Տերը չի ներելու ողորմելի կամակատարներին, ովքեր շատ էլ լավ գիտեն, թե ինչ են անում. Միքայել Սրբազան
Հասարակություն
23:54 31/07/2025
Հայաստան

Տերը չի ներելու ողորմելի կամակատարներին, ովքեր շատ էլ լավ գիտեն, թե ինչ են անում. Միքայել Սրբազան

Միքայել Սրբազանը նամակ է հղել կալանավայրից. 

«Փառք Քեզ Աստված, փառք Քեզ, Յաղագս ամենայնի, Տեր, փառք Քեզ...

Կրկին գոհություն Ամենակալին, որ անարժանիս արժանի դարձրեց անցնելու քավության և փորձության այս ճանապարհը, միշտ իմ կողքին լինելով և Սուրբ Հոգով մխիթարելով: Որտեղ նեղությունն է, այնտեղ նաև Տիրոջ մխիթարությունն է:

Քաջալերվեցեք, քանի որ Տերը միշտ հաղթում է: Հաղթելու է նաև այժմ՝ գուցե և ինձ նման անարժան ծառաների միջոցով:

Սակայն կարծում եմ, որ չի ներելու ողորմելի կամակատարներին, ովքեր շատ էլ լավ գիտեն, թե ինչ են անում .... Բոլորին անխտիր, ովքեր իրենց արատավորել են անարդարությամբ և կանխակալությամբ, սպասում է Կանոսսան*՝ լավագույն դեպքում: Եվ եթե կրկին զորանաք, կրկին պարտվելու եք, զի Աստուած ընդ մեզ է !!!

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան

31.07.2025թ., ապօրինի կալանավորման 35-րդ օր»։

Սրբազանը ներկայացրել է նաև Կանոսսա բառի բացատրությունը.

«Կանոսսան պատմականորեն առանձնահատուկ նշանակություն ունի, քանի որ այն նշվում է որպես վայր, որտեղ տեղի ունեցավ հայտնի “Կանոսսայի հանդիպումը” 1077 թվականին։

Այս հանդիպումը տեղի ունեցավ Հռոմի պապ Գրիգորի VII-ի և Հռենոսի կայսր Հենրիխ IV-ի միջև, որն ամենաընդունված իրադարձություններից մեկն է միջին դարերի պատմության մեջ։

Հենրիխ IV-ը ապաշխարել է, հագել է քուրձ և ոտաբոբիկ հասել է Կանոսսայի դարպասներին, որտեղ գտնվում էր պապը:

Սակայն Գրիգորի VII պապը հրաժարվել է ընդունել Հենրիխին։ Ըստ տեղեկությունների Հենրիխը երեք օր սպասել է ամրոցի դարպասների մոտ, այդ ընթացքում ծոմ պահելով և քուրձը չհանելով:

Ի վերջո, պապը նրան ընդունում է: Հենրիխը ծնկի է իջնում Գրիգորի պապի առջև և խնդրում է նրա ներողամտությունը: Գրիգորին ներում է կայսրին և կոչ է անում նրան վերադառնալ Եկեղեցու գիրկը»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Տերը չի ներելու ողորմելի կամակատարներին, ովքեր շատ էլ լավ գիտեն, թե ինչ են անում. Միքայել Սրբազան