«Ժողովուրդ». Միքայել Սրբազանի գործը քննող դատավոր Արմինե Մելիքսեթյանը 2024 թվականին գույքային մեծ առաջխաղացում է ունեցել
Օրվա մամուլ
08:53 21/08/2025
Հայաստան

«Ժողովուրդ». Միքայել Սրբազանի գործը քննող դատավոր Արմինե Մելիքսեթյանը 2024 թվականին գույքային մեծ առաջխաղացում է ունեցել

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Պաշտոնական աղբյուրների ուսումնասիրությամբ «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ Միքայել Սրբազանի գործը քննող դատավոր Արմինե Մելիքսեթյանը 2024 թվականին գույքային մեծ առաջխաղացում է ունեցել։ 2023 թվականին Արմինե Մելիքսեթյանը նշանակվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր։

2024 թվականի անշարժ գույքի, եկամուտների, շահերի և ծախսերի հայտարարագրի համաձայն՝ դատավոր Մելիքսեթյանը տարեսկզբին հայտարարագրել է 1 անհատական բնակելի տուն և 3 հողամաս։ Տարվա ընթացքում ձեռք է բերել բնակարան բազմաբնակարան բնակելի շենքում և ավտոկայանատեղի։ Բնակարանն արժեցել է 31 մլն 791 հազար դրամ, իսկ ավտոկայանատեղին՝ 2,5 մլն դրամ։ Գնումն իրականացվել է «ՄԼ Մայնինգ»-ից։ Արդյունքում, տարեվերջի դրությամբ, դատավոր Մելիքսեթյանը ունի 6 անշարժ գույք։

Տրանսպորտային միջոցներ դատավորը չի հայտարարագրել, սակայն ունի մեկ Toyota մակնիշի մեքենա, որը սեփականության իրավունքով իրեն չի պատկանում, սակայն շահագործվում է իր կողմից։

«Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական փաստաթղթերի ուսումնասիրությամբ պարզեց, որ դատավորի կանխիկ դրամական միջոցը կազմում է 4 մլն դրամ։ Հաշվետու տարվա եկամուտները կազմել են 16 մլն 902 հազար դրամ, որից 13 մլն 856 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է ՀՀ ԲԴԽ Դատական դեպարտամենտից։

Մելիքսեթյանը դասավանդում է նաև Երևանի Գլաձոր համալսարանում և ՀՀ ՆԳՆ կրթահամալիրում, որտեղից ստացել է գրեթե 480 հազար դրամ։ Իսկ ՀՀ ՊԵԿ-ից ստացված 2 մլն 560 հազար դրամը եկամտահարկի վերադարձ է՝ հիփոթեքով գնած բնակարանի մայր գումարը մարելու համար։ Մելիքսեթյանի ստացած վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 25 մլն 245 հազար դրամ»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Ժողովուրդ». Միքայել Սրբազանի գործը քննող դատավոր Արմինե Մելիքսեթյանը 2024 թվականին գույքային մեծ առաջխաղացում է ունեցել