Ադրբեջանի նախագահն ուղղակի սուտ տվյալներ է հաղորդում հուշարձանների վիճակի մասին
Քաղաքական
17:55 07/07/2025

Ադրբեջանի նախագահն ուղղակի սուտ տվյալներ է հաղորդում հուշարձանների վիճակի մասին

Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքը գրում է.

«2025 թվականի հուլիսի 4-ին օկուպացված Արցախի Շուշի քաղաքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն Իրանի նախագահի հետ հանդիպման ժամանակ խոսեց Շուշի քաղաքի իսլամական մշակութային ժառանգության մասին: Մասնավորապես, լրատվականներով ցուցադրված տեսանյութում, Ալիևն Իրանի նախագահին ցուցադրում է Շուշիի Վերին մզկիթը և նշում, որ հայերը իբր հիմնահատակ քանդել են Շուշիի 17 մզկիթներից 16-ը, իսկ մեկը եղել է կիսաքանդ:

Դեռևս 2020 թվականի 44-օրյա պատերազմի ավարտից հետո, Ադրբեջանի նախագահը իր ելույթներում բազմիցս հայտարարել էր, թե իբր հայկական կողմը ոչնչացրել է Ղարաբաղի մզկիթները, հիմնահատակ քանդել դրանք: Իր ելույթներում նա նաև իրար հակասող թվային տվյալներ է բերում Ղարաբաղում եղած մզկիթների թվաքանակի մասին: Հակասական էին նաև մզկիթների ֆիզիկական վիճակի մասին նախագահի գնահատականները: Նրանք մի ելույթում հինովին ավերված են, մեկ այլ ելույթում՝ վնասված: Վերջին երկու տարում ավելի շատ խոսվում է հիմնովին ոչնչացված մզկիթների մասին: Ոչնչացված նշանակում է հիմնովին ավերված, սակայն այդ դեպքում տարակուսանք են առաջացնում պաշտոնական Ադրբեջանի կողմից «հայկական վայրագությունները» ցուցադրող կայքերի լուսանկարները, որոնք արվել են 2021-2022 թվականներին:

Չգիտես ինչու, մեծամասամբ ականատես ենք լինում կանգուն մզկիթների, իսկ մզկիթների մի մասն էլ վթարային վիճակում է, ինչն ի դեպ արձանագրվել է նաև ժամանակին Արցախի Հանրապետության Մշակույթի նախարարության կողմից: Նկատենք, որ Արցախի տարածքում փաստված մզկիթների զգալի մասը գյուղական մզկիթներ են: Դրանք հատակագծում ուղղանկյուն սրահներ են, չունեն աչքի ընկնող արտաքին տեսք: Արցախի գյուղական մզկիթները գրեթե չեն ուսումնասիրվել խորհրդային տարիներին: Դրանցից շատերի մասին չկան փաստացի տվյալներ՝ լուսանկարներ, գծագրեր, մեծ մասը չի հաշվառվել: Այդ պատճառով մզկիթների պարագայում խնդրահարույց է դրանց քանակի հարցը: Գրեթե չկան տեղեկություններ խորհրդային տարիներին այդ մզկիթների պահպանության վիճակի մասին: Արցախի տարածքում գտնվող գյուղական մզկիթներից հետազոտվել են միայն Ֆիզուլու շրջանի որոշ մզկիթները, վկայվել է դրանց՝ որպես գյուղական ակումբ և տնտեսական նպատակով կիրառումը: Հաշվի առնելով վերը նշվածը, խիստ տարակուսելի են մզկիթների թվաքանակը ներկայացնող թվերը: Դրանք խիստ տարբերվում են ժամանակին տեղում հաշվառված մզկիթների թվաքանակից: Ոչ պակաս կարևոր է, որ նախկին ԼՂԻՄ-ից դուրս գտնվող շրջանների հուշարձանների նորմալ ցանկ խորհրդային տարիներին չի եղել, եղածներն էլ խիստ թերի են, իսկ նորերը՝ ակնհայտ ուռճացված տվյալներով (Հովսեփյան 2024, 103, Garabaghli 2019, 69-71):

Արցախի Հանրապետության ձևավորումից հետո Արցախի իշխանությունների հոգածության ներքո հայտնվեցին նաև իսլամական հուշարձանները: Կարևոր է նշել, որ իսլամական հուշարձաններից շատերն առաջին անգամ գիտական ուսումնասիրության են ենթարկվել հայ հետազոտողների կողմից: Արցախի մշակույթի նախարարության կողմից կազմվել էին մի շարք դամբարանների և մզկիթների, այդ թվում՝ գյուղական մզկիթների փաստաթղթերը, պահպանության գոտիները: Արցախի մշակութային ժառանգությանը նվիրված գիտական հրատարակություններում անդրադարձ է կատարվել նաև այդ հուշարձաններին: Որոշակի քայլեր էին կատարվել նաև հուշարձանների հանրայնացման և պահպանության հարցում: 2010 թվականին ընթացիկ վերանորոգման աշխատանքներ էին կատարվել Աղդամի մզկիթում, վերանորոգվել և բարեկարգվել էին Շահբուլաղի ամրոցը և մզկիթը, Շուշիի Սեիդլի մզկիթը, իսկ 2019 թվականին ավարտվել էին Շուշիի Վերին մզկիթի հիմնանորոգման աշխատանքները: Հարկ ենք համարում նշել, որ Շահբուլաղի, Շուշիի Վերին մզկիթի վերանորոգումից առաջ դրանց շուրջ կատարվել էին հնագիտական պեղումներ, հետազոտվել էր տարածքը: Իհարկե, աշխատանքների ծավալները մեծ չէին, ինչը պայմանավորված էր առաջին հերթին ֆինանսական հնարավորություններով, կային նաև որոշակի խնդիրներ հուշարձանների պահպանության հարցում, ինչը երբեք չի թաքցվել և հանրայնացվել է (Հովսեփյան 2024, 103-104):

Անդրադառնալով Շուշի քաղաքի մզկիթներին, նշենք, որ Շուշի քաղաքում համաձայն 1988 թվականի ապրիլի 27-ի թիվ 145 որոշմամբ հաստատված և պետական պահպանության տակ առնված մշակույթի հուշարձանների ցանկի, եղել է 14 իսլամական հոգևոր կառույց: Դրանցից երկուսը քաղաքային Վերին և Ներքին մզկիթներն են, իսկ մնացյալը՝ թաղային աղոթատներ: Շուշիի մզկիթներին մանրամասն անդրադարձել է ադրբեջանցի հետազոտող Է. Ավալովը, ով դեռևս 1970-ական թվականներին նշում էր, որ Շուշիի թաղային աղոթատների մի մասը վթարային վիճակում է գտնվում՝ առկա են ճաքեր, փլուզումներ (Հովսեփյան 2024, 101-104, Авалов 1977, 80-106):

Շուշի քաղաքի մզկիթները նախքան 2020 թվականի քաղաքի օկուպացիան լուսանկարվել են բազմիցս: Դատելով լուսանկարներից, սրանք կանգուն են, մի մասը բավականին լավ վիճակում, մի մասում՝ առկա էին փլուզումներ, պատերին ճաքեր, ինչը համադրվում է Ավալովի կողմից ներկայացված տվյալներին: Նշենք, որ հուշարձանները մասնակի տուժել են նաև 1992 թվականին ռազմական գործողությունների հետևանքով: Բայց ասել, թե այդ հուշարձանները հիմնովին ավերվել են՝ ակնհայտ կեղծիք է, ինչը հեշտ ստուգելի է: Որոշ մզկիթներ վերանորոգվել են Արցախի Հանրապետության տարիներին: Սրանցից հատկապե նշելի է քաղաքի գլխավոր կամ Վերին մզկիթը, Սաաթլի մզկիթը, Մամայի մզկիթը, Հաջի Յուսիֆլի մզկիթը, Թազա մզկիթը: Վերջինս վերանորոգվել էր և տարածքում գործում էր երկրաբանության թանգարանը: Սաաթլի, Հաջի Յուսիֆլի, Մամայի մզկիթները վերանորոգվել էին մասնավոր միջոցներով: Նշենք, որ Շուշի մզկիթների և աղոթատների պարագայում կանգուն էին ոչ միայն շինությունները, այլ նաև անվնաս էին սրանց վրայի արաբատառ արձանագրությունները: Վերին մզկիթի տարածքում անվնաս էր նաև նրան կից գերեզմանոցը:

Այսպիսով, կարող ենք վավերացնել, որ Ադրբեջանի նախագահն ուղղակի սուտ տվյալներ է հաղորդում հուշարձանների վիճակի մասին»:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ադրբեջանի նախագահն ուղղակի սուտ տվյալներ է հաղորդում հուշարձանների վիճակի մասին