Ադրբեջանին ՀՀ տարածքով «անխոչընդոտ հաղորդակցություն» տրամադրելը, իրականում «թուրանական միջանցք»-ի իրացում է. ՀՅԴ Բյուրո
Քաղաքական
16:53 09/08/2025
Հայաստան

Ադրբեջանին ՀՀ տարածքով «անխոչընդոտ հաղորդակցություն» տրամադրելը, իրականում «թուրանական միջանցք»-ի իրացում է. ՀՅԴ Բյուրո

«2025 թ. օգոստոսի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ Վաշինգտոնում ստորագրված ԱՄՆ, Հայաստան, Ադրբեջան համատեղ հայտարարությունը ոչ միայն չի արտացոլում Հայաստանի Հանրապետության պետական և ազգային շահերը, այլև հարված է Հայաստանի ինքնիշխանությանը»,- նշված է ՀՅԴ Բյուրոյի հայտարարության մեջ։ 

«ՀՀ իշխող վարչակազմի որդեգրած քաղաքականությունն ու անհավասարակշիռ որոշումները ընդունվել են գաղտնիության պայմաններում։ Դրանք ոտնահարում են հայ ժողովրդի հավաքական իրավունքներն ու կենսական շահերը, ստեղծում են անվտանգային նոր մարտահրավերներ և սպառնալիքներ, խաթարում են տարածաշրջանի ռազմաքաղաքական հավասարակշռությունն ու ՀՀ տարածքային ամբողջականությունը՝ կասկածի տակ դնելով ՀՀ պետականության գոյությունը։

Շարունակական կեղծիքների, սուտ խոստումների և ամբոխավարության քողի ներքո ոտնատակ են տրվել Հայաստանն ու հայ ժողովրդի շահերը։ ՀՀ իշխող վարչակազմի որդեգրած ապազգային և անհեռանկար քաղաքականության արտացոլանք հանդիսացող, իր էությամբ հակապետական հայտարարությունը մեկ նպատակադրում ունի՝ ի գին ՀՀ իրավունքների՝ օտար շահեր սպասարկող ՀՀ իշխող վարչակազմի վերարտադրություն՝ Հայաստանը դարձնելով աշխարհաքաղաքական շահերի բախման թատերաբեմ։

Ադրբեջանի շարունակական նախապայմանների, արցախահայության նկատմամբ իրականացված ցեղասպանական գործողությունների, Արցախի էթնիկ զտման և ամբողջական հայաթափման, ՀՀ տարածքների բռնազավթման, Բաքվում ընթացող կեղծ դատավարությունների և արցախահայության վերադարձի իրավունքի ոտնահարման և հանուն շահի այս ամենի վրա մեծ տերությունների աչք փակելու պայմաններում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության մթնոլորտի ձևավորումը ոչ միայն իրատեսական չէ, այլև՝ բնույթով կապիտուլյացիոն։

Ըստ այդմ․

• Հայտարարում ենք, որ Արցախի հակամարտությունը լուծված չէ և միջազգային հանրությունը, մասնավորապես ԵԱՀԿ-ն, որպես այս խնդրի կարգավորման միջազգային օրինական մանդատ ունեցող միակ հարթակ՝ պարտավոր են գործել այն հանգուցալուծելու ուղղությամբ։

• Ընդգծում ենք, որ ստորագրված հայտարարությունը, ըստ էության, օրինականացնում է միջանցքի գաղափարը և ուղղված է բացառապես ադրբեջանական շահերի սպասարկմանը։

• Հաստատում ենք, որ ցանկացած անվամբ և կարգավիճակով՝ Ադրբեջանին Հայաստանի Հանրապետության տարածքով «անխոչընդոտ հաղորդակցություն» տրամադրելը, իրականում «թուրանական միջանցք»-ի իրացում է և Հայաստանի ինքնիշխանության ոտնահարում։

• Պահանջում ենք՝ ՀՀ տարածքից Ադրբեջանի զինված ուժերի դուրսբերում, Արցախի ռազմաքաղաքական պատանդների անհապաղ ազատ արձակում, Արցախի հայության հավաքական, անվտանգ, երաշխավորված և արժանապատիվ վերադարձի համար պայմանների ստեղծում։

• Համոզված ենք, որ ռազմական գործողությունների և ցեղասպանական հանցագործությունների արդյունքում ձևավորված ստատուս քվոն չի կարող հանգեցնել կայուն խաղաղության։

ՀՅ Դաշնակցությունը հավատարիմ է մնում ժողովրդավարության, արդարության և արժանապատիվ խաղաղության հաստատման միջազգային սկզբունքներին»,- նշված է հայտարարությունում։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ադրբեջանին ՀՀ տարածքով «անխոչընդոտ հաղորդակցություն» տրամադրելը, իրականում «թուրանական միջանցք»-ի իրացում է. ՀՅԴ Բյուրո