Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Վիտամինների և հանքանյութերի ոչ բավարար օգտագործումը կարող է հանգեցնել լուրջ ֆիզիոլոգիական և իմունաբանական խանգարումների
Վիտամիններն ու հանքանյութերը կենսական նշանակություն ունեն օրգանիզմի կենսաբանական գործընթացների բնականոն գործունեության ապահովման մեջ։ ԵՊԲՀ առողջապահության ծրագրերի ազգային գիտահետազոտական «Հերացի» կենտրոնը ներկայացրել է վիտամինների և հանքանյութերի՝ երեխաների և տարեցների առողջության պահպանման համար կարևորությունը, կենսական նշանակությունը, դեֆիցիտների հետևանքները և անվտանգ օգտագործման սկզբունքները։
Իմունային համակարգի աջակցություն․ վիտամին C-ն, վիտամին D-ն և ցինկ հանքանյութը նպաստում են իմունային համակարգի ամրապնդմանը՝ ապահովելով պաշտպանություն վարակներից։
Ոսկրային և մկանային համակարգերի զարգացում․վիտամին D-ն և կալցիումը անհրաժեշտ են ոսկրերի ճիշտ ձևավորման համար, հատկապես ակտիվ աճի շրջանում։
Էներգետիկ նյութափոխանակություն․ B խմբի վիտամինները նպաստում են նյութափոխանակության կարգավորմանը և ապահովում են օրգանիզմը էներգիայով՝ աճի և ակտիվության համար։
Մտավոր զարգացում․ B խմբի վիտամինները նպաստում են նյարդային համակարգի զարգացմանը և դրա պահպանմանը։ Նրանք մասնակցում են նեյրոհաղորդիչների սինթեզին, որոնք անհրաժեշտ են նյարդային բջիջների միջև ազդանշանների փոխանցման համար։ Այս վիտամինների բավարար մակարդակը խթանում է ճանաչողական գործառույթների բարելավումը։
Վերոնշյալից պարզ է դարնում, որ վիտամինների և հանքանյութերի ոչ բավարար օգտագործումը կարող է հանգեցնել լուրջ ֆիզիոլոգիական և իմունաբանական խանգարումների։
Հատկապես կարևոր է միկրոսննդանյութերի բավարար մակարդակը բնակչության երկու առավել խոցելի խմբերի՝ երեխաների և տարեցների համար։ Երեխաների մոտ բարձր պահանջարկը պայմանավորված է ինտենսիվ աճով և զարգացմամբ, իսկ տարեցների մոտ՝ տարիքային փոփոխություններով, այդ թվում՝ նյութափոխանակության, սննդանյութերի յուրացման արդյունավետության, ոսկրերի խտության, ճանաչողական գործառույթների, իմունային համակարգի գործունեության և աշխատունակության նվազմամբ, ինչպես նաև տարիքային հիվանդությունների զարգացմամբ։
Միկրոսննդանյութերից շատերը պետք է ամեն օր մուտք գործեն մարդու օրգանիզմ։ Միևնույն ժամանակ, հաճախ հնարավոր չէ սննդից բավարար քանակությամբ վիտամիններ և հանքանյութեր ստանալ, քանի որ ժամանակակից սննդամթերքում դրանց պարունակությունը նվազել է մշակման և երկարատև պահպանման հետևանքով։ Արդյունքում, երեխաները և տարեցները հաճախ չեն կարողանում սննդի միջոցով ստանալ բոլոր անհրաժեշտ միկրոսննդանյութերը։
Ստորև ներկայացված են այն վիտամինների և հանքանյութերի օրինակներ, որոնք դժվար է բավարար քանակությամբ ստանալ սննդից․
Վիտամին D. այն վիտամիններից է, որի անբավարարությունը համարվում է ամենատարածվածներից մեկը և որը բավականին դժվար է բավարար քանակով ստանալ միայն սննդի միջոցով։ Վիտամին D-ի հիմնական բնական աղբյուրը արևի ճառագայթումն է, սակայն քաղաքային կենսակերպի պայմաններում կամ ձմեռային ամիսներին, երբ արևային օրերը քիչ են, մարդու մոտ հաճախ արձանագրվում է դրա պակաս։
Վիտամին K․ անհրաժեշտ է արյան մակարդելիության բնականոն գործընթացների և ոսկրային հյուսվածքի առողջության ապահովման համար։ Վիտամին K-ի հիմնական աղբյուրներն են տերևային կանաչեղենները։
Վիտամին C․ կենսական նշանակություն ունի իմունային համակարգի գործունեության պահպանման, բջիջները օքսիդատիվ վնասումից պաշտպանելու, կոլագենի սինթեզի և երկաթի յուրացման համար։ Վիտամին C-ն առկա է բանջարեղենում և մրգերում, հատկապես՝ ցիտրուսայիններում։ Քանի որ այն չի կուտակվում օրգանիզմում, անհրաժեշտ է, որ երեխաները և մեծահասակները այն ստանան ամեն օր։
Վիտամին E․ անհրաժեշտ է բջիջների առողջության պահպանման և իմունային համակարգի արդյունավետ գործունեության համար։ Տարեցների մոտ վիտամին E-ն, ինչպես նաև այլ հակաօքսիդանտային վիտամինները (A, C, հանքանյութերից սելենը), օգնում է նվազեցնել օքսիդային սթրեսի մակարդակը, որը համարվում է ծերացման և սիրտանոթային հիվանդությունների, քաղցկեղի, կատարակտի և նյարդադեգեներատիվ խանգարումների զարգացման հիմնական մեխանիզմներից մեկը։ Վիտամին E-ի հիմնական սննդային աղբյուրներն են ընկուզեղենն ու բուսական յուղերը։
B խմբի վիտամիններ․ ինչպես արդեն նշվեց, կարևորագույն դեր են խաղում նյարդային համակարգի զարգացման, ճանաչողական ֆունկցիաների, նյութափոխանակության և արյունաստեղծ գործընթացների համար: Դրանց դեֆիցիտը տարածված է երեխաների և մեծահասկաների շրջանում և կարող է հանգեցնել ծանր հետևանքների՝ սկսած ցնցումային նոպաներից մինչև իմունային անբավարարություն։
Երկաթ․ կենսական նշանակություն ունի արյունաստեղծ համակարգի բնականոն գործունեության, հեմոգլոբինի սինթեզի և օրգանիզմի թթվածնային ապահովման համար։ Ակտիվ աճի փուլում գտնվող երեխաների և առանձին դեպքերում մեծահասակների օրգանիզմը պահանջում է առանձնահատուկ մեծ քանակությամբ երկաթ՝ ապահովելու բնականոն աճը, մտավոր և ֆիզիկական զարգացումը։ Երկաթի հիմնական սննդային աղբյուրներն են տավարի միսը, ենթամթերքները, հավկիթները, ինչպես նաև որոշ հացահատիկային մթերքներ։
Վիտամին F (չհագեցած ճարպաթթուներ)․ օգնում է պահպանել նորմալ խոլեստերինի մակարդակը, կայունացնել արյան ճնշումը և վերահսկել մարմնի քաշը։ Մեծահասակների և տարեցների համար այն հատկապես կարևոր է սիրտանոթային հիվանդությունների կանխարգելման նպատակով։ Երեխաների համար վիտամին F-ն նույնպես կարևոր է, քանի որ այն մասնակցում է ուղեղի և տեսողության առողջ զարգացմանը, աջակցում է նյարդային համակարգի գործունեությանը և նպաստում է առողջ աճին։ Հիմնական աղբյուրներն են ընկուզեղենը, յուղոտ ձուկը, տերևային սերմերը և ձիթապտղի յուղը։
Վիտամինների և հանքանյութերի անբավարարության նշաններն են՝
Հաճախակի մրսածություններ և վարակներ, որոնք կարող են վկայել ինչպես երեխայի, այնպես էլ մեծահասակի օրգանիզմում իմունային համակարգի համար կարևոր վիտամինների, ինչպիսիք են վիտամին C-ն, վիտամին D-ն կամ ցինկը, պակասի մասին։
Դանդաղ աճը երեխաների մոտ կամ ոսկրերի խտության ցածր մակարդակը և կոտրվածքները մեծահասակների մոտ կարող են վկայել վիտամին D-ի և կալցիումի անբավարարության մասին։
Ուշադրության կենտրոնացման խանգարումները և արագ հոգնածությունը հաճախ կապված են երկաթի և B խմբի վիտամինների պակասի հետ։
Մաշկի չորությունը, եղունգների փխրունությունը և մազաթափությունը կարող են լինել վիտամին A-ի և վիտամին E-ի անբավարարության նշաններ։
Չնայած վիտամինների և հանքանյութերի էական օգուտներին, դրանց անվերահսկելի կամ ոչ նպատակային ընդունումը կարող է հանգեցնել լուրջ ռիսկերի։
Երեխաների մոտ՝
Վերին թույլատրելի օրական դոզաների գերազանցում (oրինակ, Դանիայում երեխաների 21–73%-ի մոտ արձանագրվել է վիտամին A-ի, երկաթի, յոդի և ցինկի ավելցուկ։
Հիպերվիտամինոզներ. օրինակ, երկաթի ավելցուկը կարող է առաջացնել մարսողական խանգարումներ, իսկ վիտամին C-ի ավելցուկը՝ թունավոր օքսիդացված մետաբոլիտների առաջացում։
Բաղադրիչների անհամատեղելիություն. օրինակ, երկաթը նվազեցնում է վիտամին E-ի ակտիվությունը, իսկ պղինձը կարող է քայքայել վիտամին C-ն։
Ալերգիկ ռեակցիաներ օժանդակ նյութերի նկատմամբ, որոնք առկա են օշարակների և ծամվող ձևերի մեջ:
Տարեցների մոտ՝
Դեղերի հետ փոխազդեցություններ մի քանի դեղամիջացներ օգտագործման պայմաններում:
Հանքանյութերի անտագոնիզմ, օրինակ, կալցիումը և մագնեզիումը կարող են նվազեցնել երկաթի կլանումը:
Անոթների կալցիֆիկացման ռիսկ․ կալցիումի ավելցուկը, հատկապես երբ այն չի համակցվում վիտամին D-ի, K2-ի և մագնեզիումի բավարար ընդունման հետ, կարող է նպաստել անոթների կալցիֆիկացման գործընթացների զարգացմանը։
Ռիսկերի նվազեցման ռազմավարություններ
1. Վիտամինների և հանքանյութերի ընդունումը սկսելուց առաջ բժշկական խորհրդատվությունը պարտադիր է երեխաների և տարեցների համար, հատկապես դեղորայքային բուժման հետ համակցման դեպքում:
2. Արտադրության ժամանակակից տեխնոլոգիաները (օրինակ՝ միկրոկապսուլյացիան, անտագոնիստների առանձին ընդունումը) նվազեցնում են անցանկալի փոխազդեցությունների հավանականությունը:
3. Ծնողների, տարեցների և բժշկական մասնագետների համար իրազեկման ծրագրերը օգնում են խուսափել վիտամինների և հանքանյութերի օգտագործման սխալներից:
«Այսպիսով, վիտամինների և հանքանյութերի հավելյալ ընդունումը կարող է զգալիորեն բարելավել երեխաների և տարեցների առողջությունը՝ ամրապնդելով իմունային համակարգը, լրացնելով դեֆիցիտները, նվազեցնելով վարակիչ հիվանդությունների առաջացման ռիսկը և դանդաղեցնելով ծերացման գործընթացները: Այնուամենայնիվ, նշված օգուտը հասանելի է միայն մասնագիտորեն հիմնավորված և գրագետ մոտեցման դեպքում: Ավելորդ դեղաչափերը, սխալ համակցությունները և անվերահսկելի ընդունումը կարող են վնաս հասցնել և չեղարկել սպասվող ազդեցությունը»,- նշում են կենտրոնից: