Միլիարդավոր դրամների բարեգործություններ, ներդրումներ կատարած, հազարավոր մարդկանց ճակատագրեր փոխած Կարապետյանը 60-ամյակը նշում է բանտում
Քաղաքական
15:25 18/08/2025
Հայաստան

Միլիարդավոր դրամների բարեգործություններ, ներդրումներ կատարած, հազարավոր մարդկանց ճակատագրեր փոխած Կարապետյանը 60-ամյակը նշում է բանտում

Կալանավորումից ուղիղ երկու ամիս անց ԱԱԾ մեկուսարանում այսօր ծննդյան 60-րդ տարեդարձն է նշում հայտնի գործարար, բարերար Սամվել Կարապետյանը։ Մի քանի օր առաջ Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Տիգրան Դավթյանը որոշեց Կարապետյանի կալանքի ժամկետն ավելացնել ևս երկու ամսով։

Անազատության մեջ գտնվող Կարապետյանին այսօր տարեդարձի առթիվ շնորհավորել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, հարազատները, ընտանիքի անդամենը, ընկերները, մտերիմները,  համախոհները։ 

Panorama.am-ն այսօր ի մի է բերում Կարապետյանի ֆինանսավորմամբ տարբեր տարիներին իրականացրած բարեգործությունները, որոնք լուսաբանվել են ԶԼՄ-ներում։ Վստահ ենք, որ սա ամբողջ ցանկը չէ, տարիներ շարունակ Կարապետյանի հիմնադրած «Տաշիր» բարեգործական հիմնադրամի միջոցներով ազգանպաստ գործերն արվել են Արցախից մինչև Լոռի՝ փոխելով մարդկանց կյանքի որակը, կանգնելով  մշակութային ժառանգության կողքին, զարգացնելով սպորտը...

2013թ. սեպտեմբերի 24-ին Արցախի մայրաքաղաքում մեծ հանդիսավորությամբ բացվեց Ստեփանակերտի բժշկական կենտրոնը՝ հագեցած  Ժամանակից սարքավորումներով, նորագույն կահույքով և անհրաժեշտ պարագաներով։
«Շուրջ 22 մլն դոլարի չափով ներդրում է կատարվել Սամվել Կարապետյանի կողմից՝ բժշկական հիվանդանոցի կառուցման և վերազինման համար, ինչը սակայն բարերարի միակ բարեգործությունը չէ. նա աջակցել է նաեւ Մարտունիում և Շուշիում իրականացվող մի շարք աշխատանքներին, իսկ այս տարի էլ պատրաստակամություն է հայտնել օժանդակել Մարտակերտ-Վարդենիս ավտոճանապարհի կառուցմանը»,-գրեց մամուլը։ 

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն ու «Տաշիր» բարեգործական հիմնադրամի իրականացրած համատեղ ծրագրով Գյումրիում ու Վանաձորում վագոն-տնակներում ապրող ավելի քան 2 տասնյակ ընտանիքներ բնակարան ստացան։

Սամվել Կարապետյանը «Հայաստան» համահայկական հիմնադրամի խորոշ նվիրատուներից է։ Դեռ 2018-ին մամուլը գրեց. ««Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենախոշոր նվիրատուն ռուսաստանաբնակ Սամվել Կարապետյանն է, որի նվիրատվությունների ընդհանուր գումարը մոտեցել է 25 միլիոն դոլարի սահմանին:

2019 թ. մարտին Տաշիր ընկերությունների խումբը  Արցախի 201 ընտանիքներում 2018թ.-ին ծնված 4-րդ երեխաններին պարգևավճարների հանձնեց։  4-րդ երեխայի համար նախատեսված պարգևավճարը 4000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ էր: Ծրագիրը բազմամյա էր։

2019թ. մայիսի 25-ին Տաշիր քաղաքում հանդիսավորությամբ բացվեց  «Տաշիրի մշակույթի կենտրոն» ՀՈԱԿ-ի վերակառուցված շենքը: Շինարարական աշխատանքները սկսվել էին  2017 թ. «Տաշիր» բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ և ֆինանսական աջակցությամբ: Շենքի վերակառուցման և գույքի ձեռքբերման համար «Տաշիր» հիմնադրամը ներդրել է շուրջ 400 մլն. դրամ:

2019-ի հունիսի 1-ին վերակառուցման լայնածավալ աշխատանքների ավարտից հետո բացվեց Երևանի գլխավոր պողոտայի զբոսահամալիրը։ Տարածքի բարեկարգումն ամբողջությամբ իրականացրել է  «Տաշիր» ընկերությունների խումբը՝ Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցությամբ:  Սարյան-Մաշտոց հատվածում գտնվող նոր հանգստի գոտու բարեկարգման աշխատանքներն սկսվել են 2015թ.: Շինարարության նախաձեռնողը և հովանավորը «Տաշիր» բարեգործական հիմնադրամն է, որի հիմնադիր նախագահը Սամվել Կարապետյանն է: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 15 մլն ԱՄՆ դոլար։

2020թ. Կորոնավիրուսի համավարակի օրերին Սամվել Կարապետյանի ֆինանսավորմամբ Ռուսաստանից իրենց տներ վերադարձան բազմաթիվ հայորդիներ։ Այդ օրերին  «Տաշիր» բարեգործական հիմնադրամը հարյուր միլիոնդրամներ  տրամադրեց Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցին  հիվանդանոցի բժշկական անձնակազմի խրախուսման ու ժամանակակից սարքավորումներով վերազինման համար։ Մի քանի տասնյակ մլն դրամ էլ փոխանցվեց կառավարության բացած հատուկ հաշվեհամարին։

Անցած տարի ավարտվեց Էջմիածնի Մայր Տաճարի վերակառուցումը, որին մեծապես աջակցել էր Սամվել Կարապետյանը։ Էջմիածնի նստավայրի վերակառուցման աշխատանքները սկսվել են 2010 թվականին գործարար, «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր ու նախագահ Սամվել Կարապետյանի ջանքերով, որը շինարարության մոտ 10 տարիների ընթացքում մոտ 30 միլիոն դոլար է նվիրաբերել։

«Մայր տաճարի վերանորոգման առիթով ազգային-եկեղեցական բարերարներին Հայոց Հայրապետի կողմից «Նորահաստատ Սուրբ էջմիածին» և «Դուստր Սուրբ էջմիածին» բարձրագույն շքանշաններ հանձնվեցին «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի սեփականատեր Սամվել Կարապետյանին, բարերարներ Վաչե Մանուկյանին և Թամար Մանուկյանին, Պերճ Սեդրակյանին ու Վերա Սեդրակյանիմ, Էրիկ Իսրայելյանին և Միլանա Իսրայելյանին, Նուբար Աֆեյանին և այլ բարերարների»,-գրեց  մամուլը։

2020 թ. Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբ «Տաշիր» բարեգործական հիմնադրամը հայտարարեց  Բեյրութի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցին վերականգնելու համար 200 հազար ԱՄՆ դոլար կհատկացնելու մասին, որը վնասվել է պայթյունից: Զոհված հայերի ընտանիքներից յուրաքանչյուրին 10 հազար ԱՄՆ դոլար հատկացվեց։

Բացի վերոնշյալ ու այլ բազմաթիվ բարի գործերը Սամվել Կարապետյանը բազմամիլիոնանոց ներդրումներ է կատարել Հայաստանում՝ նպաստելով տնտեսության զարգացմանը, ստեղծելով հազարավոր աշխատատեղեր, վճարելով  խոշոր հարկեր։ «Տաշիր» ընկերությունների խմբի ներդրումները Հայաստանի տնտեսությունում վերջին 20 տարիների ընթացքում կազմել են շուրջ 1 մլրդ դոլար, 180 մլն դոլարի չափով օգնություն կարիքավորներին, միլիոնավոր դրամների աջակցություն սպորտի զարգացմանը։

Հիշեցնենք, որ 2025թ. հունիսի 18-ին, Սամվել Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչը, որը կատարվել է հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործությունները կամ զանգվածային լրատվության միջոցները կամ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով:

Ավելի վաղ Սամվել Կարապետյանը, news.am կայքին տված հարցազրույցում անդրադառնալով եկեղեցի-իշխանություն հարաբերություններին, ասել է. «Մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայոց եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա...։ Քանի որ ես միշտ եղել եմ հայոց եկեղեցու կողքին ու հայ ժողովրդի կողքին, ունենալու եմ անմիջական մասնակցություն։ Եթե չհաջողվի քաղաքական գործիչներին, ուրեմն մենք էլ մեր ձևով ենք մասնակցելու էդ ամեն ինչին»:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Միլիարդավոր դրամների բարեգործություններ, ներդրումներ կատարած, հազարավոր մարդկանց ճակատագրեր փոխած Կարապետյանը 60-ամյակը նշում է բանտում