Մսամթերքի գնային ինդեքսը հուլիսին միջինում կազմել է 127.3 միավոր՝ հասնելով բոլոր ժամանակների առավելագույն ցուցանիշին
Տնտեսություն
13:25 08/08/2025
Հայաստան

Մսամթերքի գնային ինդեքսը հուլիսին միջինում կազմել է 127.3 միավոր՝ հասնելով բոլոր ժամանակների առավելագույն ցուցանիշին

ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) պարենային ապրանքների գնային ինդեքսը, որը համարվում է հիմնական ցուցանիշը համաշխարհային պարենային ապրանքների գների համար, 2025 թվականի հուլիսին միջինում կազմել է 130.1 միավոր՝ հունիսի համեմատ աճելով 1.6 տոկոսով։ Այս աճը հիմնականում պայմանավորված է մսամթերքի և բուսական յուղերի միջազգային գների բարձրացմամբ։ Չնայած այս ամսական աճին՝ ինդեքսը շարունակում է մնալ 2022 թվականի մարտին գրանցված առավելագույն մակարդակից 18.8 տոկոսով ցածր, սակայն 2024 թվականի հուլիսի համեմատ բարձր է 7.6 տոկոսով։

ՊԳԿ հայաստանյան գրասենյակից հայտնում են, որ գնային ինդեքսը հետևում է համաշխարհային առևտրում շրջանառվող հիմնական պարենային ապրանքների միջազգային գների ամսական փոփոխություններին։ 2025 թվականի հուլիսին մսամթերքի և բուսական յուղերի գների աճը գերազանցել է հացահատիկային մշակաբույսերի, կաթնամթերքի և շաքարի գների նվազումները։

ՊԳԿ հացահատիկային մշակաբույսերի գնային ինդեքսը հուլիսին միջինում կազմել է 106.5 միավոր, ինչը 0.8 տոկոսով ցածր է հունիսի համեմատ։ Ցորենի և սորգոյի գների անկումը գերազանցել է եգիպտացորենի և գարու գների աճը։ Հյուսիսային կիսագնդում ցորենի թարմ սեզոնային բերքահավաքը ազդեցություն է ունեցել նվազման վրա, սակայն Հյուսիսային Ամերիկայի որոշ շրջաններում գարնանացանի անբարենպաստ եղանակային պայմանները որոշ չափով պահպանել են գների կայունությունը։ ՊԳԿ բրնձի ընդհանուր գնային ինդեքսը նվազել է 1.8 տոկոսով՝ պայմանավորված առատ արտահանման պաշարներով և ներմուծման թույլ պահանջարկով։

ՊԳԿ բուսական յուղերի գնային ինդեքսը հուլիսին միջինում կազմել է 166.8 միավոր, ինչը նախորդ ամսվա համեմատ կտրուկ՝ 7.1 տոկոս աճ է գրանցել՝ հասնելով վերջին երեք տարիներում գրանցած առավելագույն մակարդակին։ Աճը պայմանավորված է արմավենու, սոյայի և արևածաղկի յուղերի միջազգային գների բարձրացմամբ։ Արմավենու յուղի գները բարձրացել են համաշխարհային կայուն պահանջարկի և մրցունակության բարելավման արդյունքում, իսկ սոյայի յուղը՝ Ամերիկայում կենսավառելիքի կայուն պահանջարկի սպասումների հետևանքով։ Արևածաղկի յուղի գների աճը պայմանավորված է Սևծովյան տարածաշրջանում արտահանման մատակարարումների կրճատման պատճառով։ Ի տարբերություն դրա, կանոլայի յուղի գները նվազել են Եվրոպայում նոր մշակաբույսերի մատակարարումների ժամանման հետ։

ՊԳԿ մսամթերքի գնային ինդեքսը հուլիսին միջինում կազմել է 127.3 միավոր՝ հունիսի համեմատ աճելով 1.2 տոկոսով և հասնելով բոլոր ժամանակների առավելագույն ցուցանիշին։ Աճին նպաստել են խոշոր եղջերավոր անասունների և ոչխարի մսի գների բարձրացումը՝ պայմանավորված Չինաստանից և ԱՄՆ-ից ներմուծման բարձր պահանջարկով։ Թռչնամսի գները նույնպես փոքր-ինչ աճել են հիմնական գործընկերներից ներմուծման վերսկսման արդյունքում՝ Բրազիլիայում թռչնագրիպից ազատ ճանաչվելու կարգավիճակի վերականգնումից հետո: Միևնույն ժամանակ, խոզի մսի գները նվազել են մատակարարումների առատության և համաշխարհային պահանջարկի նվազման պատճառով, մասնավորապես՝ Եվրոպական միությունում։

ՊԳԿ կաթնամթերքի գնային ինդեքսը հուլիսին միջինում կազմել է 155.3 միավոր՝ հունիսի համեմատ նվազելով 0.1 տոկոսով՝ այսպիսով գրանցելով առաջին անկումը 2024 թվականի ապրիլից ի վեր։ Կարագի և կաթի փոշիների գները նվազել են՝ արտահանման առատ մատակարարումների և ներմուծման պահանջարկի նվազման հետևանքով մասնավորապես՝ Ասիայից։ Այնուամենայնիվ, պանրի միջազգային գները շարունակել են աճել՝ պայմանավորված ասիական և Մերձավոր Արևելքի շուկաներում մեծ պահանջարկով և Եվրոպական միությունում արտահանման ավելի սահմանափակ հասանելիությամբ։

ՊԳԿ շաքարի գնային ինդեքսը հուլիսին միջինում կազմել է 103.3 միավոր՝ նախորդ ամսվա համեմատ նվազելով 0.2 տոկոսով՝ շարունակելով նվազման միտումը հինգերորդ ամիսն անընդմեջ։ Գների անկման վրա ճնշում է գործադրել աշխարհում շաքարի արտադրության վերականգնման սպասումը 2025/26 թվականներին, հատկապես Բրազիլիայում, Հնդկաստանում և Թայլանդում, սակայն շաքարի համաշխարհային ներմուծման պահանջարկի վերականգնման նշանները մեղմել են նվազումը։

 

 

 

 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Մսամթերքի գնային ինդեքսը հուլիսին միջինում կազմել է 127.3 միավոր՝ հասնելով բոլոր ժամանակների առավելագույն ցուցանիշին