«Ժողովուրդ». Էջմիածնի նախկին քաղաքապետ Դիանա Գասպարյանը Հակակոռուպցիոն կոմիտե է հրավիրվել և հարցաքննվել
Օրվա մամուլ
07:52 11/07/2025
Հայաստան

«Ժողովուրդ». Էջմիածնի նախկին քաղաքապետ Դիանա Գասպարյանը Հակակոռուպցիոն կոմիտե է հրավիրվել և հարցաքննվել

«Ժողովուրդ» թերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ Հակակոռուպցիոն կոմիտե է հրավիրվել և հարցաքննվել Էջմիածնի նախկին քաղաքապետ Դիանա Գասպարյանը։ Մայիսի 15-ին Էջմիածնի ՔՊ-ական քաղաքապետ Դիանա Գասպարյանը հայտնեց, որ հրաժարական է տալիս։ Կուսակիցները նրա հրաժարականի պատճառների մասին մինչև օրս չեն խոսում՝ նշելով, որ Գասպարյանի ներկայացրած պարզաբանումներին ավելացնելու ոչինչ չունեն:

37-ամյա Դիանա Գասպարյանը, որի ընտանիքի անդամները նրա պաշտոնավարման ընթացքում աղմկահարույց տարբեր պատմություններում էին հայտնվել, որոշեց հրաժարական տալ՝ պատճառաբանելով, թե 7 տարվա պաշտոնավարումից հետո որոշել է ժամանակն այսուհետև նվիրել ընտանիքին:

Մինչ քաղաքապետ Գասպարյանը հրաժարականի պատճառների մասին է խոսում, Հակակոռուպցիոն կոմիտեն գործի է անցել, ու առաջիկայում Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանի ընտանիքի շուրջ աղմկահարույց գործընթացներ են սկսվելու։ Իսկ ինչ գործընթացների ու մեղադրանքների մասին է խոսքը, և առհասարակ ինչ վարույթով է Հակակոռուպցիոն կոմիտեն մտնում Գասպարյանի տուն։

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ 2024 թվականին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, ուսումնասիրելով «Հետք»-ի՝ «Դիանա Գասպարյանի սկեսուրն Էջմիածնում ապօրինի շինարարություն է սկսել» վերնագրով հոդվածը, նյութերն ուղարկել է Գլխավոր դատախազություն, որի հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ:

Գլխավոր դատախազությունից հաստատել էին քրեական վարույթ նախաձեռնելու փաստը և հայտնել, որ այն միացվել է «Հետք»-ի նույն հրապարակման հիման վրա ավելի վաղ հարուցված վարույթին: Նշենք, որ Հակակոռուպցիոն կոմիտեում է քննվում պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները չարաշահելու, ինչպես նաև հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելու կամ տվյալները թաքցնե- լու դրվագներով նախաձեռնված քրեական վարույթը»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Ժողովուրդ». Էջմիածնի նախկին քաղաքապետ Դիանա Գասպարյանը Հակակոռուպցիոն կոմիտե է հրավիրվել և հարցաքննվել