Չկատարելով ՀԷՑ-ի մասով արբիտրաժի որոշումը՝ ՀՀ-ն վնասների փոխհատուցման պահանջի առջև է կանգնելու. Սուրեն Պարսյան
Տնտեսություն
16:55 29/07/2025
Հայաստան

Չկատարելով ՀԷՑ-ի մասով արբիտրաժի որոշումը՝ ՀՀ-ն վնասների փոխհատուցման պահանջի առջև է կանգնելու. Սուրեն Պարսյան

ՀՀ-ի համար ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ ՀԷՑ-ի նկատմամբ գործող իշխանությունների գործողությունները և միջազգային արբիտրաժային միջանկյալ որոշումների չկատարումը։ Հիմնախնդրի շուրջ Panorama.am-զրուցեց ՀՊՏՀ դասախոս, տնտեսագետ Սուրեն Պարսյանի հետ։

Ս.Պարսյան-ՀԷՑ-ի սեփականատերերը, օգտվելով 1995թ. Կիպրոսի և ՀՀ-ի միջև կնքված Ներդրումների պաշտպանության համաձայնագրից, դիմել էին միջազգային Ստոկհոլմյան արբիտրաժ, որպեսզի կարգավորեն ՀԷՑ-ի հետ կապված վեճը, որը ծագել էր ՍամվելԿարապետյանի քաղաքական հայտարարությունից հետո,ինչին հաջորդեց ԱԺ-ում հապշտապ օրենքի նախագծի ընդունումը, որով Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահին լիազորեց միանձնյա նշանակել ՀԷՑ-ի ղեկավար։

Հատկանշական է, որ սահմանադրական մարմին և կոլեգիալ որոշում կայացնող Հանձնաժողովի նախագահին օրենքով տրվեց բացառիկ վերապահում, այդպիսի կարևորագույն ոլորտում նշանակել ղեկավար, ինչը մեկ անգամ ևս վկայում է, որ այս գործընթացն ավելի շատ քաղաքական էր, քան տնտեսական և իրավական։

Անշուշտ, այս ամենը չէր կարող տեղ չգտնել միջազգային արբիտրաժի որոշման մեջ, և վերջինս որպես հայցի ապահովման միջոց է դիտարկել այս հրատապ որոշումը, որով հայկական կողմին՝ ի դեմս Հայաստանի կառավարությանը, պարտավորեցրել է ձեռնպահ մնալ ՀԷՑ-ի ղեկավարության փոփոխության հարցում, ինչպես նաև չզրկել լիցենցիայից, չսահմանափակել ընկերության գործունեությունը, նաև թույլ տալ նրան շարունակել իր գործունեությունը՝ հաշվի առնելով օրենսդրական պահանջները և այդ գործընթացի վերաբերյալ միջազգային արբիտարաժում վերջնական վճռի կայացումը։

Հրատապ միջոցի կիրառումը շատ տարածված է, այն օգտագործվում է նաև մեր ազգային դատարաններում։ Մեր դատարանները նույն քաղաքացիական գործով կարող են միջանկյալ որոշումներ կայացնել հայցի ապահովման մասով, օրինակ՝ «գումարի սառեցում» կամ «գույքի առգրավում» և այլ ուղղությամբ, որը հետագայում թույլ կտա փրկել հայցապահանջով նախատեսված գույքի հնարավոր վնասները, կամ փոխհատուցել վնասները։

 Ինչպես վճիռը, այնպես էլ հայցի ապահովման որոշումը նույն իրավազորությունն ունեն։ Երբ Հայաստանի պաշտոնյաները հայտարարում են, թե իրենք պարտավոր չեն կատարել հրատապ միջանկյալ որոշումը, այլ կսպասեն վճռին, այն նույն է, թե ասեն, որ պարտավոր չեն կատարել ազգային դատարանների միջանկյալ որոշումները՝ կսպասեն վերջնական վճռին։

Անշուշտ այս երկու պարագաներում էլ նրանք պարտավոր են կատարել միջանկյալ որոշումները, բայց ինչպես միջազգային արբիտրաժային որոշումն, այնպես էլ վճիռը պետք է կողմերը կատարեն, որը սահմանված է 1958թ Նյու Յորքի կոնվենցիայով, որին միացել են 170 երկիր, այդ թվում՝ Հայաստանը։ Վերջինս պետք է այդ որոշումն իրականացնի, հակառակ դեպում հայցվորը՝ ՀԷՑ-ի սեփականատերը, կարող են դիմել Նյու Յորքի կոնվենցիային միացած այլ երկրի դատարանին՝ պահանջելով փոխհատուցել, կամ առգրավել Հայաստանի Հանրապետությանը պատկանող ակտիվներն ու գույքը։ Այսինքը, որպես միջանկյալ որոշման գործիք կարող է դառնալ Նյու Յորքի կոնվենցիան և այն կարող է կիրառվել այլ երկրի տարածքում, եթե Հայաստանի կատավարությունը կամ դատական համակարգը հրաժարվեն այն կատարել։ Ակնհայտ է, որ այն ՀՀ իշխանությունները հրաժարվել են անելուց։

Նշեմ նաև, որ նույն ՀԷՑ-ի սեպականատերերը կարող են պահանջել ոչ միայն նույն վճռի կատարում, այլ նաև կարող են նոր լրացում կատարել իրենց հայցադիմումի մեջ և պահանջել հայցի միջանկյալ որոշումների չկատարելու վնասների փոխհատուցում։ Այստեղ հանդես է գալիս հայցի ապահովման նոր պահանջ և ՀՀ կառավարությունը, չկատարելով որոշումը, ստիպված է լինելու արդեն վնասների փոխհատուցման պահանջի առջև կանգնել։

Ակնհայտ է, որ ՀՀ գործող իշխանություններն այդքան երկար չեն մտածում, նրանք հետաքրքրված են 2026 թ. ընտրություններով և կարծում եմ, որ այս միջանկյալ որոշումները, և վերջնական արբիտրաժային վճռի կայացումը կարող է տևել տարիներ ամիսներ և մինչ այդ նրանք իրենց քաղաքական խնդիրները կլուծեն։ Դրանից հետո նոր կմտածեն, թե ինչպես են փակում այդ գործը։

 Պատահական չէ, որ այս իշխանության օրոք մենք ունենք բազմաթիվ նման արբիտրաժային վեճեր, «ՍԱՆԻՏԵԿ»-ի , ԶՊՄԿ-ի, Ամուլսարի հետ կապված, Հյուսիս-հարավի կառուցապատողներից մեկի և այլ տնտեսվարողների հետ, որոնց պարագայում ևս ներկայումս քննություն կա միջազգային արբիտարաժային դատարաններում։

Գործող իշխանություններն, ըստ իրենց գործելաոճի, փորձում են այդ վճիռների կատարումը հետաձգել, ձգձգել պատեհ առիթ գտնելու համար։ Նույն պատեհ առիթը եղավ Ամուլսարի հանքավայրի դեպքում, երբ սեփականատերերը դատի էին տվել ՀՀ կառավարությանը, վերջինս պայմանավորվեց սեփականատերերի հետ՝ վերցնելով 12.5 % բաժնետոմսերը և 150 մլն դոլարի երաշխավորություն տրամադրեց վարկերի մասով։ Այսինքը, ՀՀ կառավարությունը դարձավ երաշխավորող Ամուլսարի նոր վարկային փաթեթի համար։ Կայացվեց արտադատական պայմանավորվածություն, որպեսի կարողանան արբիտրաժային վեճից դուրս գալ։ Միևնույն ժամանակ այն իրականացվեց ի հաշիվ պետական բյուջեի, շարքային քաղաքացու։

ՀԷՑ-ի դեպքում էլ արբիտրաժային գործընթացի բացասական հետևանքները  ճաշակելու են մեր քաղաքացիները, հարկատուները։ Այդ ժամանակ այս կառավարությունը, իշխանությունների լինել-չլինելն էական չէ, ակնհատ է, որ սեփականատարը մինչև վերջ գնալու է և փորձելու է այդ ամբողջ փոխատուցումը վերցնել, վնասները փակել։

Նույն ՀԷՑ-ի ղեկավարությունը, որը փոխվել է ՀԾԿՀ միջամտությամբ, հիմա տարբեր պաշտոնյաների է աշխատանքից հեռացնում՝ վստահություն կորցնելու հիմքով, և այլն, բայց այդ աշխատողները բավականին լուրջ հիմքերով դիմաելու են դատարաններ աշխատանքի վերականգնման պահանջով։ Վերջիններս մի օր վերականգնվելու են իրենց աշխատատեղերում և ՀԷՑ-ը պարտավոր է լինելու պարապուրդի մեջ գտնված աշխատակիցների աշխատավարձերը վճարել։

Այս կառավարությանը բնորոշ է այդպիսի աշխատելաոճ։ Տասնյակ գործեր կան, երբ նրանք հեռացնում են տարբեր աշխատողների, հետո վերջիններս հաղթում են տարբեր դատարաններում և իրենց վճարումներ են ստանում, պետական բյուջեից փոխհատուցում են, և որևէ պաշտոնյա իր նման ապօրինի, սխալ որոշման համար պատասխանատվություն չի կրել, այդ ամբողջ ֆինանսական բեռն ընկել է պետական բյուջեի վրա։ Այս պարագայում ևս նույն տրամաբանությամբ են նրանք գնում։   

Panorama.am-ՀԷՑ-ի նկատմամբ ՀՀ իշխանությունների, կառավարության այս գործողությունները ինչպե՞ս կազդի դեպ Հայաստան արտաքին ներդրումների վրա. գաղտնիք չէ, որ այստեղ առանց այն է աղետալի վիճակ է։

Ս.Պարսյան-Միջազգային արբիտրաժը համարվում է ներդրողների համար, սեփականության իրավունքի պաշտպանության մեխանիզմներից մեկը՝ անկախ, արդյունավետ, արագ և այլն։ Միջազգային ներդրողը, երբ տեսնում է, որ Հայաստանում միջազգային արբիտրաժի գործիքը չի աշխատում, մի քանի անգամ ավել կմտածի այստեղ գալու համար, նրան չի հետքրքրի, թե Հայաստանում շահութահարկը 18 % է կամ եկամտահարկը՝ 20%, այլ արտոնությունները և առավելությունները, իր թիվ մեկ խնդիրը լինելու է սեփականության իրավունքի պաշտպանության հնարավորությունից օգտվելը։ Այս պարագայում պետք է արձանագրել, որ այդ մեխանիզմը չի գործում, կամ շատ թույլ է գործում։ Ներդրողների համար այն բացասական ազդակ է։

Բացի մասնավոր ներդրողներից, սա բացասական ազդակ է նաև ինստիտուցիոն ներդրողների և տարբեր միջազգային վարկային կազմակերպությունների համար, որոնք կարող են հղում անելով միջազգային արբիտրաժային որոշումների չկատարմանը՝ Հայաստանին զրկել վարկային միջոցներից, փոխառություններց և այլ պայմանավորվածություններից, որոնք նախկինում եղել են։ Այսինքը՝ սա ՀՀ կառավարության համար կարող է բավականին լուրջ գլխացավանք դառնալ։ Այն կարող է լինել նաև այն դեպքում երբ այսպիսի քաղաքական տրամադրություն լինի Հայասստանի նկատմամաբ...

Հարցազրույցն ամբողջությամբ՝ կցված հեռախոսազրույցի ձայնագրությունում։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Չկատարելով ՀԷՑ-ի մասով արբիտրաժի որոշումը՝ ՀՀ-ն վնասների փոխհատուցման պահանջի առջև է կանգնելու. Սուրեն Պարսյան