Ի՞նչ անել օձի խայթոցի դեպքում. խորհուրդներ՝ մասնագետից
Առողջություն
12:10 25/08/2025
Հայաստան

Ի՞նչ անել օձի խայթոցի դեպքում. խորհուրդներ՝ մասնագետից

Հայստանում տարածված 22 տեսակից թունավոր են միայն 4 տեսակի իժերը՝ գյուրզան, հայկական իժը, Դարևսկու իժը և Երևանյան տափաստանային իժը: Օձերը նախահարձակ չեն և խայթում են միայն ինքնապաշտպանության նպատակով: «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի թունաբանության և մանկական վերակենդանացման կլինիկայի ղեկավար Մարինե Գրիգորյանի փոխանցմամբ՝ իժերի թույնը ունենում է տեղային և համակարգային ազդեցություն՝ զարգացնելով արյան, մակարդելիության, սիրտ անոթային համակարգի, նաև կծած տեղում մաշկի և մկանների ծանր ախտահարում:

Տեղային ազդեցություն (15 րոպեից - մի քանի ժամերի ընթացքում)

. ճառագայթող բնույթի ցավ (վերջույթից դեպի թևատակ/աճուկ)

. կծած տեղում հարաճուն այտուցի զարգացում և տարածում դեպի հարակից հատվածներ (կծած վերջույթից դեպի իրան, գոտկատեղ)

. առավել վտանգավոր է պարանոցի և գլխի շրջանում կծածը, երբ այտուցը սպառնում է շնչուղիների անցանելիության խանգարմանը

. կծած տեղի ավշահանգույցների և ավշային անոթների զգայունություն (թույնը տարածվում է ավշային ուղիներով և ավշահանգույցների մեծացումը կանխորոշում է ծանր սիստեմոտոքսիկ ազդեցություն)

. կծածի հետքեր․ թունավոր ժանիքների երկու կամ մեկ կետային ատամնա հետքեր, իսկ կրկնակի կծածի դեպքում` բազմակի կետային կամ քերծված վերքերի տեսքով,երբեմն նաև ատիպիկ, առանց բնորոշ ատամնահետքերի,

. թունավորումը վկայող տեղային բնորոշ նշաններից են հարաճուն այտուցը, կարմրությունը, կապտուկները, արյունազեղումները, էկխիմոզները, բուլաները, մեռուկային օջախները:

Համակարգային ազդեցություն (5 րոպեից - մի քանի ժամերի ընթացքում)

. տագնապ, ընդհանուր թուլություն, գլխապտույտ,ծանր դեպքերում՝ գիտակցության ընկճում

. սրտխառնոց, փսխումներ, մետաղական համ բերանում, փորացավ, գլխացավ, դող, գերքրտնություն

. հաճախաշնչություն,հաճախասրտություն, արյան ճնշման անկում

. ծանր դեպքերում՝ արյան մակարդելիության խանգարման, հեմոլիզի նշաններ

. կոագուլոպաթիայի, երկրորդային արյունազեղումների, դեպի կծած վերջույթ հեղուկի արտանետման հետևանքով զարգացող հիպովոլեմիան և/կամ թույնի ուղղակի ազդեցությամբ պայմանավորված վազոդիլատացիան/սրտամկանի ընկճումը կարող են հանգեցնել ծանր շոկի:

Ի՞նչ անել եթե խայթել է օձը

. պառկեցնել տուժածին,

. հորդորել, հանգստացնել, բացատրել, որ չշարժի կծած վերջույթը,

. անշարժեցնել կծած վերջույթը ֆունկցիոնալ դիրքով, կծած վերքը պահելով սրտի մակարդակին հավասար դիրքում (վերջույթի ցածր դիրքը կնպաստի այտուցի ավելացմանը, իսկ բարձր դիրքը՝ թույնի արագ ներթափանցմանը),

. կծած հատվածից հեռացնել սեղմող/ճնշող հագուստը,կապերը, կոշիկը, մատանիները և այլ․ պետք չէ հանել չճնշող հագուստը, մաքսիմալ պակասեցնելով ավելորդ շարժումները և թույնի արագ տարածումը,

. չափել և նշել այտուցի մաքսիմալ տարածման սահմանը՝ հետագա համեմատության համար:

Օձի խայթոցի դեպքում արգելված են հետևյալ միջամտությունները

. բերանով կամ մեխանիկական սարքով թույնի արտածծում,

. կտրվածքներ վերքի շրջանում,

. վերքի այրում,

. սառցեպարկեր դնելը,

. ճնշող վիրակապ,

. լարան,

. վերքի մշակում կամ լվացում (եթե հիվանդանոց տեղափոխելը տևում է < 1 ժամ),

. ալկոհոլի ընդունում:

Հավաքագրել անամնեզ

. ճշտել դեպքի վայրը և ժամը,

. ճշտել դեպքի հանգամանքները՝ արդյոք առկա է նաև վնասվածք,

.  հնարավորինս ճշտել օձի տեսակը, օգնում են դիգիտալ նկարները,

. ճշտել մինչև բժշկական փուլում ցուցաբերած բուժօգնությունը,

. ճշտել արդյոք առկա են ուղեկցող հիվանդություններ և ռեգուլյար ընդունվող դեղորայք(ասպիրին, բետա պաշարիչ, ոչ ստերոիդ հակաբորբոքային, հակամակարդիչ դեղամիջոցներ), որոնք կարող են խանգարել կլինիկական գնահատմանը կամ բուժմանը,

. ճշտել, ստացել է արդյոք հակափայտացման պատվաստումը, եթե ոչ, ապա ձեռնարկել անատոքսինի ներարկումը:

Կենսական ցուցանիշների մոնիտորինգ

. գիտակցություն, շնչառություն, պուլս, սրտի ռիթմ, զարկերակային ճնշում, մարմնի ջերմություն, դիուրեզ,

. ապահովել վերջույթի շարունակական անշարժեցումը, չափել և նշել ավելացող այտուցի սահմանները,

բոլոր տուժածները ենթակա են հոսպիտալիզացիայի և նվազագույնը 12 ժամ վերահսկողության և պետք է տեղափոխվեն մոտակա բուժհաստատույթուն, որտեղ հասանելի է հակաթույնը:

Հակաթույնի ներարկման բացարձակ ցուցումներ են՝

. արտահայտված տեղային և համակարգային ախտանիշների առկայությունը

. տեղային այտուցների արագ հարաճը առաջին 2-4 ժամերի ընթացքում վերջույթի կեսից ավելին(վերին վերջույթի դեպքում դաստակից վեր, ստորինի դեպքում՝ կոճից վեր),

.  շոկը,

. աղեստամոքսային ախտանիշներ,

. նյարդաբանական ախտանիշներ:

Նշվում է, որ այս տարի, նախորդ տարիների համեմատ, օձի խայթոցի դեպքերը զգալիորեն նվազել են:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ի՞նչ անել օձի խայթոցի դեպքում. խորհուրդներ՝ մասնագետից