Գյումրիում կալանավորվել է թմրամիջոց տեղադրող օտարերկրացի
Իրավունք
12:53 27/08/2025
Հայաստան

Գյումրիում կալանավորվել է թմրամիջոց տեղադրող օտարերկրացի

Համայնքային ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ օտարերկրյա քաղաքացի մի երիտասարդ ձեռք բերում և Գյումրի քաղաքի տարբեր վայրերում փաթեթներով տեղադրելու միջոցով իրացնում է թմրամիջոց։ ՆԳՆ ոստիկանության հաղորդմամբ, տեղեկությունը ստուգվել է  օգոստոսի 22-ին: Երեկոյան ժամը 8-ին Գյումրու «Գորկու» անվան կենտրոնական զբոսայգում տեսնելով իրեն մոտեցող ոստիկաններին` 24-ամյա երիտասարդը դիմել է փախուստի: Հասնելով Տերյան փողոց` երիտասարդը փախչելիս մի քանի փաթեթ գցել է բակերից մեկում, ապա բռնվել ու ձերբակալվել։

Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է 11 փաթեթ` ընդհանուր մոտ 14 գրամ մարիխուանայով: Նա հայտնել է, որ մարիխուանան իրացնելու նպատակով ձեռք է բերել «Տելեգրամ» հավելվածի միջոցով։

Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ հայտնաբերվել են նաև զբոսայգում երիտասարդի տեղադրած հինգ և փախչելիս նետած ութ փաթեթները։

24-ամյա օտարերկրացին կալանավորվել է:

Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Գյումրիում կալանավորվել է թմրամիջոց տեղադրող օտարերկրացի