Բայրաքթար. Էներգետիկ ռեսուրսներն ու լոգիստիկ հոսքերը շուտով «Զանգեզուրի միջանցքով» կհասնեն Թուրքիա
Տնտեսություն
14:35 02/08/2025
Տարածաշրջան

Բայրաքթար. Էներգետիկ ռեսուրսներն ու լոգիստիկ հոսքերը շուտով «Զանգեզուրի միջանցքով» կհասնեն Թուրքիա

«Մոտ ապագայում բոլոր էներգետիկ ռեսուրսները և լոգիստիկ երթուղիները Զանգեզուրի միջանցքով կհասնեն Թուրքիա»,- այսօր հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարը՝ թուրքական Քիլիս քաղաքում ադրբեջանական գազը Թուրքիայի միջոցով Սիրիա փոխադրման մեկնարկի կապակցությամբ կազմակերպված միջոցառման ժամանակ։

Նախարարի խոսքով, Ադրբեջանից էլեկտրաէներգիան ներկայումս Թուրքիա է մատակարարվում Վրաստանի միջոցով։

«Միևնույն ժամանակ, Կենտրոնական Ասիայի այլ էներգետիկ աղբյուրներ և լոգիստիկ հնարավորություններ նույնպես Ադրբեջանի միջոցով կմատակարարվեն Թուրքիա, իսկ այնտեղից՝ Եվրոպա», - նշել է նա։

Ալփարսլան Բայրաքթարը հավելել է, որ Ադրբեջանի բնական պաշարների՝ նավթի, գազի և էլեկտրաէներգիայի՝ Թուրքիա արտահանման հետ կապված բոլոր նախագծերն իրականացվում են զուգահեռաբար և համակարգված ձևով։

«Այս ուղղությամբ զգալի առաջընթաց է գրանցվել։ Մինչ օրս իրականացված խոշոր նախագծերի շարքում կարող եմ նշել Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարը, Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարը և Նախիջևան-Թուրքիա էլեկտրական միջկապը», - ասել է նա։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Բայրաքթար. Էներգետիկ ռեսուրսներն ու լոգիստիկ հոսքերը շուտով «Զանգեզուրի միջանցքով» կհասնեն Թուրքիա