Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ռուսաստանն արգելել է երկու ադրբեջանական արտադրողներից կաթնամթերքի ներմուծումը
«Ռոսսելխոզնադզորը» հուլիսի 11-ից արգելք է սահմանել ադրբեջանցի արտադրողների կողմից Ռուսաստան բոլոր տեսակի կաթնամթերքի ներմուծման վրա: Այս մասին հայտնել է գերատեսչության մամուլի ծառայությունը:
Հաղորդվում է, որ կիրառված միջոցառումները վերաբերում են «ALLBUY» ի և MILK PRODUCTS»-ի կողմից արտադրվող արտադրանքին:
«Որոշումը կայացվել է ադրբեջանական կողմից Ռուսաստանի տեսչական ծառայության՝ նշված կաթնամթերք արտադրողների մոտ ստուգում անցկացնելուց հրաժարվելու և Ռուսաստան իրենց արտադրանքի հետագա մատակարարումների նկատմամբ նրանց հետաքրքրության բացակայության հիման վրա»,-«Գազետա ռու»-ի փոխանցմամբ, ասվում է հաղորդագրության մեջ:
Գերատեսչության տվյալներով՝ միջոցառումները նախատեսված էին ԵԱՏՄ պահանջներին և չափանիշներին համապատասխանությունը ստուգելու համար: Նշվում է, որ նախատեսված ստուգումների պատճառներից մեկը մասնագետների կողմից 2024 թվականին անցկացված ստուգումների ժամանակ հայտնաբերված թերություններն էին:
Մինչ այդ, Ադրբեջանը որոշել էր սառեցնել Ռուսաստանի Դաշնության հետ տնտեսական ոլորտում համագործակցությունը և հրաժարվել որոշ բիզնես նախագծերի շուրջ բանակցություններ վարելուց:
Մոսկվայի և Բաքվի միջև հարաբերությունները սրվեցին Եկատերինբուրգում հունիսի 27-ին էթնիկ ադրբեջանցիների մի շարք ձերբակալություններից հետո։ Հուլիսի 1-ին Բաքվում ձերբակալվեցին ութ ռուսներ՝ Իրանից թմրանյութերի տարանցման, անօրինական նյութերի առցանց ապօրինի շրջանառության և կիբեռխարդախության կասկածանքով։