«Ժողովուրդ». Երկու տարի է անցել ԱՆԻՖ-ի գործի քննությունից, և որևէ մեղադրյալ չկա պետբյուջեից անհետացած 25 մլրդ դրամի վերաբերյալ
Օրվա մամուլ
08:09 22/07/2025
Հայաստան

«Ժողովուրդ». Երկու տարի է անցել ԱՆԻՖ-ի գործի քննությունից, և որևէ մեղադրյալ չկա պետբյուջեից անհետացած 25 մլրդ դրամի վերաբերյալ

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Պետական վերահսկողական ծառայությունը (ՊՎԾ)՝ հակակոռուպցիոն համակարգում առանցքային դեր ունեցող մարմինը, արդեն 4 օր է փաստացի մնացել է առանց ղեկավարի։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռ չի գտել այն «ցանկալի և վստահելի» անձին, որը կփոխարինի 2021թ. դեկտեմբերից ՊՎԾ ղեկավար նշանակված Ռոմանոս Պետրոսյանին։

Բացի դրանից, ինչպես հայտնի է դարձել «Ժողովուրդ» օրաթերթին, ծառայությունում այս պահին բացակայում են նաև մի շարք առանցքային պաշտոններ զբաղեցնող անձինք, որոնք Պետրոսյանի հետ գործուղվել են ՀԷՑ, ինչը կառույցը դարձնում է գործնականում անաշխատունակ։

Հիշեցնենք՝ Ռոմանոս Պետրոսյանը պաշտոնավարման ընթացքում հայտարարել էր, թե Պետական հետաքրքրությունների ֆոնդին՝ ԱՆԻՖ-ին հատկացված պետական միջոցները ծախսվել են ոչ արդյունավետ: Նիկոլ Փաշինյանն էլ հպարտանում էր իր ասուլիսներից մեկի ժամանակ, թե ՊՎԾ-ն է բացահայտել ԱՆԻՖ-ի չարաշահումները: Սակայն 2 տարի է անցել գործի քննությունից, և որևէ մեղադրյալ չկա պետբյուջեից անհետացած 25 մլրդ դրամի կամ մոտ 70 մլն դոլարի վերաբերյալ:

Օրերս «Ժողովուրդ» օրաթերթի հարցին, թե ինչու ԱՆԻՖ հիմնադրամի վերաբերյալ մինչև օրս որևէ պատասխանատու անձ չի պատժվել, Ռոմանոս Պետրոսյանը պատասխանեց.

-Լիազորված չեմ պատասխանելու, նախաքննական մարմնին դիմեք։

-Արդյոք իրավապահները կաշկանդվա՞ծ են:

-Քաղաքական կամքը մեր թիմում անձամբ վարչապետի կողմից դրսևորվել է նաև մեր վերահսկողությունն իրականացնելու օրինակով:

-Ապա ի՞նչ են այսքան տարի քննում:

-Չեմ կարող ասել:

-Նիկոլ Փաշինյանն ու Տիգրան Ավինյանն ի՞նչ կապ ունեն այս ամենի հետ:

-Չեմ կարող ասել, նախաքննական մարմնին դիմեք: Ես իրավասու չեմ:

Այսպիսով, թեպետ Ռոմանոս Պետրոսյանը պարծենում էր իր բացահայտումներով, սակայն գործի վերաբերյալ իրավապահները 2 տարի է քննում են, բայց ապացույց չեն գտնում, որ որևէ մեկին պատժեն: Ավելին՝ ԱՆԻՖ-ի տնօրեն Դավիթ Փափազյանը հայտարարել է, որ ՊՎԾ բացահայտումները դատարկաբանություն են: Հիմա այս անձնավորությունը գնացել է՝ ՀԷՑ-ում բացահայտումներ անելու»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Ժողովուրդ». Երկու տարի է անցել ԱՆԻՖ-ի գործի քննությունից, և որևէ մեղադրյալ չկա պետբյուջեից անհետացած 25 մլրդ դրամի վերաբերյալ