Ինքնորոշման իրավունքի ժխտումը մարդու իրավունքների ժխտում է
Քաղաքական
22:01 08/08/2025
Հայաստան

Ինքնորոշման իրավունքի ժխտումը մարդու իրավունքների ժխտում է

«Ինքնորոշման ժխտումը բռնություն է և, հետևաբար, սպառնալիք միջազգային խաղաղության և անվտանգության համար, որոնք ամրագրված են ՄԱԿ-ի Կանոնադրության մեջ»,- ընգծում են ԼՂ փախստականների իրավապաշտպան միությունից ու մանրամասն ներկայացնում՝ ինչ է ինքնորոշման իրավունքը.

Ժողովուրդների ինքնորոշման իրավունքը հիմնարար իրավունք է՝ երաշխավորված բոլոր անհատների և ժողովուրդների համար և ամրագրված ՄԱԿ-ի 1966 թ․ «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրի» և «Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների միջազգային դաշնագրի» 1-ին ընդհանուր հոդվածով, սահմանվելով հետևյալ կերպ․ «Բոլոր ժողովուրդներն ունեն ինքնորոշման իրավունք։ Այդ իրավունքի բերումով նրանք ազատորեն սահմանում են իրենց քաղաքական կարգավիճակը և ազատորեն ապահովում իրենց տնտեսական, սոցիալական ու մշակութային զարգացումը»։

Ինքնորոշման իրավունքը ճանաչված է որպես jus cogens և erga omnes, և հիմնարար նշանակություն ունի բոլոր մյուս իրավունքների պաշտպանության և առաջխաղացման համար։

Ինքնորոշումը մշտապես կիրառելի է որպես jus cogens սկզբունք՝ անկախ ժամանակից կամ պատմությունից, քանի որ իր բնույթով այն հիմնարար իրավունք է, և կարևոր չէ՝ երբ է այն բարձրաձայնվել և արձանագրվել։ Ինքնորոշման իրավունքը կարևոր է, ինչպես կյանքի, ազատության և ինքնության իրավունքները։

Jus cogens նշանակում է, որ ինքնորոշման իրավունքը իրավական նորմ է, որը բոլոր պետություններն անպայմանորեն պարտավոր են հարգել՝ անկախ նրանից՝ համաձայն են, թե ոչ։

Erga omnes սկզբունքը նշանակում է, որ ինքնորոշման իրավունքը պաշտպանելու պատասխանատվություն ունեն բոլոր պետությունները։

ՄԱԿ-ի սկզբունքների համաձայն, ինքնորոշման իրավունքի երաշխավորումը համընդհանուր հիմք է աշխարհում խաղաղության և անվտանգության համար։ Ուստի՝ ՄԱԿ-ի նպատակներն են․

Պահպանել միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը և այդ նպատակով արդյունավետ համախմբված միջոցներ ձեռնարկել՝ կանխելու և վերացնելու խաղաղության սպառնալիքները, ինչպես նաև ճնշելու ագրեսիայի կամ խաղաղությունը խախտող այլ գործողությունները, և խաղաղ միջոցներով՝ արդարության և միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա, հասնելու միջազգային վեճերի կամ խաղաղության համար վտանգավոր իրավիճակների շտկմանը կամ կարգավորմանը։

Զարգացնել ազգերի բարեկամական հարաբերություններ՝ հիմնված ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման սկզբունքի հարգանքի վրա, և այլ համապատասխան միջոցներ ձեռնարկել՝ հանուն համընդհանուր խաղաղության ամրապնդման։

Ավելին՝ ՄԱԿ-ը իր Կանոնադրության 55-րդ հոդվածով սահմանում է, որ միջազգային տնտեսական ու սոցիալական համագործակցության համար անհրաժեշտ է հետամուտ լինել բարեկեցության ու կայունության պայմանների ստեղծմանը, որոնք անհրաժեշտ են ազգերի միջև խաղաղ ու բարեկամական հարաբերությունների համար՝ հիմնված հավասար իրավունքների և ինքնորոշման սկզբունքի նկատմամբ հարգանքի վրա։

Ինքնորոշման իրավունքի ժխտումը մարդու իրավունքների ժխտում է։

Ինքնորոշման ժխտումը բռնություն է և, հետևաբար, սպառնալիք միջազգային խաղաղության և անվտանգության համար, որոնք ամրագրված են ՄԱԿ-ի Կանոնադրության մեջ»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ինքնորոշման իրավունքի ժխտումը մարդու իրավունքների ժխտում է