Նոր ուսումնական տարում 12 նոր դասագիրք չի տպագրվել. ԿԳՄՍ փոխնախարար
Կրթություն, գիտություն
13:05 13/08/2025
Հայաստան

Նոր ուսումնական տարում 12 նոր դասագիրք չի տպագրվել. ԿԳՄՍ փոխնախարար

«Ունենք որոշ դասարանների որոշ առարկաների գծով դասագրքերի բացակայություն, դրանք մեծամասամբ վերաբերում են ավագ դասարաններին»,-«Արմենպրեսի» մամուլի սրահում հայտարարեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը՝ պատասխանելով ուսուցիչների կողմից նախապես ներկայացված հարցերին։

Նրա խոսքով՝ չկան «Քիմիա»՝ 10-րդ և 11-րդ դասարանների, «Կենսաբանություն»՝ 10-րդ և 11-րդ դասարանների,«Հանրահաշիվ»՝ 11-րդ դասարանի, «Ռուսերեն»՝ 11-րդ դասարանի, ՆԶՊ (Նախնական զինվորական պատրաստություն)՝ 9-րդ և 11-րդ դասարանների և «Ֆրանսերեն»՝ 5-11-րդ դասարանների դասագրքերը:

Փոխնախարարը հայտարարեց, որ այդ դասարաններում այդ առարկաները դասավանդվելու են հին դասագրքերով:

«Ուզում եմ նշել, որ այս տարվա համար բոլոր այն դասարաններում, որտեղ չափորոշիչը ներդրվելու է, և նաև այն դասարաններում, որտեղ նախորդ տարի էր ներդրվել չափորոշիչը, սակայն դասագրքեր չէին հրատարակվել՝ հիմնականում բոլոր մրցույթները կայացել են, դասագրքերը տպագրվել են»,- ասաց Սվաջյանը:

Նա նշել է, որ դասագրքերի մի մասը արդեն առաքվել է և ներկայումս բաշխման փուլում է, իսկ մնացածը կառաքվի և կբաշխվի մինչև օգոստոսի 25-ը։

«Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» (ԿԶՆԱԿ)  հիմնադրամի կողմից դպրոցները կստանան լրացուցիչ ուղեցույցներ, ձեռնարկներ, որոնք կօգնեն հին դասագրքերում առկա նյութերն այնպես կիրառել, որ ապահովվի համապատասխանությունն նոր չափորոշչին», -ասաց ԿԳՄՍ փոխնախարարը:

Նա հավելել է, որ ևս երկու դասարանների երկու առարկանների դասագրքեր չկան, որոնց մրցույթն արդեն հայտարարված է: Այդ դասագրքերն են 11-րդ դասարանի «Բնագիտություն» առարկայի դասագիրքը և 10-11-րդ դասարանների «Հայաստանի պատմություն» դասագրքերը:
 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Նոր ուսումնական տարում 12 նոր դասագիրք չի տպագրվել. ԿԳՄՍ փոխնախարար