11 համայնքի իրականացրած 15 սուբվենցիոն ծրագիր պետական բյուջեից կհամաֆինանսավորվի 1 մլրդ 849 մլն դրամով
Տնտեսություն
12:15 10/07/2025
Հայաստան

11 համայնքի իրականացրած 15 սուբվենցիոն ծրագիր պետական բյուջեից կհամաֆինանսավորվի 1 մլրդ 849 մլն դրամով

«Ներկայացնում եմ ՀՀ համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերն ընդհանուր 1 մլրդ 849 մլն դրամով համաֆինանսավորելու վերաբերյալ որոշման նախագիծը»,-կառավարության նիստում զեկուցեց ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։

Նախարարն ասաց, որ այդ գումարով նախատեսվում է 11 համայնքի 15 ծրագիր համաֆինանսավորել. Արարատի մարզում՝ 3, Արմավիրի մարզում՝ 2, Գեղարքունիքի մարզում՝ 1, Լոռու մարզում՝ 3, Կոտայքի մարզում՝ 4, Սյունիքի մարզում՝ 2 ծրագիր:

Խուդաթյանն հայտնեց, որ ընդունվող որոշման հետ միասին 2025 թվականի պետական բյուջեից համայնքների սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորումը կհասնի 9 մլրդ 439 մլն դրամի:

Կառավարության նիստը վարող Տիգրան Խաչատրյանը թվարկեց մարզերին հատկացվող գումարների չափերը

Նիկոլ Փաշինյանի բացակայության պաըմաններում նախարարը ստիպված թվարկեց սուբվենցիոն ծրագրերով իրականացվող աշխատանքները:

«Որոշմամբ նախատեսվում է Սյունիքի մարզի Գորիս համայնքի սեփականություն հանդիսացող 7 միավոր՝ 57,7 հա ընդհանուր մակերեսով հողամասերն անհատույց սեփականության իրավունքով նվիրաբերել «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամին, որտեղ նախատեսվում է կառուցել smart կենտրոն, նաև COAF Smart Farm գյուղատնտեսական համալիրներ»,-զեկուցելով մյուս որոշումը՝  ասաց ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։

Նա զեկուցեց համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը նվիրաբերությամբ տրամադրելուն համաձայնություն տալու մասին կառավարության որոշումը:

Խուդաթյանի խոսքով՝ փոխվարչապետի՝ 2023 թվականի հոկտեմբերի 11-ի 702 որոշմամբ «Գորիսի համայնքային զարգացում» ծրագիրը որակվել է բարեգործական։

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն էլ ասաց, թե խոսքը ոչ ֆորմալ կրթության մասին է, աշխատանքը մի քանի տարի մեկնարկել է, և Սյունիքի մարզ մի շարք այցելություններ են եղել տեղանքը որոշելու համար:

«Ստեղծվող հնարավորությունները մի քանի հազար երեխաների համար են՝ սկսած 3 տարեկանից, քանի որ COAF-ի կրթական կենտրոնները ծառայություններ են մատուցում այդ տարիքից սկսած երեխաների համար, բայց նաև չափահաս երիտասարդների համար ծրագրեր կան»,-ասաց Անդրեասյանը և հավելեց, թե ուղղություններն են՝ տեխնոլոգիական հմտությունները, արվեստը, ստեղծագործական ունակությունների զարգացումը, գյուղատնտեսական բլոկը:

ԿԳՄՍ նախարարաը վստահեցրեց, որ մասնագիտական ուսուցման հնարավորություններ կստեղծվեն մեղվաբուծության, խոհարարության և այլ ուղղություններով։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
11 համայնքի իրականացրած 15 սուբվենցիոն ծրագիր պետական բյուջեից կհամաֆինանսավորվի 1 մլրդ 849 մլն դրամով