«Հրապարակ». Սպասում են, որ ժամանակը բացահայտի, որ Վաշինգտոնում կնքվածը հերթական կապիտուլյացիան է
Օրվա մամուլ
08:29 14/08/2025
Հայաստան

«Հրապարակ». Սպասում են, որ ժամանակը բացահայտի, որ Վաշինգտոնում կնքվածը հերթական կապիտուլյացիան է

«Հրապարակ» թերթը գրում է.

«Վաշինգտոնյան համաձայնագրից հետո էլ հայաստանյան ընդդիմության անդորրը չխախտվեց` մեկ-երկու հերթապահ հայտարարությունով արձանագրեցին, որ իշխանությունն ապազգային փաստաթուղթ է ստորագրել, նոր զիջումների է գնում, Սյունիքով միջանցք է տալիս, և կրկին դիրքավորվեցին դիտորդի կարգավիճակում։

Ընդդիմադիր ճամբարներից մեկի մեր աղբյուրն ասաց, որ իրականում իշխանությունն այնքան լավ էր աշխատել քարոզչական մակարդակում, որ իրենք տանուլ են տվել այս պայքարը, և անիմաստ էր որևէ քայլ անելը:

Հիմա սպասում են, որ քարոզչական գերդոզան անցնի, մարդիկ սթափվեն, և ժամանակը բացահայտի, որ Վաշինգտոնում կնքվածը խաղաղություն չի բերում, և սա հերթական կապիտուլյացիան է։

Բացի այդ, լուրջ կազմակերպչական աշխատանքներ են իրականացվում Սամվել Կարապետյանի թիմում, կուսակցական գրասենյակներ են վարձակալում, մոբիլիզացնում, ռեսուրսներն են հաշվում, որպեսզի սեպտեմբերից ակտիվանան։

Սրանով պայմանավորված է նաև որոշ ընդդիմադիրների պասիվությունը, սպասում են առաջին ջութակին, որ հետո նվագակցեն։ Ի դեպ, երեկ Կարապետյանը հայտարարեց, որ շուտով հանրությանը կներկայացնեն «Մեր ձևով» շարժումը, որը «դառնալու է այն հենքը, որի վրա կձևավորվի նոր քաղաքական ուժը»»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Հրապարակ». Սպասում են, որ ժամանակը բացահայտի, որ Վաշինգտոնում կնքվածը հերթական կապիտուլյացիան է