Գազայի ժողովուրդը ի վերջո կազատվի ՀԱՄԱՍ-ից. Դավիթ Փափազյան
Քաղաքական
17:54 15/08/2025
Տարածաշրջան

Գազայի ժողովուրդը ի վերջո կազատվի ՀԱՄԱՍ-ից. Դավիթ Փափազյան

2025 թվականի օգոստոսի 14-ին Լոնդոնում հիմնված Middle East Eye պարբերականում լույս է տեսել հերթական սկանդալային հոդվածը՝ ANIF-ի նախկին գլխավոր տնօրեն Դավիթ Փափազյանի մասին։ Հոդվածի վերաբերյալ Panorama.am-ի՝ էլ. փոստով ուղարկված հարցերին Փափազյանը չպատասխանեց։ Նա փոխանցեց ընդամենը մեկ նախադասություն.  «Գազայի ժողովուրդը ի վերջո կազատվի ՀԱՄԱՍ-ից»։

Իսկ ի՞նչ էր գրել Middle East Eye պարբերականն այս անգամ. Ներկայացնում ենք հոդվածի հայերեն թարգմանությունը.

«ԱՄԷ-ի հետ կապված հայ գործարարի դեմ պատերազմական հանցագործությունների մեղադրանքներ՝ GHF հիմնադրամում ունեցած դերի համար. Իրավապաշտպան խումբը Հայաստանում հաղորդում է ներկայացրել Դավիթ Փափազյանի դեմ, ով Գազայի Հումանիտար Հիմնադրամի (Gaza Humanitarian Foundation) խորհրդի նախագահն է։

Մեծ Բրիտանիայում գործող իրավապաշտպան կազմակերպությունը Հայաստանում հաղորդում է ներկայացրել մի գործարարի դեմ, ով կապեր ունի Միացյալ Արաբական Էմիրությունների (ԱՄԷ) հետ,՝ Գազայի Humanitarian Foundation (GHF)-ի հետ կապված պատերազմական հանցագործությունների մեղադրանքների հիման վրա։

Մեծ Բրիտանիայի Արաբական Մարդու Իրավունքների Կազմակերպությունը (AOHR) իր հայտարարության մեջ նշել է, որ դիմում է ներկայացրել Հայաստանի Գլխավոր դատախազին՝ պահանջելով հրատապ քննություն սկսել Դավիթ Փափազյանի դեմ, որը Հայաստանի քաղաքացի է և, ըստ տեղեկությունների, զբաղեցնում է GHF-ի խորհրդի նախագահի պաշտոնը։

Middle East Eye-ի կողմից տեսած մի շարք նամակներում AOHR-ը նշել է, որ առկա են «հավաստի ապացույցներ և փաստաթղթեր», որոնք վկայում են, որ Փափազյանը «կարող է ներգրավված լինել կամ նպաստել այնպիսի գործողությունների իրականացմանը, որոնք կազմում են պատերազմական հանցագործություններ և մարդկության դեմ հանցագործություններ Գազայի հատվածում»։

ԱՄՆ-ի և Իսրայելի աջակցությամբ գործող GHF-ը լայնորեն քննադատության է ենթարկվել Գազայի պաշարված հատվածում իր զինվորականացված սննդի բաշխման մեխանիզմի համար, իսկ «Բժիշկներ առանց սահմանների» (MSF) կազմակերպությունը նրան մեղադրել է «սովամահացման և մարդկազրկման» ինստիտուցիոնալացման մեջ։ Առնվազն 1,800 պաղեստինցի սպանվել է և ավելի քան 13,500-ը վիրավորվել՝ սնունդ ստանալուց կամ GHF-ի կենտրոններում կամ դեպի կենտրոններ հերթերի մեջ։

GHF-ը բազմիցս հերքել է, որ իրենց մատակարարման կետերում որևէ մարդ է սպանվել, և հայտարարել է, որ ՄԱԿ-ի տվյալները՝ զոհված օգնություն փնտրողների թվի վերաբերյալ, «սխալ և դիտավորյալ մոլորեցնող» են։
«Այդ զոհերը լուրջ մտահոգություններ են առաջացնում [GHF]-ի գործողությունների շրջանակի և դրա ղեկավարության՝ միջազգային իրավունքի ներքո հանցագործություն համարվող գործողություններին նպաստելու կամ դրանք թույլատրելու հնարավոր մասնակցության վերաբերյալ»,— ասված է հաղորդման մեջ։

Հաղորդման համաձայն, GHF-ը գրանցված է ինչպես ԱՄՆ-ի Դելավեր նահանգում, այնպես էլ Շվեյցարիայի Ժնև քաղաքում։ CBS News-ը այս տարվա սկզբին հայտնել էր, որ, ըստ շվեյցարական գրանցման փաստաթղթերի, Փափազյանը նշված է որպես հիմնադրամի երեք ղեկավարներից մեկը։

AOHR-ը, որը պնդում է, որ Փափազյանը Շվեյցարիայում հիմնադրամի խորհրդի նախագահն է, ինչպես նաև ԱՄՆ-ում գործող իրավաբանական անձի հիմնադիր խորհրդի անդամ, հայտարարել է, որ այս երկակի կառուցվածքները մաս են կազմում «կազմակերպված վարչական թաքցման և խարդախության մեխանիզմի», որի նպատակն է քողարկել որոշումների կայացման և ֆինանսավորման աղբյուրները։

Բիզնես կապեր ԱՄԷ֊ում
43-ամյա Փափազյանը կարևոր դեր է խաղացել Մերձավոր Արևելքում մի շարք բիզնես նախաձեռնություններում և օգնել է հաստատել Հայաստանի և ԱՄԷ-ի միջև գործարար կապեր։
2019-2024 թթ. Հայաստանի Պետական Հետաքրքրությունների Ֆոնդի (ANIF) գլխավոր տնօրենի պաշտոնում նա ապահովել է խոշոր ներդրումային գործարքներ, ներառյալ՝ 174 մլն ԱՄՆ դոլարի արևային էներգիայի համագործակցություն ԱՄԷ-ում գործող «Masdar» վերականգնվող էներգիայի խոշոր ընկերության հետ։ Ծրագիրն այդ ժամանակ արժանացել էր գնահատանքի՝ որպես Հայաստան–ԱՄԷ հարաբերությունների հիմնարար տար։ AOHR-ի բողոքում չի նշվում որևէ ապօրինություն այս գործարքի հետ կապված, սակայն Փափազյանի միջազգային գործարար կապերը, հատկապես ԱՄԷ-ում, արտացոլում են այն ազդեցությունը, որը նա բերել է GHF-ի ղեկավարությանը, ինչպես նաև այն կապերը, որոնք, ամենայն հավանականությամբ, հաստատել է Աբու Դաբիում՝ վերջին տարիներին Իսրայելի կարևոր դաշնակից դարձած քաղաքում։

2023 թ.֊ին, Փափազյանը LinkedIn-ի իր էջում հրապարակած գրառմամբ հպարտացել է. «Ուրախ եմ կիսվելու, որ Փարիզից հետո ANIF-ը կարող է Աբու Դաբին ևս համարել երկրորդ տուն»։ Փափազյանը նաև եղել է «Fly Arna»-ի՝ Հայաստանի այժմ չգործող ազգային ավիափոխադրողի, նախագահը։ Երևանում տեղակայված «Fly Arna»-ն ԱՄԷ-ում գործող «Air Arabia»-ի և ANIF-ի համատեղ ձեռնարկությունն էր։ «Air Arabia»-ն բազավորվում է ԱՄԷ-ի Շարժայի միջազգային օդանավակայանում։

2024 թ. հունվարին Փափազյանը ազատվեց ANIF-ում զբաղեցրած իր պաշտոնից՝ կառավարման թերությունների մեղադրանքների ֆոնին։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետագայում հիմնադրամի գործունեությունը որակեց որպես «ձախողում» և «խայտառակություն»։

2024 թ. մայիսին «Fly Arna»-ն սկսեց լուծարման գործընթաց, այն բանից հետո, երբ Հայաստանի կառավարությունը հաստատեց ANIF-ի լուծարումը՝ որպես ընկերության համատեղ բաժնետերերից մեկի։
AOHR-ը պնդում է, որ GHF-ում իր գործունեության շրջանակում Փափազյանը «կենսական դեր է խաղացել զանգվածային քաղաքացիական վնաս պատճառած օգնության մատակարարման մոդելի մշակման, հաստատման և վերահսկման գործում»։

AOHR-ի դիմումում նշվում է, որ GHF-ը ստեղծվել է «Իսրայելի կառավարության սահմանած պատերազմի ռազմավարական նպատակներին ծառայելու» համար՝ փոխարինելով և թուլացնելով ՄԱԿ-ի մարդասիրական կառույցների գործունեությունը։

«Գազայի դեմ պատերազմի սկզբնական փուլերից օկուպացնող ուժը [Իսրայելը] սկսեց վարկաբեկել մարդասիրական օգնության ջանքերը… Ակնհայտ է դարձել, որ հիմնական նպատակն էր անկախ օգնության կառույցների վերացումը»,-ասված է կազմակերպության հայտարարությունում։ Հաղորդումում ասվում է, որ Փափազյանը «լիովին տեղեկացված էր» ՄԱԿ-ի կառույցների զեկույցներից, որոնք փաստում էին ցեղասպանության գործողությունները, այդ թվում՝ սովամահացումը որպես զենք կիրառելը, սակայն շարունակել է գործել «կեղտոտ ֆինանսական շահի որոնման» նպատակով։

Associated Press-ի կողմից հուլիսի 3-ին հրապարակված հետաքննությունը պարզել է, որ GHF-ի շրջանակում աշխատող ամերիկացի վարձկանները զենք, շոկային նռնակներ և պղպեղային գազ են օգտագործել սնունդ որոնող պաղեստինցիների դեմ։ AP-ն հղում է կատարել ականատեսների և վիդեո ապացույցների, ինչպես նաև վարձկանների վկայությունների վրա, որոնք GHF-ի գործողությունները նկարագրել են որպես «վտանգավոր չափի չկանոնակարգված» և ապահովված «վատ պատրաստված պահակներով, որոնք գործում են անպատժելիությամբ»։ Ավելի վերջերս, նախկին ԱՄՆ հատուկ ուժերի վարձկան Էնթոնի Ագիլարը, որը աշխատել է GHF-ի կայքում, դարձավ բացահայտող (whistleblower)՝ հայտնելով, որ իսրայելական ուժերը պատրաստ էին կրակել երեխաների վրա և որ նա ականատես է եղել, թե ինչպես են իսրայելացի զինվորներն ու ամերիկացի վարձկանները կրակել անզեն և խաղաղ պաղեստինցի բնակիչների վրա։

Իր հաղորդման մեջ AOHR-ը պնդել է, որ Փափազյանի հայկական քաղաքացիությունը նրան ընդգրկում է Հայաստանի դատարանների և իրավասության մեջ՝ արտասահմանում կատարած հանցագործությունների համար։ Կազմակերպությունը հղում է անում Ժնևյան կոնվենցիաների, Ցեղասպանության կոնվենցիայի և Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությամբ Հայաստանի ստանձնած պարտավորություններին, վերջինս Հայաստանը վավերացրել է 2023 թ. հոկտեմբերին։ «Պարոն Փափազյանի գործողությունները… բավարարում են իրավական համակատարության շեմը և նրան դարձնում են քրեական պատասխանատվության ենթակա՝ ինչպես հայկական օրենսդրությամբ, այնպես էլ միջազգային քրեական իրավունքով»,— ասված է հաղորդման մեջ։ Միջազգային քրեական իրավունքը, նշվում է դիմումում, «հաստատում է անհատական պատասխանատվություն ոչ միայն անմիջական կատարողների, այլև այն անձանց համար, ովքեր ծրագրում, հրահրում, օժանդակում կամ այլ կերպ նպաստում են նման հանցագործությունների կատարմանը»։

AOHR-ը հայտնել է, որ Հայաստանի դատախազություն է ներկայացրել ապացույցներ, այդ թվում՝ ՄԱԿ-ի զեկույցներ, ներքին հաղորդակցություններ և ֆինանսական փաստաթղթեր։ Կազմակերպությունը պահանջում է, որ ուսումնասիրվեն Փափազյանի դերին GHF-ում վերաբերող բոլոր նյութերը և, եթե գտնվեն բավարար ապացույցներ, իրականացվեն իրավական գործողություններ։

«Դավիթ Փափազյանին դատի տալը ցույց կտա Հայաստանի հանձնառությունը արդարադատությանը և միջազգային իրավական կարգին»,-ասված է բողոքում՝ հավելելով, որ նրան պատասխանատվության ենթարկելը կվերահաստատի Հայաստանի խոստումը՝ կանխելու զանգվածային ոճրագործությունների անպատժելիությունը։

Middle East Eye-ն դիմել է Հայաստանի գլխավոր դատախազությանը և GHF-ին մեկնաբանության համար, սակայն նյութի հրապարակման պահին պատասխան չի ստացել։ Փափազյանը հրաժարվել է մեկնաբանել»։

Panorama.am-ը հարցեր կուղղի ՀՀ Գլխավոր դատախազությանը` պարզելու.

1. Գոյություն ունի՞ քրեական վարույթ, որը հարուցվել է Մեծ Բրիտանիայի Մարդու Իրավունքների Արաբական Կազմակերպության (AOHR UK) հաղորդման հիման վրա։

2. Արդյոք ԱՆԻՖ-ին առնչվող քրեական վարույթով ստացվե՞լ են տեղեկություններ ԱՄՆ-ի և/կամ Իսրայելի հատուկ ծառայությունների հետ ընկերության նախկին տնօրեն Դավիթ Փափազյանի առնչության վերաբերյալ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Գազայի ժողովուրդը ի վերջո կազատվի ՀԱՄԱՍ-ից. Դավիթ Փափազյան