Հայոց Հովվապետը պատգամել է՝ մասնակից լինել Եկեղեցու հոգևոր ու ազգապահպան առաքելության իրականացմանը
Հասարակություն
17:48 10/07/2025
Հայաստան

Հայոց Հովվապետը պատգամել է՝ մասնակից լինել Եկեղեցու հոգևոր ու ազգապահպան առաքելության իրականացմանը

Հուլիսի 10-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի Բոստոնի Սուրբ Երրորդություն եկեղեցու ուխտավորներին և թեմի Հայաստան ծառայության ծրագրի պատանի մասնակիցներին՝ առաջնորդությամբ Տ․ Վազգեն քահանա Կուզույանի և Տ․ Թադեոս քահանա Բարսեղյանի։Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։ 

Հայցելով Վեհափառ Հայրապետի օրհնությունը՝ քահանա հայրերը նշել են, որ ուխտավորները Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին են այցելել իրենց ուխտը վերանորոգելու և Հայրենիքի հետ կապը զորացնելու առաքելությամբ։

Նորին Սրբությունը, իր հայրական օրհնությունը բերելով ներկաներին, գոհունակությամբ ընդգծել է ուխտավոր հայորդիների կողմից Հայրենիքի և Մայր Եկեղեցու հանդեպ դրսևորվող անկեղծ նվիրումն ու սերը։ Այս առնչությամբ Վեհափառ Հայրապետն իր գնահատանքն է հայտնել հոգևոր հայրերին՝ կարևորելով նմանօրինակ ուխտագնացությունների կազմակերպումը, հատկապես երկրի համար այս դժվարին ժամանակաշրջանում։

Հանդիպմանն Ամենայն Հայոց Կաթողիկոսն անդրադարձել է նաև սփյուռքահայ երիտասարդների համար Մայր Աթոռում կազմակերպվող կրթական ծրագրերին, որոնց նպատակն է զորացնել վերջիններիս հայոց լեզվի և պատմության իմացությունն ու հոգևոր գիտելիքները, ինչպես և հայրենասիրական ոգին ու ազգային գիտակցությունը։

Վեհափառ Հայարապետը ուխտավորներին հորդորել է իրենց զավակներին խրախուսել մասնակցելու վերոհիշյալ դասընթացներին, որոնք լինելու են շարունակական։

Հանդիպմանը Հայոց Հովվապետը պատգամել է ներկաներին հավատքով զորացած վերադառնալ իրենց համայնքները և նախանձախնդրորեն մասնակից լինել Եկեղեցու հոգևոր ու ազգապահպան առաքելության իրականացմանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Հայոց Հովվապետը պատգամել է՝ մասնակից լինել Եկեղեցու հոգևոր ու ազգապահպան առաքելության իրականացմանը