ՀԷՑ-ի դեմ գործընթացը եղավ Եկեղեցու մասին Սամվել Կարապետյանի հայտարարությունից հետո. Ղազինյան
Քաղաքական
09:57 23/07/2025
Հայաստան

ՀԷՑ-ի դեմ գործընթացը եղավ Եկեղեցու մասին Սամվել Կարապետյանի հայտարարությունից հետո. Ղազինյան

«Ես պատրաստ էի աշխատել, եթե մեր ու կառավարչի նպատակները համապատասխանեին, բայց իր ժամանումից հետո նրա առաջին իսկ բառը եղավ՝ «ձև չունի մնալու»։ Դրանից հետո ես եմ լրագրողների հետ ճեպազրույց ունեցել, բարձրացել եմ աշխատասենյակ, չեմ հանդիպել նրա հետ (Ռոմանոս Պետրոսյանի,- հեղ.) ու ցանկություն էլ չեմ ունեցել։ Օրվա վերջում ստացել եմ ազատման հրամանը, որի հիմքում դրված էր ԶԼՄ-ներին տված իմ հարցազրույցը և այն, որ ես իրեն մեղադրել եմ ստերի մեջ։ Այստեղ իրավաբանություն ուղղակի գոյություն չունի»,-«Պրեսսինգ» հաղորդաշարին ասել է ՀԷՑ ընկերության գլխավոր տնօրենի նախկին տեղակալ, իրացման տնօրեն Դավիթ Ղազինյանը։

Նա ընդգծել է, որ ՀԷՑ-ի դեմ այս գործընթացն ի սկզբանե քաղաքական է, և ինքը բազմաթիվ ապացույցներ է բերել։

«Մենք միշտ էլ ամենօրյա քննարկումներ ենք ունեցել ՀԾԿՀ-ի ու ՏԿԵ նախարարության հետ։ Բանավիճել ենք, քննարկել, ընդունել խնդիրները, որոնք կան։ Բայց անգամ մոտ կարծիք կամ խոսույթ, որ ամեն բան կարող է գնալ այս սցենարով, ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, չի՛ եղել։ Դա եղավ Եկեղեցու մասին Սամվել Կարապետյանի հայտարարությունից հետո։ Սա՝ մեկ։

Ես չգիտեմ՝ իշխող քաղաքական ուժին ով կամ ովքեր են իրավաբանական խորհուրդներ տալիս, բայց եթե երկրի ղեկավարն ԱԺ-ում հայտարարում է, որ հուլիսին ՀԷՑ-ից ազատվելու կամ դատվելու են մարդիկ, հարց է ծագում՝ ըստ օրենքի՝ ՀԾԿՀ-ն անկախ մարմին է, ԱԺ-ն անկախ մարմին է, որտեղի՞ց գիտեր, որ նախ՝ ՀԷՑ-ի մասին իրենց ներկայացրած օրենքն անցնելու է, որովհետև տեսականորեն կարող էր նաև չանցնել, և բացի դրանից, օրենքի անցնելուց հետո 5 գործողություն կա։ Որտեղի՞ց գիտեր, որ վարույթ է հարուցվելու, կառավարիչ է նշանակվելու, և նա էլ մարդկանց է ազատում։

Եվ, երրորդ՝ ՀԷՑ կառավարիչ է նշանակվում իշխող ուժի կարկառուն ներկայացուցիչ։ Էլ ի՞նչ լինի, որ ՀԷՑ-ի դեմ այս գործընթացը համարվի քաղաքական։

Քաղաքի 40 տոկոսի հոսանքազրկումից հետո պետության ենթակայության ներքո գործող «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» (ԲԷՑ) ընկերությունն ինչ-որ չափով ընդունեց, որ խնդիրն իրենց հետ է կապված։ Մենք մեր կողմից բոլոր գործողություններն արել էինք։ Ինչքա՞ն պետք է անազնիվ լինել, որ ձեռքի տակ ունենալով բոլոր գրագրությունները՝ ՀԷՑ-ին դուրս բերել մեղավոր ու մի բան էլ դա ընդգրկեն կառավարության հաղորդման մեջ։ Այո, տարօրինակ հոսանքազրկումներով դժգոհություն էին գեներացնում հասարակության շրջանում ՀԷՑ-ի նկատմամբ»,-ասել է Ղազինյանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
ՀԷՑ-ի դեմ գործընթացը եղավ Եկեղեցու մասին Սամվել Կարապետյանի հայտարարությունից հետո. Ղազինյան