Անպայման մտքում պետք է պահենք վերադարձի հույսն ու հավատը. Սամվել Շահրամանյան
Քաղաքական
12:00 02/09/2025
ԼՂՀ

Անպայման մտքում պետք է պահենք վերադարձի հույսն ու հավատը. Սամվել Շահրամանյան

«Դժվար է ելույթ ունենալ մի վայրում, որտեղ հուղարկավորված են անձինք, ովքեր իրենց կյանքն են զոհաբերել, հերոսացել են հանուն նրան որ մենք ունենանք ՀՀև Արցախի Հանրապետություն, որպեսզի կարողանանաք այս օրը նշել, որպես Արցախի Հանրապետության հռչակման օր»,- Եռաբլուրում «Արցախի կանչը» հուշահամալիրի բացման արարողության ժամանակ ասաց Արցախի 5-րդ նախագահ Սամվել Շահրամանյանը

Նշելով, որ հայտնվել ենք դաժան իրականության մեջ՝ Շահրամանյանը բացատրեց, որ այսօր Արցախը համարվում է թոկ ՀՀ-ի վզին, որից պետք էր ազատվել, որպեսզի ստանան հնարավորություն պահպանել ՀՀ-ի անկախությունը, ինքնիշխանությունը։

 «Այստեղ հանգչող մարդիկ զոհվել են հանուն Արցախի, պայքարել են հանուն Արցախի, բայց ցավոք այսօր նրանց հարազատները և հազարավոր արցախցիներ համարվում են փախստական իրենց հայրենիքում։ Նման հուշակոթողը նվիրված կլինի Արցախի գոյապայքարի բոլոր նվիրյալներին, ՊԲ-ի պահեստի պայթյունի հետևանքով զոհված հայրենակիցներին, նվիրված կլինի Արցախում մնացած մեր շիրիմներին»,-ասաց Արցախի նախագահը։

Շնորհակալություն հայտնելով Արթուր Վանեցյանին՝ Շահրամանյանն ասաց. «Այս նախագծի առաջին իսկ օրվանից այդ պատրաստակամությունը հայտնելու և իր ու իր ընտանիքի անձնական միջոցների հաշվին նման հուշակոթող կառուցելու համար։ Նաև անհատական շնորհակալություն եմուզում հայտնել Կարեն Սարգսյանին, որը առաջին օրվանից մինչ այսօր սրտացավ վերաբերմունք է ցուցաբերել հուշակոթողին, ներդրել է անձնական միջոցները, որպեսզի մեր հայրենակիցները տեղ ունենան ծաղիկ խոնարհելու և խունկ վառելու։ Համոզված եմ, որ այս հուշակոթողը դառնալու է նոր սրբավայր՝ ոչ միայն արցախցիների համար։ Մենք շարունակելու ենք այս հուշակոթողում ավանդույթ դարձած մեր սովորությունները՝ տոն ու հիշատակի օրերին այցելել հուշակոթող։ Անպայման մտքում պետք է պահենք վերադարձի հույսն ու հավատը։ Համոզված եմ, որ մի օր դա իրականություն կդառնա»։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Անպայման մտքում պետք է պահենք վերադարձի հույսն ու հավատը. Սամվել Շահրամանյան