Սամվել Կարապետյանին ես եմ խնդրել, որպեսզի ռուսական մեկ ընկերությունից ձեռք բերի ՀԷՑ-ը․ Սերժ Սարգսյան
Քաղաքական
18:53 26/08/2025
Հայաստան

Սամվել Կարապետյանին ես եմ խնդրել, որպեսզի ռուսական մեկ ընկերությունից ձեռք բերի ՀԷՑ-ը․ Սերժ Սարգսյան

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն անդրադառնալով իմպիչմենտի գործընթացին վերաբերող հարցին, մասնավորապես, թե ինչու այդ գործընթացի շուրջ րհամափմբվեց ընդդիմադիր շրջանակը, նշեց, որ թեև այսօր իմպիչմենտի գործընթացը  չդարձավ համախմբման հարթակ, սակայն դա չի նշանակում, որ այդ  օրակարգն այլևս  գոյություն չունի։

«Իմպիչմենտի գործընթացը մեր  նպատակն է, մեր ծրագրի բաղկացուցիչ մասը դա է։ Եթե  ուրիշներն այլ ծրագիր ունեն, մենք հաճույքով կդիտարկենք և կառուցողական մոտեցում ցույց կտանք»,- ընդգծեց Սարգսյանը։

Հարցին, թե փողոցային պայքար արդյոք նախատեսում են, ՀՀ երրորդ նախագահն արձագանքեց․ «Առանց  պայքարի չի կարող լինել անվստահության գործընթաց»։

Նա նաև նշեց, որ Հանրապետական կուսակցության ներսում դեռևս չեն քննարկվում 2026թ․-ի խորհրդարանական  ընտրություններին մասնակցելու հարցը, քանի որ այս պահին օրակարգում անվստահություն հայտնելու գործընթացն է։ 

 Անդրադառնալով Սամվել Կարապետյանի քաղաքական ուժի  հետ հնարավոր համագործակցությանն, ապա Սերժ Սարգսյանը նշեց, որ պատրաստ են յուրաքանչյուր ընդդիմադիր ուժի հետ համագործակցության, եթե  այդ գործակցության ձևերն ու  մեթոդներն ընդունելի են։ 

«Սամվել Կարապետյանին ես եմ խնդրել, որպեսզի ռուսական մեկ այլ ընկերությունից ինքը ձերք բերի Հայաստանի էլեկտրական ցանցերը, որովհետև էլեկտրական ցանցերը, իրոք, շատ վատ վիճակում էին, և պետք էր մարդ, որը սրտացավություն կցուցաբերեր պետք էր մարդ, որը կցանկանար տևական ժամանակ  շահույթ չհետապնդել, այլ՝ ներդրումներ անել, ինչը գոնե մինչև 2018թ․-ը Սամվել Կարապետյանը կատարել է։ Ես չգիտեմ, դրանից հետո շարունակվել է, թե՝ոչ, թեև կարծում եմ, որ շարունակված կլինի»,- ասաց նա։

ՀԷՑ-ի ազգայնացման գործընթացին Սերժ Սարգսյանը նշեց, որ վատ է վերաբերում։ 

«Ի՞նչ է նշանակում ազգայնացնել, ի՞նչ է նշանակում հապշտապ օրենք ընդունել, այդ օրենքով ինչ-որ նշանակումներ անել, ուրիշի սեփականությունը կառավարել, մարդկանց ազատել, որ ֆինանսական միջոցներ տնօրինել։ Ես այդ ամենին վատ եմ վերաբերվում, բայց դե, կտեսնենք, համենայնդեպս, արբիտրաժի որոշում կա, դատական պրոցեսներ են լինելու» ,- հավելեց ՀՀ երրորդ նախագահը։

Սերժ Սարգսյանը նաև չբացառեց, որ այս բոլոր գործողությունների նպատակը կարող է լինել նաև առաջիկա ընտրությունները, քանի որ ՀԷՑ-ը բավականին մեծ ռեսուրս է։

Ավելի մանրամասն՝ տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Սամվել Կարապետյանին ես եմ խնդրել, որպեսզի ռուսական մեկ ընկերությունից ձեռք բերի ՀԷՑ-ը․ Սերժ Սարգսյան