Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ինչու դատավոր Վահե Դոլմազյանն ինքնաբացարկ հայտնեց Հովիկ Աբրահամյանի գործով
Հայաստանի նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի գործով նախագահող դատավոր Վահե Դոլմազյանն այսօր ինքնաբացարկ հայտնեց։ Դատավորը նշեց, որ քրեական գործի նախաքննութան ընթացքում ինքը մի պահ վերահսկողություն է իրականացրել գործի նկատմամբ որպես դատախազ, ինչպես նաև նախաքննության ժամկետի երկարացման մասին որոշում է կայացրել։
«Այս առումով դատավորը ճիշտ որոշում է կայացրել, քանի որ օրենքը սահմանում է, եթե գործով մասնակցել է որպես դատախազ չի կարող որպես դատավոր գործը քննել»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց Հ. Աբրահամյանի պաշտպան Երեմ Սարգսյանը։
Վարույթը պետք է հանձնվի մեկ այլ դատավորի, որը ստանձնելուց հետո նիստ կնշանակվի։
Երեմ Սարգսյանի խոսքով, 2018-ից հետո այս պրոցեսը կա, իրավապահները նախկինում այն որպես հանցագործություն չէին դիտարկում։
«Եվ ճիշտ էին անում, բայց քանի որ օրենքով սահմանված ժամկետները սպառվեցին, իրենք պետք է կամ կարճեին, կամ ուղարկեին դատարան, արհեստականորեն ուռճացրեցին այն, քրեական գործն ուղարկեցին դատարան։ Խայտառակ քրեադատավարական խախտումներ կան, բոլոր խախտումները, անհիմն մեղադրանքնոերը մենք պատրաստվում ենք դատարանում ներկայացնել։ Եթե մինչև հիմա, նախաքննական գաղտնիով պայմանավորված, հայտնի չէին շատ բաներ, հիմա արդեն դռնբաց դատաքննւթյուն կլինի, հուսով եմ, բոլորն էլ կտեսնեն»,-ասաց պաշտպան։
Սարգսյանի խոսքով, սա հնչեղություն ստացած քրեական գործ է, և իշխանությունները չէին կարող իրենց մեջ ուժ գտնել ու արձանագրել, որ անհիմն, անօրինական բաներ են արել։
«Որպես հիմք ընտրեցինք գործը դատարան ուղարկելը։ Մտել են մի բանի մեջ, որն արդյունք չուներ, բայց պետք է ցույց տային, որ արդյունք կար, դրա համար էլ ուղարկեցին դատարան։ եթե օրենքով սահմանված ժամկետները չլինեին, որը իրենք պարտավոր էին կամ կարճել գործը կամ ուղարկել դատարան, այս գործն այդպես էլ կմնար, քանի որ ապացույցներ չունեին»,-ասաց նա։
Նշենք, որ դատարան եկած Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ չի ընդունում մեղադրանքը, այն իրականաության հետ առնչություն չունի։
Օրեր առաջ՝ հուլիսի 30-ին Հակակոռուպցիոն կոմիտեն հայտարարեց, կոմիտեում քննված բազմադրվագ քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ Հովիկ Աբրահամյանը ՀՀ տարածքային կառավարման նախարարի, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի և ՀՀ վարչապետի պաշտոնները զբաղեցնելու ընթացքում, օգտագործելով իր դիրքը և ազդեցությունը պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների վրա, հանձնարարել է կազմակերպել անօրինական աճուրդներ, որոնց արդյունքում շուկայականից անհամեմատ ցածր արժեքով ձեռք է բերել Տավուշի մարզի Դիլիջան համայնքում ընդհանուր շուրջ 75.000 քմ մակերեսով հողամասերը, Արարատի մարզի Նարեկ համայնքում՝ ընդհանուր 120 հա մակերեսով վարելահողն ու արոտավայրը, Մխչյան համայնքում՝ ընդհանուր 48.4092 հա մակերեսով հողատարածքները:
Աբրահամյանին մեղադրանք է ներկայացվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական լիազորություներն անցնելու, ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու և պաշտոնեական դիրքն օգտագործելով հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացնելու (փողերի լվացման) համար: Նախաքննության ընթացքում մեղադրյալի և նրա հետ փոխկապակցված անձանց գույքերի վրա արգելանք է դրվել: