Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Ժողովուրդ». Սնուփ Դոգից՝ Ջենիֆեր Լոպես. Ինչպե՞ս ԿԳՄՍՆ-ին և ՀՀ Կառավարությանը խաբեց «Դոպինգ Սփեյս» կազմակերպությունը
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Ստացվում է այնպես, որ սկանդալային վարքով աշխարհահռչակ ռեփեր Սնուփ Դոգին (նա վերջերս կրկին հայտնվեց Հոլիվուդյան սկանդալում) հայաստանյան համերգում կփոխարինի մեգա-աստղ Ջենիֆեր Լոպեսը։
Սնուփ Դոգից՝ Ջենիֆեր Լոպես. ինչպե՞ս ԿԳՄՍՆ-ին և ՀՀ Կառավարությանը խաբեց «Դոպինգ Սփեյս» կազմակերպությունը։ Երեկ՝ հուլիսի 31-ին, ՀՀ Կառավարությունը չզեկուցվող հարցերի փաթեթով ընդունել է որոշում, ըստ որի՝ Սնուփ Դոգին կփոխարինի Ջենիֆեր Լոպեսը։ Համերգը տեղի կունենա օգոստոսի 3-ին Վ. Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում։ Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ ծրագրի իրականացման համար Կառավարությունն արդեն իսկ 2023 թվականին «Դոպինգ Սփեյս» կազմակերպությանը հատկացրել է գումար, և Ջենիֆեր Լոպեսի համերգի համար հավելյալ ֆինանսավորում չի տրամադրվելու։
Ըստ որոշման՝ «Դոպինգ Սփեյս» կազմակերպության և Ջենիֆեր Լոպեսի միջև կնքված պայմանագիրն առկա է, որի օրինակը տրամադրվել է ԿԳՄՍ նախարարությանը: Նախագծում նշվում է նաև, որ միջոցառման ավարտից հետո պետական մարմնի և կազմակերպության միջև կնքված պայմանագրի պայմաններին համապատասխան՝ կազմակերպությունը պարտավոր է 60 օրվա ընթացքում պետական մարմնին ներկայացնել պայմանագրի կատարմանը վերաբերող ֆինանսական (հատկացված դրամական միջոցների ծախսերի մասով) և բովանդակային (արդյունքային ցուցանիշներ. մասնակիցների քանակ, լուսանկարներ, ազդագրեր, մամուլի հրապարակումներ և այլ տեղեկատվական նյութեր) հաշվետվություններ։
Այսինքն՝ Ջենիֆեր Լոպեսը Կառավարության համար ոչինչ չի արժենա, այլ փաստացիորեն կդառնա Սնուփ Դոգի չկայացած համերգի փոխհատուցումը։
Հիշեցնենք, որ 2023թ. սեպտեմբերի 23-ին աշխարհահռչակ ռեփեր Սնուփ Դոգը պետք է համերգ ունենար Երևանում։ Կառավարությունը պայմանագիր էր կնքել «Դոպինգ Սփեյս» կազմակերպության հետ, որի արժեքը 2 մլրդ 318 մլն դրամ էր կամ 6 մլն դոլար։ Այդ գումարը պիտի ուղղվեր ռեփերի հոնորարի վճարմանը, նրա թիմի տեխնիկական պահանջների, անվտանգության և ապահովագրական ծախսերի, բարձրակարգ տեխնիկական հագեցվածության ապահովմանը և գովազդային միջոցառումների իրականացմանը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։