Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ԵԱՀԿ Մինսկի խումբը «պետք է հանձնվի պատմության արխիվին». Բաքվից հիշեցրել են նախապայմանները
Ադրբեջանը ցանկանում է, որպեսզի հայ ժողովուրդը վերջ դնի Ադրբեջանի նկատմամբ բոլոր տարածքային պահանջներին՝ Սահմանադրության համապատասխան փոփոխությունների միջոցով: «Ազատություն» ՌԿ-ի փոխանցմամբ, այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի արտաքին հարցերով խորհրդական Հիքմեթ Հաջիևը գերմանական Berliner Zeitung թերթին տված հարցազրույցում։
Ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյան նշել է, թե «կարևոր է ծայրաստիճան զգոն լինել հայկական հանրության մեջ ռևանշիզմի նոր ալիքի նկատմամբ»:
«Հայաստանը պետք է ուշադրություն դարձնի սեփական հանրության վրա: Հավատում եմ, որ այդ երկրի Սահմանադրության փոփոխությունները կդառնան կարևոր քայլ նման գործընթացների դադարեցման ուղղությամբ»,- հայտարարել է Հաջիևը:
Ադրբեջանցի պաշտոնյան դարձյալ պնդել է՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը «պետք է հանձնվի պատմության արխիվին»։
Հաջիևը նաև նշել է, թե հայ-ադրբեջանական բանակցություններում փոխհատուցումների հարց չի քննարկվում, միաժամանակ հավելել, որ Բաքուն, այդուհանդերձ, համապատասխան գնահատում է իրականացնում «Ադրբեջանին հասցված վնասի» վերաբերյալ:
«Համաձայն այդ գնահատականի՝ մեր երկրին հասցված ընդհանուր վնասը մոտենում է 150 միլիարդ դոլարին» ,- պնդել է Ադրբեջանի նախագահի օգնականը և գերմանական լրատվամիջոցին հավաստիացրել , որ տարածաշրջանում «խաղաղություն է տիրում, ռազմական բախումներ կամ լարվածություն Հայաստանի և Ադրբեջանի միջև օրակարգում այլևս չկա»: