Արցախյան 44-օրյա պատերազմի հերոս Ալեն Մարգարյանի կախարդական հեքիաթը՝ վերածված սառցե շոուի
Մշակույթ
15:13 29/07/2025
Հայաստան

Արցախյան 44-օրյա պատերազմի հերոս Ալեն Մարգարյանի կախարդական հեքիաթը՝ վերածված սառցե շոուի

Երևանում կկայանա սառցե շոուի պրեմիերա։ Շոուի հիմքում  Արցախյան 44-օրյա պատերազմի հերոս, Արցախի հերոս, «Ոսկե արծիվ» շքանշանի ասպետ Ալեն Մարգարյանի չքնաղ հեքիաթն է:

«Նոր հրաշքի նախօրեին» սառցե ներկայացումը Հայաստանի երեխաների և պատանիների նոր սերնդի համար է: Այն հիանալի գեղասահքի, շքեղ բեմական զգեստների և աներևակայելի գեղեցիկ երաժշտության համադրություն է:  Շոուի ընթացքում կհնչեն հռչակավոր կոմպոզիտորների հայտնի գործեր, սիրված սաունդթրեքներ մուլտֆիլմերից և կինոնկարներից: Ամանորյա հրաշքի մասին նոր հեքիաթն ուղեկցում են Պ.Ի. Չայկովսկու, Ռ. Վագների, է. Կռիլատովի, Ռ. Պաուլսի, Ա. Գրիգորյանի, Մ. Դունաևսկու և այլոց երաժշտական գլուխգործոցները:

«Հայ մշակույթի մեջ առաջին անգամ հայ հեղինակի ամանորյա պատմությունը կվերածվի սառույցի վրա գունեղ շոուի: Ալենի ստեղծած՝ Բարության և Ներելու  հզոր ուժի մասին հեքիաթն, անշուշտ, կջերմացնի հանդիսատեսի սրտերն ու կլցնի խանդավառությամբ: Ամանորյա տրամադրության անկրկնելի տեսարանը ստեղծվել է մի թիմի ջանքերով, որը շոուի մասնակից է դարձրել միայն հայաստանցի տաղանդավոր մարզիկ-գեղասահորդների և բարձրակարգ չմշկորդների:

Մանկուց մեզ ծանոթ հերոսներ ու նոր կերպարներ, բոլորի կողմից սիրված ամանորյա երաժշտություն, վարպետորեն կատարվող պարային համարներ, յուրօրինակ դեկորացիաներ և բեմական էֆեկտներ՝ այս ամենը հիասքանչ սառցե ներկայացման մեջ:

Այս նոր հեքիաթային արկածում Ամանորից ընդամենը մի քանի ժամ առաջ փերիներն ու խաղալիք-կենդանիները փորձում են իրենց բարության ու սիրո շնորհիվ վերադարձնել չար վհուկի կողմից խաթարված կախարդանքը։ Բոլոր հերոսների և Ձմեռ պապի համար գլխավորն ու ակնհայտն այն է, որ ոչ մի մութ ուժ ի վիճակի չէ չեղարկել, խափանել կամ ոչնչացնել Ամանորի գիշերվա դյութանքն ու գեղեցկությունը: Ոչ ոք չի կարող խոչընդոտ լինել կախարդական պարահանդեսը փերիների, հրեշտակների, տոնածառի խաղալիքների, Ձմեռ պապի և Ձյունանուշի հետ հրճվալից անցկացնելուն:

Հրաշքները միշտ շուրջդ են, հատկապես Ամանորի հեքիաթային գիշերը, գլխավորն այն է, որ Սրտից մշտապես ճառագեն Բարություն, Ջերմություն և Ներում»,- նշում են կազմակերպիչները։ 

Նախագծի մեկենասն է Ալենի մայրը՝ Նազելի Տերտերյանը, պրոդյուսերը՝ Զառա Մխեյանը, սցենարի հեղինակ և բեմադրող ռեժիսորը՝ Էմիլ Կարատը, պարուսույց-բեմադրիչը՝ Դմիտրի Լապշինը, զգեստների դիզայները՝ Կարինե Դնոյանը։

Սառցե շոուի պրեմիերա կկայանա դեկտեմբերի 20-ին և 21-ին ժամը 19.00-ին Երևանի «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ մարզահամալիրի փակ սահադաշտում։ 

 

 

 

 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Արցախյան 44-օրյա պատերազմի հերոս Ալեն Մարգարյանի կախարդական հեքիաթը՝ վերածված սառցե շոուի