Ահազանգ՝ Ստեփանավանի «Ալլեա» ծառուղու ծառահատման փաստի մասին
Հասարակություն
20:45 16/07/2025
Հայաստան

Ահազանգ՝ Ստեփանավանի «Ալլեա» ծառուղու ծառահատման փաստի մասին

Ստեփանավանի «Լոռե» էկո֊ակումբի նախագահ Մանյա Մելիքջանյանն ահազանգում է․

«Ստեփանավանի «Ալլեա» ծառուղու ծառահատման փաստի մասին

Մենք՝ Ստեփանավանի «Լոռե» էկո֊ակումբի անդամներս, մեր մտահոգությունն ենք հայտնում ս.թ. հուլիսի 14֊ին տեղի ունեցած հերթական ծառահատման կապակցությամբ Ստեփանավանի «Ալլեա» ծառուղում(վերևի հատվածում, նստարանի հետնամասում, որտեղ նաև կատարվել էր խոտհունձ)։ Ալլեան հանդիսանում է ոչ միայն քաղաքի բնապահպանական տեսարժան վայրը, այլև Ստեփանավանի բնութագիրը, պատմամշակութային և էկոլոգիական այցեքարտը։

«Ալլեա» ծառուղին, լինելով զբոսաշրջային և հանրային նշանակության տարածք, առանձնահատուկ կարևորություն ունի համայնքի կենսամիջավայրի պահպանման և զարգացման տեսանկյունից։ Ցավով արձանագրում ենք, որ ծառահատումները իրականացվել են առանց որևէ հանրային իրազեկման կամ թափանցիկ տեղեկատվության ներկայացման՝ անտեսելով համայնքի կարծիքն ու շահը։

Խնդրում ենք՝

Շտապ ուսումնասիրել ծառահատման իրավաչափությունը և դրա հիմքում ընկած թույլտվությունները (եթե առկա են),

Ներկայացնել պարզաբանում՝ ի՞նչ նպատակով և որ մարմնի կողմից է իրականացվել ծառահատումը,

Եթե արձանագրվի անօրինական գործողություն՝ համապատասխանաբար արձագանքել և իրականացնել պատասխանատուների նկատմամբ պատասխանատվության միջոցներ։

Ապահովել ծառուղու վերականգնման և պահպանման միջոցառումներ՝ ներգրավելով համայնքային կազմակերպություններին և բնակիչներին։

Մենք պատրաստ ենք մասնակցել քննարկումներին, հանրային լսումներին և առաջարկել համագործակցային մոդելներ ծառուղու վերականգնման և խնամքի ուղղությամբ։

Խնդրում ենք, հնարավորության դեպքում, նամակին պատասխանել գրավոր կամ էլեկտրոնային եղանակով»։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ահազանգ՝ Ստեփանավանի «Ալլեա» ծառուղու ծառահատման փաստի մասին