
18:14 05/07/2025
Հայաստան

ՀՀ ԱԳՆ-ից արձագանքել են Էրդողանի հայտարարությանը

Հայաստանը եղել և մնում է շահագրգռված տարածաշրջանային փոխկապակցվածության ընդլայնման և տնտեսական զարգացման մեջ: Այս մասին «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան նշել է ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանն՝ անդրադառնալով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման թեմային վերաբերվող հայտարարությանը։

Հարցին՝ Թուրքիայի նախագահն այսօր անդրադարձել է տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման թեմային և հիշատակելով «միջանցք» եզրույթը՝ նշել է, որ Հայաստանն այդ հարցում ավելի ճկուն մոտեցում է ցուցաբերում տնտեսական ինտեգրացիային մասնակցելու համար, ինչպե՞ս կմեկնաբանեք, Անի Բադալյանն ասել է. 

«Հայաստանը եղել և մնում է շահագրգռված տարածաշրջանային փոխկապակցվածության ընդլայնման և տնտեսական զարգացման մեջ: Այդ ըմբռնումով է, որ ՀՀ-ն հանդես է եկել «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությամբ և դրան համահունչ առանձին գաղափարներով, լուծումներով, կառուցողական առաջարկներով։ Մեր կարծիքով, դրանք կարող են փոխշահավետ արդյունքներ ապահովել ինչպես տարածաշրջանի երկրների, այնպես էլ ավելի լայն աշխարհագրությամբ հաղորդակցությունների ցանցի զարգացմամբ հետաքրքրված գործընկերների համար: Ինչպես նախկինում, այժմ ևս տարածաշրջանում տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման ՀՀ տեսլականը խարսխված է հիմնարար սկզբունքների՝ ինքնիշխանության, կապուղիների նկատմամբ ազգային իրավազորության վրա, և ինչպես հայտնի է, չի ենթադրում այլ տրամաբանություն։ Շահագրգիռ գործընկերների հետ քննարկումները շարունակվում են»։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
ՀՀ ԱԳՆ-ից արձագանքել են Էրդողանի հայտարարությանը