Քարաբերդ գյուղ վերադառնալու են ոսկի որոնողները՝ արդեն 12-րդ անգամ․ Դուլգարյան
Հասարակություն
20:22 16/07/2025
Հայաստան

Քարաբերդ գյուղ վերադառնալու են ոսկի որոնողները՝ արդեն 12-րդ անգամ․ Դուլգարյան

Բնապահպան, իրավապաշտպան Օլեգ Դուլգարյանը գրում է․

«Լոռու մարզի Քարաբերդ գյուղ վերադառնալու են ոսկի որոնողները՝ արդեն 12-րդ անգամ, ես դրանում վստահ եմ։

Ավելին, այս տարի՝ արդեն երրորդ անգամ։ Եվ կապ չունի՝ դա որ կամ ինչ ընկերություն է լինելու, միևնույնն է գալու են, քանի որ այդ տարածքներում ոսկի որոնելու և հանք շահագործելու քաղաքականությունը, ինչպես ապացուցում են տարիները և հանքեր բացելու ու ընդլայնելու 11 փորձերը, խրախուսվել է համայնքի բոլոր ժամանակների տեղական իշխանությունների կողմից։

Այդպես շարունակաբար, համայնքը մնում է սոցիալական լարվածության մեջ՝ այս ու այն կողմ ձգվելով։

2025 թ. հուլիսի 9-ին էր, երբ հերթական լսումներ անցկացնելու փորձը ձախողվեց, քանի որ Քարաբերդ գյուղի բնակիչները դեմ էին իրենց հողերում նոր հանքեր որոնելու և ընդլայնելու գաղափարին։ Եվ դեռ երկու ամիս առաջ՝ Փամբակում, կրկին թույլ չտվեցին լսումներ իրականացնել։

Քարաբերդ ասելով պետք է նշել, որ գյուղը հիմնականում բաղկացած է թոշակառու տարիքի մարդկանցից։ Այդ օրը՝ հուլիսի 9-ին, Քարաբերդում ես հիշեցի «Մարտի են գնում միայն ծերերը» հայտնի ֆիլմը։ Այդ տեսարանը և՛ հպարտություն էր առաջացնում, և՛ հուզմունք ու ափսոսանք։

Այդ օրը պապիկները դիմադրեցին Վանաձորից եկած մի խումբ երիտասարդների, ովքեր կողմ էին նախաձեռնությանը և փորձում էին գրեթե ուժով անցկացնել լսումները։ Սա լարվածություն առաջացրեց, ինչի արդյունքում համայնքի ղեկավարը ստիպված եղավ չեղարկել լսումները։

Բայց արդեն հաջորդ օրը՝ հուլիսի 10-ին, ըստ հավաստի աղբյուրների՝ հանքի կողմնակից խմբեր են եկել գյուղ, հանդիպել մարդկանց, խնջույքի ներգրավել, շռայլ խոստումներ տվել գյուղի զարգացման վերաբերյալ։ Վստահ եմ՝ եղել են նաև անհատականացված խոստումներ։

Նրանք կրկնել են՝ «բնապահպանները ստեր են տարածում» հայտնի նարատիվը, որոշ դեպքերում մարդկանց լարել՝ այլ մարդկանց դեմ, որպեսզի հասնեն իրենց նպատակին։

Ինչպես այդ օրից հետո մի քարաբերդցի տարեց ասաց․

«Էլ ուժ չունենք, երևի զենքերը վայր կդնենք ու կխոնարհվենք...»

Վատն այն է, որ սա արդեն տարիների ընթացքում կրկնվող սցենար է։ Փոխվում են միայն հող հայցող ընկերություններն ու մարդիկ։ Բնականաբար այս ամենը չի կարող տեղի ունենալ առանց տեղական իշխանության խրախուսանքի կամ առնվազն չգործության։

Այս շարունակական սոցիալական լարվածության և քաղաքականության միակ պատասխանատուն համայնքի տեղական իշխանությունն է։ Ուղղակի այլ հասցեատերեր այլևս չկան։

Այո՛, գալու են 12-րդ անգամ։ Եվ այս անգամ այդ լսումները լինելու են վերջին տարիների ամենամեծ հանրային լսումները, քանզի Հայաստանի տարբեր մարզերից, տարբեր բնակավայրերից բազմաթիվ մարդիկ են գալու՝ կանգնելու պապիկների կողքին։

Այդ օրը սպասվում են մեծ լսումներ, որոնց մասնակցելու են մարդիկ ամբողջ Հայաստանից՝ բնապահպաններ, ֆերմերներ, ակտիվ քաղաքացիներ, ԶԼՄ-ներ։ Լսումները ուղեկցվելու են մեդիաարշավով։

Մեդիաարշավի նպատակն է բացահայտել՝ ինչու է տեղի ունենում 12-րդ փորձը, ե՞րբ է լինելու 13-րդը և ի՞նչ են ուզում բոլոր ժամանակների ընկերությունները ու տեղական իշխանություններն այդ փոքրիկ, դատարկվող գյուղից ու նրա սարերից, որոնք դեմ առ դեմ են մարզկենտրոն Վանաձորին։

Ի դեպ՝ արդեն իսկ առկա հանքի քանդված լանդշաֆտները տեսանելի են Վանաձորի Արցախ պուրակից, և հանքի փոշին մշտական սպառնալիք է Վանաձորին։

Այդ օրը կներկայացվեն Քարաբերդում իրականացված օրգանական և բիոլոգիական փորձաքննությունների արդյունքները, որոնք ցույց կտան, թե արդեն իսկ առկա հանքը ինչ ռիսկեր է ստեղծում տվյալ տարածքի գյուղատնտեսության, զբոսաշրջության, կայուն զարգացման և մարդկանց առողջության համար։

Այսուհետ Քարաբերդում միայն մեծ լսումներ են լինելու։

Եվ մոռացե՛ք, թե՛ հայաստանյան, թե՛ օտարերկրյա ցանկացողներ՝

Քարաբերդում, որտեղ արդեն առկա է մեկ ոսկու և մեկ քարի հանքավայր, որոնք արդեն էկոլոգիական մեծ ծանրաբեռնվածություն են գյուղի համար, նոր հանքեր չեն լինելու»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Քարաբերդ գյուղ վերադառնալու են ոսկի որոնողները՝ արդեն 12-րդ անգամ․ Դուլգարյան