Էջմիածնի ծաղկեգործները բողոքի ակցիա են անում՝ չեն կարողանում ծաղիկներն արտահանել ՌԴ
Հասարակություն
17:57 14/07/2025
Հայաստան

Էջմիածնի ծաղկեգործները բողոքի ակցիա են անում՝ չեն կարողանում ծաղիկներն արտահանել ՌԴ

Էջմիածին քաղաքի Զվարթնող գյուղի ծաղկեգործները բողոքի ակցիա են անում, նրանք ծաղիկներով ուզում են փակել Էջմիածին –Երևան մայրուղին։

Ծաղկագործները բողոքում են, որ չեն կարողանում իրենց ծաղիկներն արտահանել Ռուսաստան։ Նրանք իրենց արտադրանքի մեծ մասը հենց ՌԴ են արտահանում։

«Ինչ անեմ այսքանը ծաղիկը, վաղը երկու անգամ ավելի շատ եմ քաղելու։ 8 միլիոն դրամի վարկեր ունեմ, աշխատողներ ունենք, ստիպված ասում ենք մի եկեք, տեսնենք՝ ինչ է լինում։ Արդեն 5 միլիոնի վնաս ունեմ։ Դեռ ծաղիկ ունեմ, որ պետք է ծաղկի»,- նշեց ծաղկեգործը։

Ռուսաստանի Ռոսսելխոզնադզոր դաշնային ծառայությունը հայտնել էր՝ մտադիր է 2025-ի հունիսի 16-ից ժամանակավոր արգելք սահմանել Հայաստանից Ռուսաստան ծաղիկների ներմուծման վրա։ Ծառայությունից հայտնել են, որ այս որոշումը պայմանավորված է Հայաստանից մատակարարվող ծաղիկների մեջ բարձր բուսասանիտարական ռիսկ ունեցող կարանտինային վնասատուների բազմակի հայտնաբերմամբ։

Աղվան Ասլանյանը պնդում է, որ իրենց ծաղիկները նման վարակ չունեն. «Մենք պայքարում ենք, որ իդեալական ծաղիկներ լինեն։ Ծաղիկը եթե վարակված լինի, որակով չի լինի, հաստատ չենք կարող վաճառել, նույնիսկ այստեղ։

Թուղթ չեն տալիս, որ հասցնենք սահման։ Ուղղակի չենք կարող բարձել ու հասնել սահման։ Պետք է լիցենզիա տան, ստուգեն, որ վարակված չէ»,- ասաց Աղվան Ասլանյանը։  

Հարցին՝ ինչո՞ւ չեն անում, նա պատասխանեց, որ պետք է ուղղություն ցույց տան, ասենք՝ այսպես անել, այնպես անել. «Եթե մեկ օր անտեսեմ ծաղիկները, ջերմոցներս կփաչնան»։ 

Նա ասաց, որ պատկան մարմիններից որևէ մեկը չի հետաքրքրվում իրենց խնդրով։ 

«Ով է գյուղացուն լսում։ Ոչ ոք չի եկել»,- նշեց Աղվան Ասլանյանը։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Էջմիածնի ծաղկեգործները բողոքի ակցիա են անում՝ չեն կարողանում ծաղիկներն արտահանել ՌԴ