Մոռացե՛ք բոլորդ, Քարաբերդում նոր հանքեր չեն լինելու
Հասարակություն
19:36 09/07/2025
Հայաստան

Մոռացե՛ք բոլորդ, Քարաբերդում նոր հանքեր չեն լինելու

Բնապահպան, իրավապաշտպան Օլեգ Դուլգարյանը գրում է․

«Այսօրվա դեպքերը՝ ՀՀ Լոռու մարզի Փամբակ համայնքի Քարաբերդ գյուղում, որտեղ նոր ընկերություն է հայտ ներկայացրել ոսկու պաշարներ ուսումնասիրելու՝ հետագայում արդյունահանման նպատակով։ Այս թեմայով այսօր տեղի ունեցավ Քարաբերդի 11-րդ «պաշարումը», սկսած 2021 թվականից։

Արդեն 4 տարի է, ինչ տարբեր ընկերություններ փորձում են ոսկի որոնել Քարաբերդի այլ տարածքներում ևս, և բնակավայրը շարունակական սոցիալական լարվածության մեջ է գտնվում։

Այսօր լարվածությունն այնքան բարձրացավ, որ լսումները տապալվեցին, քանի որ մի կողմից կանգնած էին գյուղացիները, քաղաքացիներ Վանաձորից և բնապահպանները, իսկ մյուս կողմից՝ մի այլ խումբ քաղաքացիների, որոնք պաշտպանում էին նախաձեռնող ընկերությանը։

Քարաբերդն արդեն ունի մի ոսկու հանքավայր, որն արդեն իսկ զգալի էկոլոգիական ռիսկեր է առաջացրել։ Բացի այդ՝ այստեղ կա նաև մեծ քարի հանքավայր, ինչը է՛լ ավելի է մեծացնում գյուղի բնապահպանական ծանրաբեռնվածությունը։

Բա ինչքա՞ն կարելի է գյուղը անընդհատ լարված պահել։ Որքա՞ն կարելի է ռիսկեր ստեղծել այն տարածքի համար, որտեղ մարդիկ փորձում են զարգացնել զբոսաշրջություն՝ այդ թվում էկո-տուրիզմ, զբաղվում են գյուղատնտեսությամբ, մեղվաբուծությամբ։

Այս տարի, երկու ամիս առաջ, համայնքի բնակիչները թույլ չտվեցին մեկ այլ ընկերության իրականացնել հանրային լսում, սակայն նրանց կարծիքը անընդհատ անտեսվում է, և ձեռնարկվում են շարունակական փորձեր։

Այստեղ մենք գործ ունենք օրենսդրական բացերի հետ, որպեսզի 3 տարվա ընթացքում 11 անգամ լսումներ չիրականացվեն համայնքի կամքին հակառակ, անհրաժեշտ է օրենսդրական բարեփոխում. եթե համայնքի բնակիչները 3 անգամ մերժում են, ապա դա պետք է օրենսդրորեն ապահովի համայնքի «իմունիտետը», որ նոր փորձեր չլինեն։

Մենք գործ ունենք նաև տեղական քաղաքականության բացակայության հետ, երբ նույնիսկ 10 անգամվա փորձերը բավարար չեն համարվում։ Մինչդեռ հենց սկզբից պետք է համայնքային իշանությունից նախաձեռնողներին ներկայացված լինեին համայնքի զարգացման առաջնահերթությունները և նախկին լսումներում հնչած բնակիչների կարծիքները, որպեսզի նախաձեռնողներն էլ հասկանան՝ այս համայնքում նոր լսումներ չպետք է նախաձեռնվեն։

Ի դեպ, այս տարածքների համար պայքարում են մի քանի տարբեր ընկերություններ, որոնցից մեկի ներկայացուցիչները նույնպես եկել էին՝ դիտարկելու մեկ այլ ընկերության նախաձեռնության լսումներին և հետևելու տեղի ունեցողին։

Մոռացեք բոլորդ․ Քարաբերդում նոր հանքեր չեն լինելու։ Քարաբերդը այդքան մեծ չի»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Մոռացե՛ք բոլորդ, Քարաբերդում նոր հանքեր չեն լինելու