«Ֆեստիվառ». Սարոն ելույթ կունենա Արտաշատում, Ձախ Հարութը՝ Հրազդանում, Սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ տարբեր արտիստներ՝ Արմավիրում
Մշակույթ
16:47 09/07/2025
Հայաստան

«Ֆեստիվառ». Սարոն ելույթ կունենա Արտաշատում, Ձախ Հարութը՝ Հրազդանում, Սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ տարբեր արտիստներ՝ Արմավիրում

Օգոստոսի 23-ին, սեպտեմբերի 13-ին և սեպտեմբերի 21-ին՝ համապատասխանաբար Արտաշատում, Հրազդանում և Արմավիրում կանցկացվի «Ֆեստիվառ» երաժշտական-զբոսաշրջային փառատոնը:

«Փառատոնի՝ երրորդ անգամ անցկացումը ցույց է տալիս, որ այն շատ սպասված է, և ավելին՝ մեր մարզերում մշակութային կյանքի աշխուժացման շատ մեծ ներուժ կա: Առաջին «Ֆեստիվառն» այս տարի կունենանք օգոստոսի 23-ին, այնուհետև սեպտեմբերի 13-ին և սեպտեմբերի 21-ին՝ մեր երկրի Անկախության օրը՝ ապահովելով լրացուցիչ միջավայր այդ կարևոր տոնը նշելու համար»,- այսօրվա ասուլիսում ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

Նա նշել է, որ ըստ փառատոնի տրամաբանության՝ ամեն տարի այն պետք է անցկացվի տարբեր մարզերում ու քաղաքներում՝ ընդգրկելով ավելի լայն աշխարհագրություն:  

Ժաննա Անդրեասյանի խոսքով, «Ֆեստիվառը» ոչ միայն երաժշտական միջոցառում է, այլև ներքին զբոսաշրջության զարգացման միջավայր: Ֆեստիվառի շրջանակում կազմակերպվում են ցուցահանդես-վաճառքներ, հյուրընկալող բնակավայրերն ունենում են մեծաթիվ այցելուներ՝ զարգացնելով հյուրանոցային բիզնեսը, ռեստորանային ծառայությունները:

«Ծրագիրն ուղեկցվում է նաև շրջակա պատմամշակութային վայրեր և հուշարձաններ այցելությամբ. մեզ համար կարևոր է, որպեսզի «Ֆեստիվառը» դառնա նաև մեր երկիրը ճանաչելու կարևոր միջոց»,- ասել է նախարարը՝ կոչ անելով հանրությանը մասնակցել միջոցառումներին:

Ըստ նրա, նախարարության համար սա շատ կարևոր ծրագիր է, քանի որ ճանապարհ է բացել մյուս միջոցառումները վերաիմաստավորելու և պլանավորելու համար:

ԿԳՄՍ նախարարության հաղորդմամբ, ասուլիսում Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը ներկայացրել է փառատոնի անցկացման մանրամասները: Ըստ այդմ՝ օգոստոսի 23-ին «Ֆեստիվառի» շրջանակում Արտաշատում տեղի կունենա երգիչ Սարո Թովմասյանի  (Սարո)  համերգը՝ Karen Sevak Band-ի ուղեկցությամբ: Կլինի նաև տեղական ապրանքների վաճառք-ցուցահանդես, կգործեն տուրիստական մեքենաներ, որոնք կտեղափոխեն միջոցառման մասնակիցներին մարզի տեսարժան վայրեր: «Ֆեստիվառի» շրջանակում հաջորդ միջոցառումը տեղի կունենա սեպտեմբերի 13-ին Հրազդանում, որտեղ կանցկացվի Հարութ Փամբուկչյանի՝ Ձախ Հարութի մենահամերգը՝ Karen Sevak Band-ի նվագակցությամբ: Սեպտեմբերի 21-ին՝ Անկախության օրը, Արմավիր քաղաքի կենտրոնական հրապարակում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ հանդես կգան տարբեր արտիստներ, որոնց անունները կհայտարարվեն առաջիկայում:

Փառատոնն անցկացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ` Հանրային հեռուստաընկերության հետ համատեղ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Ֆեստիվառ». Սարոն ելույթ կունենա Արտաշատում, Ձախ Հարութը՝ Հրազդանում, Սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ տարբեր արտիստներ՝ Արմավիրում