Դատախազի՝ «բուն գործողությունները պլանավորվում էին այս տարվա սեպտեմբերին» հայտարարությունից հետո Մանուկյանն արձագանքեց՝ «ոչ ճիշտ տեղեկություն տրվեց»
Քաղաքական
16:37 07/07/2025
Հայաստան

Դատախազի՝ «բուն գործողությունները պլանավորվում էին այս տարվա սեպտեմբերին» հայտարարությունից հետո Մանուկյանն արձագանքեց՝ «ոչ ճիշտ տեղեկություն տրվեց»

«Նշյալ գործողությունները պլանավորվել են իրականացնել ե՞րբ։ Ինչո՞ւ եմ հարցնում,  որովհետև սրա վերաբերյալ բազմաթիվ  սպեկուլյացիաներ, պնդումներ կան,  պնդում են՝ պլանը եղել է 2024 թվականի վերաբերյալ»,- ԱԺ-ում «Հայաստան» խմբակցության  պատգամավոր Արթուր Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագրի քննարկմանն այս հարցը ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը  տվեց գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին։

Դատախազն ասաց, որ  միջնորդագիրը ներկայացնել նշել է ժամանակահատվածը՝ 2024 թվականից մինչև 2025 թվականի մարտ ամիսն ընկած ժամանակահավածում իրականացված գործողություններն են։

«Եթե հասցրել եք  նայել ներկայացված ապացույցները, այդ թվում հեռախոսային խոսակցությունների վերծանումը, կտեսնեք, որ  տարբեր ժամանակահատվածներ են քննարկվում։ Քննարկվում է  վարչապետի վերադարձին ընդառաջ օդանավակայանը փակելը, քննարկվում են մայիսի ամսին  գործողություններ իրականացնելը։ Բայց բուն գործողությունները պլանավորվում էին սեպտեմբերին, կապվում էր եկեղեցական տոնի հետ»։

Ռուբեն Ռուբինյանը խնդրեց հստակ նշել՝ ո՞ր թվականի, Վարդապետյանը պատասխանեց.  «2025 թվական, այս այս տարվա սեպտեբերի մասին է խոսքը»։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն ասաց. «Պարոն Ռուբինյան, Հայաստանի գլխավոր դատախազ Աննա  Վարդապետյանը նոր ձեզ  ոչ ճիշտ, եթե չասեմ սուտ, տեղեկություն տվեց։ Այն ամբողջ մեղադրանքին, որին ծանոթացել ենք, Խաչվերաց տոնին գործողություն անելու մասին...  Երեք անգամ հարցրեցիք, ասում է՝ 2024 թվականի նոյեմբեր, 2025 թվականի մայիս, սեպտեմբեր։ Մի ձայնագրություն կա՝  2024 թվականի օգոստոսի 12-ին, ոտքի վրա խոսում են Խաչվերաց տոնին զանգվածային բան անենք, ուրիշ  որևէ ձայնագրությունում չկա Խաչվերացի օրերին  ինչ-որ բան անելու մասին։ Մամուլում Խաչվերաց տոնին որևէ քաղաքական զանգվածային գործողության մասին որևէ լուր չկա»։

Դատախազն ասաց. «Հստակ խոսակցություն կա՝ մինչև սեպտեմբերի 21-ն այդ հարցը պետք է լուծենք»։

Նշենք, որ ՔԿ հրապարակել էր հայտնաբերված «ժողովրդական անցման ստրատեգիան», որի վրա որպես տարեթիվ ու ամսաթիվ նշված է՝ «2024 թ. հուլիսի 23-ից մինչև սեպտեմբերի 30»։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Դատախազի՝ «բուն գործողությունները պլանավորվում էին այս տարվա սեպտեմբերին» հայտարարությունից հետո Մանուկյանն արձագանքեց՝ «ոչ ճիշտ տեղեկություն տրվեց»