Մտահոգիչ է այն բառամթերքի կիրառումը, որը հասարակության մեջ պառակտումների աճի է հանգեցնում. Ավստրիայի Եկեղեցիների Խորհուրդ
Քաղաքական
12:39 05/07/2025
Հայաստան

Մտահոգիչ է այն բառամթերքի կիրառումը, որը հասարակության մեջ պառակտումների աճի է հանգեցնում. Ավստրիայի Եկեղեցիների Խորհուրդ

Ավստրիայի Եկեղեցիների Խորհուրդը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է.

«Մենք խորը մտահոգությամբ ենք հետևում Հայ Առաքելական Եկեղեցու և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև լուրջ տարաձայնությանը: Ցավով տեղեկացանք, որ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանից բացի, այժմ կալանավորված է նաև Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։ Գարեգին Բ կաթողիկոսը կոչ է արել Հայաստանի և ամբողջ աշխարհի հավատացյալներին աղոթել բանտարկյալների և երկրում խաղաղության համար: Մենք՝ որպես Ավստրիայի Եկեղեցիների Խորհրդի Վարչություն, նույնպես ցանկանում ենք միանալ այս կոչին և աղոթքին:

Իշխանությունների և դատական ​​համակարգի կողմից եպիսկոպոսների դեմ ուղղված մեղադրանքները մեզ հավատ չեն ներշնչում: Աղոթքի իր կոչում Գարեգին Բ կաթողիկոսը խոսել է անհիմն մեղադրանքների մասին և ձերբակալությունները որակել անօրինական: Մենք խորապես զարմացանք՝ լսելով բարոյական այն զանցանքների մասին, որոնցում վարչապետ Փաշինյանը մեղադրում է Հայաստանի եպիսկոպոսներին, և մասնավորապես՝ Գարեգին Բ կաթողիկոսին:

Մտահոգիչ է այն բառամթերքի կիրառումը, որը հասարակության մեջ պառակտումների աճի է հանգեցնում: Օրենքի գերակայությունն ու մարդու իրավունքների հարգանքը համարում ենք Հայաստանի և նրա ժողովրդի լավ ապագայի հիմնարար գործոններ: Առանց այն էլ երկիրն արդեն իսկ բախվում է լուրջ մարտահրավերների: Մենք պարզապես պետք է մտածենք Լեռնային Ղարաբաղից բազմաթիվ փախստականների մասին, ովքեր այժմ ստիպված են նոր կյանք կառուցել Հայաստանում, և բոլոր այն հայերի մասին, ովքեր դեռևս գերության մեջ են Ադրբեջանում: Հետևաբար, Հայաստանին անհրաժեշտ է միասնություն և հասարակական համախմբվածություն:

Այս համատեքստում մենք նաև կոչ ենք անում միջազգային հանրությանը՝ ուշադիր հետևելու Հայաստանում տեղի ունեցող զարգացումներին և ակտիվորեն պահանջելու մարդու իրավունքների, մասնավորապես՝ կրոնական ազատությունների հարգանքը։

Հայ Առաքելական Եկեղեցին դարեր շարունակ եղել է հայ ինքնության հենասյունը և հոգևոր, սոցիալական ու մշակութային կայունության երաշխավորը, հատկապես այնպիսի ճգնաժամային ժամանակներում, ինչպիսին էր հայ բնակչության բռնի տեղահանումը Լեռնային Ղարաբաղից 2023 թվականին։ Մեր հայ քույրերի և եղբայրների հետ համերաշխությամբ աղոթում ենք արդարության, հաշտեցման և Հայաստանում եկեղեցու պաշտպանության համար»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Մտահոգիչ է այն բառամթերքի կիրառումը, որը հասարակության մեջ պառակտումների աճի է հանգեցնում. Ավստրիայի Եկեղեցիների Խորհուրդ