Փաշինյան-Թրամփ-Ալիև հանդիպմանը հնարավոր է ինչ-որ փուչիկային բան ստորագրվի ու ներկայացվի որպես դարի գործարք. Արա Պողոսյան
Քաղաքական
17:35 06/08/2025
Հայաստան

Փաշինյան-Թրամփ-Ալիև հանդիպմանը հնարավոր է ինչ-որ փուչիկային բան ստորագրվի ու ներկայացվի որպես դարի գործարք. Արա Պողոսյան

«Առանձնապես մեծ սպասելիքեր չունեմ այդ հանդիպումից։ Իհարկե, չեմ բացառում, որ որևէ փաստաթուղթ կնախաստորագրվի, բայց «խաղաղության պայմանագիր» ստորագրելու մասին խոսք, կարծում եմ, չի կարող լինել»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Արա Պողոսյանը՝ պատասխանելով  հարցին, թե Վաշինգտոնում Փաշինյան-Թրամփ-Ալիևի առաջիկա հանդիպումից ի՞նչ պետք է ակնկալել։

Նա հիշեցրեց՝ Աբու Դաբիում Փաշինյան –Ալիև հանդիպումից հետո Ադրբեջանի նախագահն ակնարկել էր, որ կարող է լինել փաստաթղթի նախաստորագրում, բայց դա չի նշանակելու «խաղաղության պայմանագիր», քանի դեռ Հայաստանը, ըստ Ալիևի, իր որոշակի  պահանջները չի կատարել։  Սրանով պայմանավորած, ըստ քաղաքագետի, առավելագույնը կարող է խոսք լինել միջանցքի, ամերիկյան ծրագրի մասին։ Ա. Պողոսյանը միաժամանակ հիշեցրեց, որ առաջինը  հենց Ալիևն  է մերժել այս առաջարկությունը՝ հայտարարելով, որ ադրբեջանիցները չեն կարող որևէ մեկի դեմքը տեսնել այդ ճանապարհին։

«Ակտիվացնել են այդ խոսակցությունները, որ ամերիկյան առաջարկի մասին քննարկումներ ևս կարող են լինել, բայց գոնե այս հանդիպումից մեծ ակնկալիքներ ու սպասելիքներ չունեմ»,- ասաց քաղաքագետը։

Նա նշեց, որ թեև սպասելիքները մեծ չեն, բայց քարոզչական բավականին լուրջ աշխատանք է կատարվում՝ այդ հանդիպումը ներկայացնելով որպես դարի գործարք, թրամփյան վարչակազմի  մեծագույն հավանական ձեռքբերում, պատմական հաջողություն։

«Սրանք խոսում են են այն մասին, որ ինչ-որ փուչիկային բան հնարավոր է ստորագրել ու ներկայացնել որպես դարի գործարք, երկարաժամկետ հակամարտության ավարտի սկիզբ և այլն։ Հաշվի առնելով Թրամփի՝ նախկինում խաղաղության գործընթացեր վարելու փորձը, կարծում եմ, որ այս հանդիպմանն ուրիշ հանդիպումներ կհաջորդեն։ 

Այսինքն, այս հանդիպմամբ ոչինչ չի ավարտվելու։ Գուցե ամերիկյան նախաձեռնողականությունն ակտիվանա, փորձի սրանով հակամարտության կարգավորման գործընթացը վերցել իր ձեռքը, իր ազդեցությունը հնարավորինս հաստատել, բայց որ կավարտվի, փաստաթուղթ կստորագրվի, որն էական ազդեցություն կունենա հետագայում, ոչ»,- ասաց Արա Պողոսյանը։

Հիշեցնենք՝ ՀՀ կառավարությունից այսօր հայտնել էին, որ օգոստոսի 7-8-ին  Նիկոլ Փաշինյանը այց կկատարի Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Վաշինգտոնում Ն.Փաշինյանը երկկողմ հանդիպում կունենա Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Ջ. Թրամփի հետ՝ Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունը խորացնելու նպատակով, ինչպես նաև եռակողմ հանդիպում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Ջ. Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ միտված տարածաշրջանում խաղաղության, բարօրության և տնտեսական համագործակցության առաջմղմանը։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Փաշինյան-Թրամփ-Ալիև հանդիպմանը հնարավոր է ինչ-որ փուչիկային բան ստորագրվի ու ներկայացվի որպես դարի գործարք. Արա Պողոսյան