37 տարի առաջ հենց այս օրը հռչակվեց որոշում Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի՝ Ադրբեջանական ԽՍՀ կազմից դուրս գալու մասին
Քաղաքական
12:19 12/07/2025
Հայաստան

37 տարի առաջ հենց այս օրը հռչակվեց որոշում Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի՝ Ադրբեջանական ԽՍՀ կազմից դուրս գալու մասին

37 տարի առաջ՝ 1988 թվականի հուլիսի 12-ին, Լեռնային Ղարաբաղի մարզխորհրդի նստաշրջանը հռչակեց Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի՝ Ադրբեջանական ԽՍՀ կազմից դուրս գալու մասին։

1988 թվականի հուլիսի 12-ին ընդունված պատմական փաստաթղթում նշվում է, որ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը հնարավոր է լուծել միայն Ադրբեջանի Սոցիալիստական Հանրապետության կազմից դուրս գալու և Հայկական Սոցիալիստական Հանրապետությանը միանալու միջոցով։ Օրվա առիթով ԼՂ փախստականների իրավապաշտպան միությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է. 

«Փաստաթղթում ընդգծվում է, որ սա Լեռնային Ղարաբաղի բնակչության պետական կամքն է, որն իրենից ներկայացնում է ազգերի ինքնորոշման իրավունքի իրականացում՝ որպես բազմազգ միութենական պետության ազգային պետական կառուցվածքի հիմք։ Իսկ այդ քայլի պատճառը տասնամյակներ շարունակ իրականացվող Ադրբեջանի հակահայ քաղաքականությունն էր․ Ադրբեջանի ղեկավարության կողմից վարվող հայատյացությամբ, կանխամտածված ու համակարգված գործողությունների արդյունքում ԼՂ ինքնավար մարզի տարբեր քաղաքներում փակվում էին հայկական ուսումնական հաստատությունները, խեղաթյուրվում էր հայ ժողովրդի պատմությունը։ Գոյատևման նպատակով հայերը ստիպված էին լքել իրենց նախնիների օջախները և ապաստանել հեռավոր անկյուններում։

Փաստաթղթում նշվում է Լեռնային Ղարաբաղի մարզխորհրդի գործկոմին՝ սահմանված կարգով միջնորդություն ներկայացնելու և Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը Արցախի Հայկական Ինքնավար Մարզ վերանվանելու մասին։

Նշենք, որ Ժողովրդական դեպուտատների Լեռնային Ղարաբաղի մարզային խորհրդի նստաշրջանը հուլիսի 12-ի նիստով փաստորեն վերահաստատում և Լեռնային Ղարաբաղի հարցի լուծման միակ ընդունելի տարբերակ է համարում Հայկական Սոցիալիստական Հանրապետության Գերագույն Սովետի՝ դեռևս 1988 թվականի հունիսի 15-ի որոշման իրագործումը։

Իսկ վերջինիս համաձայն, Հայաստանի Գերագույն խորհրդի արտահերթ նստաշրջանը միաձայն կողմ էր քվեարկել Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի վերամիավորմանը՝ ընդառաջելով ԼՂԻՄ մարզխորհրդի դիմումին։ Քվեարկությունը հիմնված էր ԽՍՀՄ Սահմանադրության 70-րդ հոդվածի վրա, որը երաշխավորում է «ազգերի ազատ ինքնորոշման և Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների հավասար կամավոր միավորման» իրավունքը:

ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի նախագահության արտակարգ նիստը, սակայն, մերժեց հայերի վերամիավորման պահանջը՝ հղում կատարելով ԽՍՀՄ Սահմանադրության 78-րդ հոդվածին։ Այնուամենայնիվ, նիստում խոստացվեց ամրապնդել Լեռնային Ղարաբաղի ինքնավարությունը, բարելավել բնակչության կենսապայմանները, ձևավորել աշխատանքային խումբ՝ մարզում կարգուկանոնը վերահսկելու համար, ինչպես նաև ստեղծել պետական հանձնաժողով՝ հայ բնակչության բողոքները ուսումնասիրելու և հնարավոր միջոցներ մշակելու նպատակով։

Պետք է հիշեցնել, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը ծագել է դեռևս 1921 թվականի հուլիսի 5-ին, երբ Ստալինի անմիջական մասնակցությամբ, առանց հաշվի առնելու հայ ազգաբնակչության կամքը, որը բացարձակ մեծամասնություն էր՝ 94.6 տոկոս, Լեռնային Ղարաբաղը ներառվեց Ադրբեջանի Սոցիալիստական Հանրապետության կազմում։

Հարցը հետագայում սրվեց, երբ Ադրբեջանի խտրական քաղաքականությունը միտումնավոր կերպով արգելակում էր Լեռնային Ղարաբաղի սոցիալ-տնտեսական զարգացումը և ուղղված էր Ինքնավար Մարզի հայաթափմանը և ապահայկականացմանը։ Հայկական հուշարձանները և մշակութային ժառանգությունը ոչնչացվում էին կամ ներկայացվում իբրև ադրբեջանական ծագում ունեցող։ Էթնիկ խտրականության պայմաններում Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությունը երբեք չի հրաժարվել ազատ ու անկախ ապրելու իր կամքից՝ ի հեճուկս Ադրբեջանի ցեղասպան գործողությունների։

Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միությունը վերահաստատելով ՄԱԿ-ի Կանոնադրությամբ ամրագրված ազգերի ինքնորոշման իրավունքը՝ ընդգծում է, որ Լեռնային Ղարաբաղի հայ ժողովրդի՝ իրենց պատմական հայրենիքում ազատ ու անվտանգ ապրելու իրավունքը միջազգային իրավունքի հիմնարար սկզբունք է։ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 1970 թ․ հոկտեմբերի 24-ի 2625 (XXV) բանաձևում, հստակ նշվում է, որ ցանկացած ժողովուրդ իրավունք ունի՝ առանց արտաքին միջամտության, ազատորեն որոշելու իր քաղաքական կարգավիճակը և ապահովելու սեփական տնտեսական, սոցիալական և մշակութային զարգացումը։

Լեռնային Ղարաբաղի հայ ժողովրդի՝ իրենց պատմական հայրենիքից բռնի տեղահանությունը Արցախի իրենց պատմական բնակավայրերից մշակութային և կրոնական ժառանգության համակարգված ոչնչացմամբ խաթարել և խաթարում է ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրագործումը, կասեցնում նրանց գոյությունը և սպառնում սերունդների հիմնարար իրավունքներին։

Մենք հորդորում ենք միջազգային հանրությանը ձեռնարկել գործուն քայլեր՝ ապահովելու բռնի տեղահանված հայ բնակչության կամավոր, անվտանգ և արժանապատիվ վերադարձը՝ ուղեկցված միջազգային երաշխիքներով, որոնք կապահովեն նրանց իրավունքների լիարժեք իրագործումը տեղում»։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
37 տարի առաջ հենց այս օրը հռչակվեց որոշում Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի՝ Ադրբեջանական ԽՍՀ կազմից դուրս գալու մասին