Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Ակադեմիական քաղաք» նախագիծն ազդում է բուհերի պրոֆեսորադասախոսական անձնակազմի հոգեբանական վիճակի, կրթության որակի վրա. Փորձագետ
«Այս տարի բուհ դիմողների թիվը շատ էր, դրա պատճառով նախորդ տարվա համեմատ անցողիկ շեմն ավելի բարձր է եղել։ Իսկ ընդհանուր միտումն այն է, որ բուհերում ընդունելությունը գնալով պակասում է»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց կրթության ոլորտի փորձագետ, մանկավարժության դոցենտ Ատոմ Մխիթարյանը։
Նա նշեց, որ հիմնական 5-6 մասնագիտությունները, որոնց ուղղությամբ դիմում են շրջանավարտները, վերջին տարիներին նույնն են մնում։
«Ցավալի բան. չնայած կառավարության ջանքերին, օրինակ, համապատասխան կրթակթոշակներ սահմանել, միևնույնն է՝ այն մասնագիտությունների գծով, որոնցով մենք կադրերի պակաս ունենք՝ գյուղատնտեսական, բնագիտական-մանկավարժական, դիմորդների թիվը շարունակում է նվազել»,- ասաց Ա.Մխիթարյանը։
Օրինակի համար կրթության փորձագետը նշեց. եթե վերջին տարիներին Ագրարային համալսարան ընդունվում էր առնվազն 60-70 դիմորդ, այս տարի ընդամենը 29 դիմում է եղել։
Ա.Մխիթարյանի ներկայացամբ, վերջին 6-7 տարվա ընթացքում ընդհանուր առմամբ բարձրագույն կրթություն ստացողների թիվը պակասել է 21 տոկոսով մի քանի գործոնների պատճառով՝ արտագաղթ, բարձրագույն կրթության նկատմամբ հետաքրքրությունը նվազում։
«Երրորդ գործոնը՝ Հայաստանում բարձրագույն կրթության որակը գնալով ընկնում է։ Շատերը, ցավոք սրտի, գնում են արտասահմանյան բուհերում սովորելու։ Նրանց թիվը գնալով շատանում է»,- ասաց նա։
Ինչ վերաբերում կրթության որակն ընկնելու, Ատոմ Մխիթարյանն ասաց. «Վերջին շրջանում շատ բարձրագույն ուսումնական հաստատություններում խոսում են «ակադեմիական քաղաքի» մասին, դա, ըստ էության ճնշում է մեր դասախոսներին, գիտնականներին, նախաձեռնություններ չեն ցուցաբերում, կամ ցուցաբերած նախաձեռնություններն աջակցության չեն արժանանում. կառավարությունից չգրված, բայց որոշակի միտում կա, որ բուհերը, հատկապես Երևանում, չզարգացնեն իրենց ենթակառուցվածքները, չլավացենեն իրենց լաբորատորիաները, չգովազդեն իրենց կրթական ծրագրերը, որովհետև նրանց սպառնում է որոշակի միավորում այլ բուհերի հետ և տեղափոխում ակադեմիական քաղաք։
Սա, իսկապես, ազդում է բուհերի պրոֆեսորադասախոսական անձնակազմի հոգեբանական վիճակի վրա, որը բերում է հենց այս հետևանքներին»։
Փորձագետն ընդգծեց, որ բարձրագույն կրթության մակարդակի անկումը բերում է հասարակության դեգրադացիայի, որը լավ բաներ չի խոստանում՝ կարող է բացասական ազդել երկրի տնտեսության զարգացման վրա, բերել երկրի մեկուսացման։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։