Նուբարաշենի աղբավայր՝ մեծ «ռումբ» Երևանի համար
Հասարակություն
14:19 16/08/2025
Հայաստան

Նուբարաշենի աղբավայր՝ մեծ «ռումբ» Երևանի համար

Նուբարաշենի աղբավայրը  մեծ «ռումբ» է Երևանի համար։ Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում նշեց «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ նախագահ,  փորձագետ Ինգա Զարաֆյանը։

Նշենք, որ Նուբարաշենի աղբավայրի հրդեհը թեև մարվել է, սակայն աղբավայրը շարունակում է ծխալ՝  թունավոր արտանետումներ տարածելով մթնոլորտում։      

Զարաֆյանի  խոսքով՝ արյումը նոր երևույթ չէ, անընդհատ կրկնվում է։  Հարկ է ընդգծել, որ աղբավայրի վիճակն օրեցօր վատանում է։

«Ամեն օր արտադրում ենք թափոններ, որոնք գնում են նույն աղբավայրը։ Աղբավայրը մեծանում է մեծ արագությամբ,դրան զուգահեռ էլ՝ խնդիրները։ Շուրջ 52 հա աղբավայրի տարածքը ծածկված է բավականին մեծ շերտով վտանգավոր և  ոչ վտանգավոր  թափոններով՝ էլեկտրոնային, բժշկական, թունավոր և այլ։ Այսինքն՝ չտեսակավորված աղբ է, որն անընդհատ կուտակվում է և սկսվում բռնկվել։ Մեթանն անընդհատ կուտակվում է, հետո ինչ-որ հատվածից դուրս է գալիս ու բռնկվում։ Հաճախ կրկնվող երևույթ  էդարձել, ինչը շատ վտանգավոր է։  Աղբավայրն անընդհատ դանդաղ ծխում է և ծուխը միշտ էլ կա, բայց երբ սկսվում է այրվել բարձր ջերմաստիճանի տակ, այրվում է ոչ միայն կուտակված մեթանը , այլև հավաքված թափոնները,մասնավորապես՝ պլաստիկը։ Իսկ արվող պլաստիկի մեջ կան շատ վտանգավոր քիմիական միացություններ։  Այդ պրոցեսում դրանք նորանոր միացություններ են առաջանում, որոնք մեծ քանակության արտանետվում են մթնոլորտ»,- ասաց մեր զրուցակիցը։

Զարաֆյանն ընդգծեց, որ արտանետումները վնաս են հասցնում ոչ միայն Երևանին, այլև հարակից բնակավայրերին։

«Քամին փչում է և աղտոտվածությունը ՝ տարածվում, ոչ միայն Երևանում են խեղդվում, այլև՝ հարակից համայնքներում։ Եվ ամեն անգամ այս նույն խնդիրը կրկնվում է։ Մենք պետք է շտապ ձևով հա ռեաբիլիտացիայի ենթարկենք այդ կուտակված աղբը»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է խնդրի լուծմանն, ապա Զարաֆյանն ասաց, որ այժմ դժվար է պատկերացնել  թե, ինչպիսի լուծում կգտնեն, քանի որ իրավիճակը գնալով վատթարանում է։

«Իհարկե, նախկինում Նուբարաշենի աղբավայրի համար փորձել են իհարկե լուծումներ տալ։ Կհիշեք, երբ ճապոնական ընկերությունը առաջարկում էր կուտակված մեթանից արտադրել էլեկտրականություն, բայց իրենց աշխատանքը չաշխատեց։ Այսինքն՝ տեխնոլոգիան գործեց, սակայն զուտ պայմանավորվածությունների շրջանակում ընդհանուր հայտարարի չգալով , չիրականացավ։ Հիմա մենք ուղղակի այրում ենք գազը՝ ոչ մի օգուտ չստանալով։ Ամեն դեպքում, ճապոնացիներից հետո մնում է աշխատող տեխնոլոգիան, սակայն չգիտեմ, թե ինչու չեն օգտագործում։ Նուբարաշենի աղբավայրի խնդրի լուծումն իհարկե թանկարժեք է, սակայն հիմա շատ ավելի թանկ է նստում հանրային առողջության վրա։ Աղբավայրը հատուկ փակվող շերտով պետք է ծածկել։ Մասնագետներն  իհարկե առաջարկում են լուծումներ, սակայն սակայն դրանով չեն լուծվում մեր ստորգետնյա ջրերի աղտոտումը։ Պետք է նաև նշել, որ կուտակված աղբը աղտոտում է ստորերկրյա ջրերը, որոնք հոսում են Արարատի մարզ, որտեղ ակտիվ զբաղվում են ձկնաբուծությամբ։

Ինգա Զարաֆյանի գնահատամամբ Նուբարաշենի աղբավայրի խնդիրը պահանջում է բազմակողմանի լուծում՝ սկսած տեսակավորումից վերջացրած աղբի այրման գործարանի հիմնամբ։

«Այս պահին  կան ինչ-որ լուծումներ, որոնք կետային են։ Նույն Համաշխարհային բանկի ծրագիրը, որը փորձում են իրականացնել , կետային լուծում է և քանի տարի հետո կանգնելու ենք նույն խնդրի առջև։  Անհրաժեշտ է համակարգային լուծում, որը այս պահին չենք տեսնում»,-ամփոփեց Զարաֆյանը։

  

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Նուբարաշենի աղբավայր՝ մեծ «ռումբ» Երևանի համար