«Փաստ». Փաշինյանը ուղղակիորեն արձակեց Ադրբեջանի ու Թուրքիայի արյունոտ ձեռքերը՝ Արցախի օկուպացիա իրականացնելու, Արցախը հայաթափելու համար
Օրվա մամուլ
08:25 19/07/2025
Հայաստան

«Փաստ». Փաշինյանը ուղղակիորեն արձակեց Ադրբեջանի ու Թուրքիայի արյունոտ ձեռքերը՝ Արցախի օկուպացիա իրականացնելու, Արցախը հայաթափելու համար

«Փաստ» թերթը գրում է.

«Հետևելով Նիկոլ Փաշինյանի վերջին 4,5 ժամանոց ասուլիսին՝ առաջին տպավորությունն այն էր, որ նա ցանկանում էր ստելու, մանիպուլ յատիվ արտահայտությունների, զազրախոսության, բառային ագրեսիայի նոր ռեկորդ սահմանել: Կարծում ենք՝ դա նրան հաջողվեց:

Մեր այդ տպավորությունը հիմնավորող օրինակները շատ-շատ են, բայց նախ՝ դիտարկենք հիմնականներից մեկը: Փաշինյանն ասում է, թե 2022-ի հոկտեմբերի 6-ին ինքը ոչ միայն Արցախը ճանաչել է Ադրբեջանին պատկանող, այլև... ճանաչել է Հայաստանի տարածքային ամբողջականությունը: Սա ոչ միայն աբսուրդային հայտարարություն է, այլև հատուկ տակտիկա: Փաշինյանը միտումնավոր անում է այնպիսի հայտարարություններ, որ դրանք լսող նորմալ, բանական մարդու ուղեղը, պատկերավոր ասած, ճաքի:

Այսինքն, ըստ Փաշինյանի, ստացվում է, որ մինչ այդ Հայաստանի տարածքային ամբողջականությունն անճանաչ էր: Հասկանո՞ւմ եք, պետությունը, 1991-ից սկսած, միջպետական հարաբերություններ է հաստատել, միջազգային կառույցների ու կազմակերպությունների է անդամակցել (ՄԱԿ, ԵԽԽՎ, ՀԱՊԿ, ԵԱՏՄ և այլն), ունեցել է մի քանի իշխանություն ու ղեկավար, բայց... ՀՀ տարածքային ամբողջականությունը Նիկոլ Փաշինյանն է ճանաչել, այն էլ՝ Պրահայում, 2022 թվականի հոկտեմբերի 6-ին՝ ուրանալով Արցախը:

Ամենից կարևորը, որ պետք է ասել «ՀՀ տարածքային ամբողջականությունը ճանաչելու» մասով Փաշինյանի վերջին մանիպուլյատիվ հայտարարության վերաբերյալ, այն է, որ 2022-ի հոկտեմբերի 6-ին Պրահայում նման «ճանաչում» անելով՝ ինքն ուղղակիորեն արձակեց Ադրբեջանի ու Թուրքիայի արյունոտ ձեռքերը՝ Արցախի օկուպացիա իրականացնելու, Արցախը հայաթափելու, ըստ էության՝ Արցախի հայության հանդեպ ցեղասպանական ոճիր գործելու համար:

Սա է էականն ու փաստականը, եթե «ասուլիսային», կներեք, լոլոները դնենք մի կողմ: Կամ, օրինակ՝ հայտարարում է, թե՝ Հայրենիքի մի մասը կորցրել ենք, բայց պետություն ենք ձեռք բերել: Նկատի ունի, որ Արցախը ուրանալու, հանձնելու փոխարեն, ինքը՝ Փաշինյանը, ձեռքբերում ունի, այն է՝ Հայաստանն ու ՀՀ ինքնիշխանությունը: Սա ավելին է, քան մանիպուլյացիան:

Սա, եթե խորամուխ լինենք, գաղափարաքաղաքական դիվերսիա է հենց Հայաստանի Հանրապետության դեմ: Ողջ հարցն այն է, որ ՀՀն, որպես ինքնիշխան պետականություն, հենց Արցախյան շարժման արդյունք է: Ավելին, ՀՀ սուբյեկտայնությունն ու տարածաշրջանային, աշխարհաքաղաքական կշիռը անցած տասնամյակներին ապահովվել է հենց Արցախյան ազատամարտի ու Արցախի առկայության շնորհիվ: Եվ եթե դու ուրանում ես Արցախը, ապա ՀՀ-ի տակից քաշում-հանում ես իր հիմնական հենասյուներից մեկը։

Բայց մի հարց էլ կա Փաշինյանի նշած «ձեռքբերման» պահով: Լավ, ինչ կարգի անձնավորություն, ինչ նկարագրի տեր պետք է լինել, որպեսզի հազարավոր երիտասարդ զինվորականների կորուստը, հայրենիքի մի մասի կորուստը, հազարամյա սրբավայրերի կորուստն ու թշնամու կողմից ապականումը համարես... ձեռքբերում:»։

Մանրամասները թերթի այսրվա համարում

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Փաստ». Փաշինյանը ուղղակիորեն արձակեց Ադրբեջանի ու Թուրքիայի արյունոտ ձեռքերը՝ Արցախի օկուպացիա իրականացնելու, Արցախը հայաթափելու համար