Սյունիքը 30 տարվա դիմակայության վերջին կռվանն է մնացել․ Մամիկոն Ասլանյան
Քաղաքական
18:37 14/08/2025
Հայաստան

Սյունիքը 30 տարվա դիմակայության վերջին կռվանն է մնացել․ Մամիկոն Ասլանյան

 «Իշխանությունները տարբեր ժամանակ տարբեր կա՛մ վախեր, կա՛մ մտավախություններ են ունենում, և նայած որ ժամանակաշրջանում իրենք ինչն են գերադասում և ում են գերադասում մեկուսացնել, հետևաբար, մեծ տրամաբանություն պետք չէ աշխատեցնել»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Վանաձորի ընտրված քաղաքապետ Մամիկոն  Ասլանյանը։

Նրա դիտարկմամբ՝  Սամվել Կարապետյանը, որը տիրապետում է  ռեսուրսների, չարատավորված անձն է  և նրա կողմից ցանկացած հանրային համախմբման կոչ կարող է դիտվել որպես վտանգ իշխանությունների համար։

«Կարծում եմ՝ թե՛ վախերը, մտավախությունները, թե՛ կանխարգելիչ միջոցառումներն ուղղված են։ Իսկ իշխանությունների տարբեր ժամանակներում դրսևորած,  նմանատիպ չար կամքի դրսևորումները որևէ իրավական, օրինական տրամաբանության մեջ չեն մտնում, հետևաբար ինչպես ուզում, այնպես էլ՝ անում են։ Այսինքն՝ ձեռքի կառավարման վահանակով մի հոգու կողմից կառավարվում է մի ողջ պետական, ու դատական, իրավական համակարգ»,- ասաց Ասլանյանը։

Անդրադառնալով Սյունիքի հետ կապված  հարցին, մասնավորապես՝ ստորագրված փաստաթուղթին, Ասլանյանն ընդգծեց, որ  

ոչ իշխանության ներկայացուցիչների կամ պրոիշխանական ներկայացուցիչների խանդավառության վրա մեծ հույս կդնեմ, և ոչ էլ  դաժան իրականությունը կամ չափազանցված իրականությունը ներկայացնողների։

«Քանի դեռ փաստաթուղթը ստորագրված չի, քանի  դեռ դրա տեխնիկական պայմանները վավերացված չեն, քանի  դեռ մենք չգիտենք, թե  «կոմունիկացիաների բացում» ասածը ինչի՞ հետ է կապված։ Եթե զուտ «Զանգեզուրի միջանցքի» հետ է կապված, ապա դա մեզ համար մեծ խնդիր է դառնալու, եթե ընդհանուր կոմունիկացիոն Հայաստանի համար

ապաշրջափ փակման խնդիրներ կստեղծվեն, գուցե  դա ինչ-որ առումով նաև ստաբիլիզացիոն նշանակություն կունենա։ Այս պահին ես չեմ կարող  ոչինչ ասել։  Այս  պահին  ընդամենը մտադրությունների մասին  հռչակագիր կամ համաձայնագիր է ։ Բնականաբար  մեզ համար շատ մեծ վտանգ ներկայացնող    մի 2 կետեր կան՝ մասնավորապես Արցախի թեմայի փակման,   ռևանշիզմի, սեպարատիզմի, ահաբեկչության և այլ դրսևորումների հետ կապված, որը կարող է տարատեսակ ընթերցումներ և մեկնաբանությունների տեղիք տալ»։

 Ինչ վերաբերում է  Մինսկի խմբի  փակմանը, ապա քաղաքական գործիչը կարծում է, որ Մինսկի խումբը ո՛չ Հայաստանը և ո՛չ էլ Ադրբեջանն են ստեղծել, որպեսզի  կարողանան վերացնել։

«Եթե համաշխարհային հանրությունը կամ շահագրգիռ ուժերը իրենք կգան կոնսենսուսի, որ Արցախյան հարցը այլևս փակված է, գուցե նրանք էլ գան այդ  եզրահանգման։ Այս պահին գոնե ապոկալիպտիկ այդպիսի մտադրություններ չեմ տեսնում։Ամեն դեպքում սպասենք, որովհետև Սյունիքն ամբողջ մեր վերջին 30 տարվա դիմակայության վերջին կռվանն է մնացել։ Գոնե մենք կարողանանք այնտեղ հայկականության և հայկական շահերի պահպանության դերը բարձրացնենք»,- ընդգծեց Ասլանյանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Սյունիքը 30 տարվա դիմակայության վերջին կռվանն է մնացել․ Մամիկոն Ասլանյան