Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հիսուս Աստծո Որդին է և Աստծո պատգամն է առաքյալներին և ողջ աշխարհին. «Նրան լսեցեք»:
Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու տաղավար տոնն է՝ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպությունը կամ Վարդավառն է: Վարդավառն ընդհանրություններ ունի Նավասարդյան տոների հետ, որոնք, ըստ էության, եղել են ամառային արևադարձի տոներ: Վերջիններիս փոխարինել է Հիսուսի՝ Կենդանի Արեգակի Պայծառակերպության տոնը, որտեղ Հիսուսի աստվածությունը բացահայտվում է լույսի ձևով. «Ես եմ աշխարհի լույսը» (Հովհաննես Ը 12):
Վարդավառը մշտապես կենսունակ և տարածված է եղել ոչ միայն Հայաստանում, այլ նաև այն գաղթօջախներում, որտեղ հայերն ապրել են: Այդ պատճառով տոնն ունեցել է նաև հարևան ազգերի կողմից տրված անուններ՝ Գյուվերջին փանայիրի (աղավնիների տոն), Ողլագ ղրան (ուլի մատաղ), Սու Զատկի, Սու պայրամ (ջրի տոն): Դրանք կապված են տոնի հիմնական խորհրդանիշներից մատաղի, ջրի, աղավնու հետ: Վերջիններս հիշեցնում են ժողովրդական այն ավանդությունը, ըստ որի Վարդավառը Նոյի և համաշխարհային ջրհեղեղի պատմության հիշատակն է:
Վարդավառի տոնին նախորդում է շաբաթապահք: Իսկ հաջորդ օրն, ինչպես տաղավար բոլոր տոներից հետո, Մեռելոց է. բոլոր եկեղեցիներում ննջեցյալների հոգիների համար մատուցվում է Ս. Պատարագ և կատարվում հոգեհանգիստ:
Պայծառակերպության տոնով հաստատվեց այն ճշմարտությունը, որ Հիսուս Աստծո Որդին է: Աստծո պատգամն է առաքյալներին և ողջ աշխարհին. «Նրան լսեցեք»:
Այս օրը ավանդաբար, նույնիսկ քաղաքների փողոցներում, երեխա ու մեծ իրար վրա ջուր են լցնում, ծիծաղ, աշխույժ աղմուկ տարածելով, իսկ թրջվելուց նեղացողներին էլ «մխիթարում» են, թե՝ «այս օրվա ջրվելը հաջողություն կբերի»։