Արարատի մարզում ողբերգական վրաերթ-ավտովթարից մահացել են մայրն ու 14-ամյա դուստրը
Իրավունք
10:01 09/07/2025
Հայաստան

Արարատի մարզում ողբերգական վրաերթ-ավտովթարից մահացել են մայրն ու 14-ամյա դուստրը

Հուլիսի 8-ին ողբերգական վրաերթ-ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը 21։20-ի սահմաններում Դաշտավան գյուղում Գեղարքունիքի մարզի բնակիչ 25-ամյա Գևորգ Ս․-ն իր վարած «BYD» էլեկտրոմոբիլով վրաերթի է ենթարկել հետիոտներ, Գեղարքունիքի մարզում հաշվառված, սակայն նշված գյուղում բնակվող 40-ամյա Աննա Գ․-ին և նրա դստերը՝ 14-ամյա Մոնիկա Կ․-ին ապա բախվել է Արարատի մարզի բնակիչ 41-ամյա Ներսես Ա․-ի վարած «Nissan Murano» մակնիշի ավտոմեքենային։

Վարորդը փախուստի չի դիմել և քաղաքացիների հետ փորձել է առաջին բուժօգնություն ցուցաբերել վրաերթի ենթարկվածներին։ Օպերատիվորեն դեպքի վայր ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում արձանագրել է Աննա Գ․-ի մահը, իսկ երեխային ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխել են «Մասիս»  բժշկական կենտրոն։

Մինչ դեպքի վայրում աշխատում էր քննչական խումբը «Մասիս» բժշկական կենտրոնից ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվում, որ վրաերթի ենթարկված երեխան վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով մահացել է։

Դեպքի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Մասիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Արարատի մարզում ողբերգական վրաերթ-ավտովթարից մահացել են մայրն ու 14-ամյա դուստրը