Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Խառնակչություն, զրպարտիչ նյութերի տարածում հավատացյալների շրջանում. Ո՞վ է կարգալույծ հռչակված Արմեն քահանա Մելքոնյանը
Իշխանությունները Հայ առաքելական սուրբ եկեղեցու և Վեհափառի դեմ արշավի ընթացքում ակտիվորեն օգտագործում են ՀԱԵ-ից երբևէ հեռացված, կարգալույծ եղած հոգեւորականներին։ Այսինքն՝ նրանց, ովքեր հոգեւոր ծառայության ընթացքում կոպիտ խախտումներ են թույլ տվել ու այսօր ակտիվորեն մասնակցում են քաղաքական միջոցառումներին։ Ովքեր են նրանք եւ ինչու են հեռացվել եկեղեցուց. «Փաստինֆո»-ի ուսումնասիրությունը հետաքրքիր տվյալներ է բացահայտել։
Նրանցից ամենաակտիվը կարգալույծ Արմեն(Սարգիս) քահանա Մելքոնյանն է։
Ինչպես հայտնի է՝ հունիսի 10-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարել է «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վեհարանը ազատելու եւ Կաթողիկոսական նոր ընտրություններ կազմակերպելու» մտադրությունը կյանքի կոչելու համար Համակարգող խումբ ձեւավորելու մասին։ Ընդ որում՝ անդամների ընտրությունը Փաշինյանն անձամբ է ստանձնել։ Շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ հենց Սարգիս Մելքոնյանն է որոշ առումով ստանձնել համակարգողի դերը, ով նախկինում աչքի է ընկել թե՛ հակապետական քայլերով, թե՛ հակաեկեղեցական ակտիվությամբ։
Արմեն քահանա Մելքոնյանը քահանայական օծումը ստացել է 1990 թվականին Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության հոգևոր իշխանության տարածքում՝ Բերիո թեմի (Սիրիա) առաջնորդ Տ. Սուրեն արք. Գաթարոյանի ձեռամբ՝ ծառայելու Սիրիայի հայկական համայնքներում։
Մի փոքր մեջբերում՝ «Հայկական գիտահետազոտական հանգույց» աշխատությունից (Հայոց Բերիոյ թեմի հրատարակություն).
«Հակառակ առաջնորդ Սրբազան հոր եւ թեմի ազգային իշխանության կողմից իրեն ընծայված վստահության եւ ձեռնտու պայմաններին՝ նա հազիվ մեկ տարի ծառայելով որպես քահանա, անհասկանալի պատճառներով հարցեր է ստեղծում։ Հարցն այնքան է խորանում, որ հասնում է Առաջնորդ Սրբազան Հորն ու ազգային իշխանություններին, որոնք, հարցը ուսումնասիրով, կատարվածը որակում են տհաս երիտասարդի արկածախնդրություն, ում նպատակը Հալեպ կամ այլ թեմ տեղափոխվելն է։
Առաջնորդ Սրբազան հայրը ներողամիտ գտնվելով՝ հրաժարվել է ծանր պատիժ կիրառել։ Որպես լուծում Արմեն քահանային ազատ վիճակի վկայագիր են տալիս, որպեսզի տեղափոխվի Բեյրութ և Դարեվանքում ապաշխարության շրջան անցնի և միայն դրանից հետո Վեհափառի ներողամտությանը կարժանանա։ Եվ, իրոք, 1991թ.-ին, Սրբազան Հորից ներողություն խնդրելով, նա տեղափոխվում է Անթիլիասի Դարեվանք։ Ապաշխարության և հոգևոր զղջման պատիժը կրելուց հետո՝ Վեհափառի և Բեյրութի Առաջնորդի համաձայնությամբ Տեր Արմենը հոգեւոր հովիվ է նշանակվում Հաճնի Ս.Գևորգ եկեղեցում, որտեղ ծառայում է մեկ տարի։ Ապա առաջնորդի տնօրինությամբ՝ հաստատվում է Նոր Սիսի Ս.Սարգիս եկեղեցում, որտեղ աշխատում է 4 տարի, մինչև 1996թ.-ը։
Երբ նա զգում է, որ իր այս արկածախնդիր նկարագրով դժվար է Բեյրութում քահանագործել, ծրագրում է Եվրոպա գաղթել ու այս ծրագիրը իրականացնելու համար բավական մեծ աշխատանք է իրականացնում ու իր ճարպկությամբ վերջապես հաջողում է Լիբանանի Հայոց թեմի առաջնորդից այլ թեմ փոխադրվելու ազատ վիճակի վկայագիր ստանալ։
1996 թվականին ընտանիքով գաղթում է Գերմանիա, ապա շրջիկ հոգևոր ծառայություն ծավալում Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակությունում ՝մասնավորապես Բելգիայի և Հոլանդիայի համայնքներում։
Ամեն տարի Թեմի Ազգային Առաջնորդարանն իր բարյացակամ և ներողամիտ վերաբերմունքով Տեր Հոր զինվորական հետաձգման վկայագիր է տալիս Արմեն քահանային»։ Այդ ընթացքում նրա գործունեությունը պարբերաբար ընդգրկվել է Մայր Աթոռի Պարգևների շնորհման և կարգապահական հարցերի հանձնախմբի օրակարգում՝ մասնավորաբար առանց հոգևոր իշխանության արտոնության իր ծառայության վայրից դուրս գործունեություն իրականացնելու և եկեղեցական իշխանության նկատմամբ զրպարտչական, անարգալից բնույթի լուրեր տարածելու ու հավատացյալների շրջանում խառնակչություն և գայթակղություն ստեղծելու համար։
Սույն անձը 2016 թ.-ին հանդես է եկել ի պաշտպանություն «Սասնա Ծռերի», իսկ 2018թ․ մասնակցել է՝ «Նոր Հայաստան՝ նոր Հայրապետ» նախաձեռնությանը՝ պահանջելով Վեհափառ Հայրապետի հրաժարականը։ Նա կարգալուծ է հռչակվել 2025 թ. մարտին։
Սարգիս Մելքոնյանի գործունեության հետաքրքիր դրվագները՝ սկզբնաղբյուր կայքում։