Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Այս տարի առաջին դասարանում աշխատելու ենք նոր չափորոշչով, կան նոր այբբենարաններ. Անդրեասյան
«Այս տարվանից դպրոցների 1-11 դասարանները ներառյալ կգործեն նոր չափորոշչով»,-ասուլիսում ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։
Նա հայտարարեց, որ այս տարի առաջին դասարանում աշխատելու են նոր չափորոշչով, ունեն նոր այբբենարաններ, ուսուցման մեթոդներում նորություններ են առաջարկված։
Ժ. Անդրեասյանը տեղեկացրեց, որ վերջին երեք տարիների ընթացքում տպագրել են ավելի քան 220 դասագիրք։
«Հաճախ լսում եմ շարունակվող լուրեր, թե մենք ունենք խնդիր դասագրքերի հետ կապված և կան դասագրքեր, որոնք բացակայում են կամ պակասում են։ Ուզում եմ այս հարցին անդրադառնալ այն ձևով, որ, հուսով եմ այլևս չշահարկվի։ Մենք ավելի քան 220 տարբեր դասագրքեր ենք հրատարակել, 159 անուն դասագրերի մասին է խոսքը:
Սա ամբողջությամբ ծածկում է դպրոցական կրթության կարևորագույն առարկանները: Մենք ունենք որոշ առարկաններ, որոնց շրջանակում դեռևս օգտագործում ենք հին դասագրքեր: Սա նշանակում է, որ այդ առարկաների ուսուցումն իրականացվում է այս պահին գործող և արդեն որոշ ժամանակ դպրոցներում գործածվող դասագրքերով։ Խոսքը հիմնականում 10-11-րդ դասարանների քիմիա և կենսաբանություն, 11-րդ դասարանի ռուսերեն և հանրահաշիվ առարկանների դասագրքերի մասին է»,- ասաց նա։
Ժ. Անդրեասյանի խոսքով, որդեգրել են մոտեցում՝ ավագ դասարաններում հրաժարվում են միայն դասագրքային ուսուցումից և անցնում են ուսումնական թղթապանակների: Մասնավորապես՝ պատմության պարագայում այս մեթոդով են ուսուցում իրականացնում, զուգահեռաբար 10-11-րդ դասարանների «Հայաստանի պատմության» դասագրքերի մրցույթներ են հայտարարված:
«Դպրոցները բոլորն ունեն անհրաժեշտ դասագրքերն ուսուցումն իրականացնելու համար», - ասաց նա։