Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Կրթությունը բիզնես չէ, այն համակարգ է, իսկ նրա պատասխանատուն Նախարարությունն է. Սերոբ Խաչատրյան
Կառավարության օգոստոսի 14-ի նիստում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը զեկուցեց դպրոցներին աջակցության ծրագրի մասին, ըստ որի, բարձր կատարողական ցուցաբերած դպրոցներին մրցութային հիմունքներով նախատեսում են տրամադրել լրացուցիչ ֆինանսավորում՝ տարեկան մինչև 10 մլն դրամ,որը կարող է ուղղվել ընթացիկ ծախսերին, իսկ ցածր կատարողականի դեպքում գնահատվելու է ամբողջ համակարգը՝ ամեն տարի հոկտեմբերից տեղեկատվական համակարգում առկա տեղեկատվության հիման վրա ձևավորվելու է ինքնաշխատ հաշվետվություն և առանձնացնելու են ամենացածր արդյունք գրանցած 40 հաստատությունները, որոնցից էլ ամեն տարի ընտրեվելու է 30 ուսումնական հաստատություն և նրանց կցվելու են մենթոր դպրոցներ, որոնք դպրոցի բարելավման ծրագրով 2 տարի աջակցություն են ցուցաբերելու, իսկ դրա համար լրացուցիչ ֆինանսավարում է հատկացվելու՝ տարեկան բյուջեի 5%-ի չափով, որը չի կարող փոքր լինի 5 մլն դրամից։ Նման ծրագրի ընդունման նպատակահարմարությունը և արդյունավետությունը գնահատելու համար Panorama.am-ը դիմեց ԵՊՀ դասախոս, կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանին։
Ս. Խաչատրյան-Նմանատիպ մի բան Հայաստանում կար մոտավորապես 15 տարի առաջ, այն կոչվում էր ռեյտինգավորում։ Իհարկե, այն ժամանակ ֆինանսական կոմպոնենտ չկար, լավագույն դպրոցների ռեյտինգներն էին որոշվում։ Մի երկու տարի աշխատելոից հետո համակարգը չեղարկվեց,քանի որ դպրոցները շատ դժգոհ էին, շատ սուբյեկտիվ տարրեր կային և այլն։
Հիմա այս համարկարգը, որ շեշտը դնում ես լավագույններին խրախուսելու և հետ մնացողներին օգնելու վրա, այն հին համակարգ է, այսպես կոչված՝ նեոլիբերալ համակարգ է, որտեղ դու ի ցույց ես դնում քո ուժեղներին և թույլերին։
Այս մոտեցումը, ըստ էության, պատասխանատվությունը դնում է դպրոցների վրա, որովհետև մյուս մոդելի պարագայում պետությունն է ստանձնում պատասխանատվությունը և ասում է՝ ես պետք է ստեղծեմ այնպիսի համակարգ, որ իմ մոտ դպրոցների միջև էական տարբերություններ չլինեն։ Բայց այս պարագայում պետությունը մեղքը գցում է դպրոցների վրա, ասում է, եթե դու թույլ դպրոց ես, մենք քեզ փող կտանք, կօգնենք, որ դու ուժեղանաս, բայց՝ ընդամենը 30 դպրոցին։
Հետո այստեղ շատ խնդիրներ կան, դուք պատկերացնում եք, որ ծնողն իմանում է, որ իր թաղամասի դպրոցը, ասենք, Հայաստանի 30 վատագույն դպրոցներից է։ Դա բերելու է նրան, որ, չեմ ասի, թե փակվելու են, բայց այդ դպրոցներ գնալու են էն խավի երեխաները, որոնց ծնողներն անվճարունակ են, կամ տվյալ դպրոցի ուսուցիչների երեխաները, որպեսզի դպրոցը չփակվի։ Այս փոփոխությունը բերելու է նրան, որ այդ դպրոցներն ավելի են մարգինալացվելու, որովհետև, անգամ եթե նախարարությունը չհրապարակի, թե որոնք են Հայաստանի 30 վատագույն դպրոցները, այն միևնույնն է իմացվելու է, այդ դպրոցներին մենթոր է կցվելու և այլն և ուսուցիչների բերանով այն տարածվելու է։
Մենք իրականում այդ ձևով ճիշտ չենք անում։ Մեր խնդիրը համակարգը լավացնելն է, ոչ թե դպրոցների խնդիրեն է։ Համակարգը եթե լավանում է, դպրոցը սկսում է լավ աշխատել։
Այս երկու մոդելներն է։ Առաջ կար այդ մոդելը, որ ասում էին՝ լավագույններ ջան, եկեք ձեզ խրախուսենք, վատագույններին փորձենք օգնել, իսկ այստեղ 40 դպորցին խրախուսում ենք, իսկ 30-ին օգնում, բայց Հայաստանն ունի 1400 դպրոց, իսկ այն մնացած մոտավորապես 1330-ը այս ռեֆորմից ոչինչ չեն ստանում, նրանց միակ նպատակն այն է լինելու, որ իրենք էլ փորձեն այդ 40-ի մեջ մտնեն, բայց այն այդքան էլ հեշտ խնդիր չի լինելու, որովհետև մենք անընդհատ բողոքում ենք, թե ուսուցիչները գիտելիք չունեն և այլն, բայց ով է դրա պատասխանատուն, ինչու համակարգերը նորմալ չեն աշխատել։
Panorama.am-ԿԳՄՍ-ն հայտարարում է թե մենթոր դպրոցների միջոցով կլուծի որակի խնդիրը։
Ս. Խաչատրյան-Այդ ռեֆորմի վատն այն է, որ գնդակը գցում է դպրոցների դաշտը՝ ասելով՝ դուք տեսեք, թե ինչ եք անում։ Ընդորում, այնտեղ շատ սուբյեկտիվ բաներ են մեջտեղ գալու, գնահատման գործիքները, մյուս կողմից եթե մի դպրոց կա, որը թույլ է և այնտեղ կա 2-3 լավ ուսուցիչ, ապա ուժեղ դպրոցները կփորձեն նրանց էլ տանել իրենց մոտ։ Ֆուտբոլի նման մի բան է լինելու՝ ստեղծվելու են «Բարսելոնայի», «Ռեալ»-ի նման դպրոցներ, իսկ մյուս դպրոցները լինելուեն նաև 3-րդ-4-րդ դիվիզիոնի դպրոցներ։
Panorama.am-ԿԳՄՍ նախարարությունն այս տարի էլ դպրոցներին 12 դասագրկով պակաս է ապահովել։ Այլ կերպ ասած՝ չի կարողանում պայմաններ ապահովել որակյալ կրթության համար, հետո հերոսաբար իր ստեղծած հիմնախնդիրներն է փորձում լուծել՝ պարտավորություններ դնելով դպրոցների և ուսուցիչների վար։
Ս. Խաչատրյան-Պատահական չէ, որ հաճախ ուսուցիչներն ասում են՝ եկեք սկսենք նախարարությունից։ Ենթադրենք, ուսուցիչների կամավոր ատեստացիա ենք անում, իսկ ինչո՞ւ չենք սկսում վերևից։ Մեզ պետք է, որ նախարարությունը ստանձնի համակարգի լավ գործունեության պատասխանատվությունը։ Այս ձևով մենք այն գցում ենք դպրոցների վրա։ Տեսեք՝ կամավոր ատեստացիան դրական բաներ ունի, բայց դրա վատն այն է, որ եթե դու ասում ես՝ դասատու ջան, եթե դու ստանում ես 80 հազար դրամ, դու ես դրա մեղավորը։ Բայց ով է այդ ուսուցչին բարձրագույն կրթություն տվել, ով է այդ ուսուցչին վերապատրաստում, պետությունը չէ՞։ Բա այդտեղ հարց է առաջանում, թե ինչու իրեն նորմալ կրթություն և վերապատրաստում չեք ապահովել։ Օրինակ,արդյոք այն վերապատրաստումները, որ անում է պետությոնը, դրանք լավ մակարդակի են, ով է դրա պատասխանատուն, եթե դրա մակարդակը վատն է, նախարարությունը, չէ՞, բայց ինչպես է այդ պատասխանատվությունը դրսևորվում՝ ոչ մի կերպ։ Բայց հիմա մենք դպրոցի ուսուցչի վրա դնում ենք պատասխանատվություն, ասում ենք՝ եթե դու երկու անգամ չանցար կամավոր ատեստավորումը, դուրս ես գալիս դպրոցից, եթե դպրոցիդ վարկանիշը ցածր է՝ պետք է ազատվես աշխատանքից։
Այս համակարգը ժամանակին ներդրվել է Արևմտյան երկրներում նեոլիբերալ, շուկայական մոտեցում է։ Հիմա նույնը դնում ենք դպրոցների վրա, ասում ենք նրանց մի մասը պետք է լինեն լիդեր դպրոցներ, մեծ մասը միջակ դպրոցներ, մի մասն էլ թույլ։ Շուկայական մոտեցում են ցուցաբերում
Կրթության պարագայում այն այդպես չի աշխատում, կրթությունը բիզնես չէ, այն համակարգ է։ Համակարգը պետք է լավ աշխատի, բոլոր օղակները։