«Այս իշխանություններից ամեն ինչ կարելի է սպասել». արցախցի գրող Գուրգեն Գաբրիելյանի բանաստեղծությունը հիմա էլ ուրիշին է վերագրվում
Կրթություն, գիտություն
15:41 03/09/2025
Հայաստան

«Այս իշխանություններից ամեն ինչ կարելի է սպասել». արցախցի գրող Գուրգեն Գաբրիելյանի բանաստեղծությունը հիմա էլ ուրիշին է վերագրվում

Քանի կար արցախցի մանկագիր, բանաստեղծ Գուրգեն Գաբրիելյանի «Ծիտիկ» ստեղծագործությունը մանկական տարբեր գրքերում, դասագրքերում վերագրվում էր Վանո Սիրադեղյանին, հիմա էլ հերթը հասել է Գ.Գեղունուն։  Արփի Վան Սիրադեղյանն  ավելի վաղ հերքել էր, որ այդ բանաստեղծությունն իր հայրն է գրել։

Ինչու է հայտնվել նոր հեղինակ։

«Բանաստեղծությունը երկար տարիներ Վանո Սիրադեղյանին էին վերագրում, բայց նրա ընտանիքի անդամներն էլ հերքեցին այդ պնդումը։ Մինչ այժմ՝ նիկոլյան դասագրքի հրապարակումից առաջ, այլ հեղինակի մասին չեմ հանդիպել։ Ընկերներիցս մեկը ինձ ուղարկեց տեղեկություն, որ հիմա արդեն այլ հեղինակին են վերագրում՝ ոմն Գեղունի։ Ազնվորեն, նման մանկագրի մասին երբևէ չեմ լսել։ Միգուցե դա պայմանավորված է իմ անձնական գիտելիքների պակասով։ Ես կարծում եմ, թե գրքի հեղինակները չեն կարողացել գտնել ոտանավորի իսկական հեղինակին և որևէ նոր գրող են հորինել, կամ էլ, տեսնելով, որ հեղինակը արցախցի է, որոշել են չհիշատակել նրան։ Այս իշխանություններից նման իրավիճակներին ամեն ինչ կարելի է սպասել»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Գուրգեն Գաբրիելյանի թոռնուհին՝ Նարինե Գաբրիելյանը։

Ըստ նրա, հեղինակային իրավունքի խախտմանը պարտավոր են հետևողական լինել կրթության, գիտության, մշակույթի ղեկավար մարմինները, ինչպես նաև հրատարակիչները, որոնք վերահսկում են դասագրքերի բովանդակությունը։

«Բարձրաձայնելը կարևոր է, բայց միայն դրա վրա հույս դնելը բավարար չէ։ Անգամ նոր դասագրքերի դեպքում կան բազմաթիվ գանգատներ. օրինակ՝ այբբենարաններից հանել են Մեսրոպ Մաշտոցի նկարը, պատմության գրքերում կրճատումներ են արել Արցախի վերաբերյալ, նույնիսկ զրպարտություն տարածել Արցախի նախագահի մասին»,- նշեց Ն.Գաբրիելյանը։

Նա ասաց, որ ինքն ու իր ընտանիքի անդամները նույնպես փորձում են հանրայնացնել Գուրգեն Գաբրիելյանի հանդեպ տեղի ունեցած անարդարությունները. «Օրինակ, նրա «Մեր Ղարաբաղ» ոտանավորից հանել են «Մին էլ մեր արդար պիհին կօթ» տողը, և տեքստին ավելացրել մի անհասկանալի ֆիլմի վերնագիր, մինչդեռ ոտանավորը լրիվ ուրիշ բանի մասին էր՝ Արցախի մեծության ու կարևորության մասին։

Նման սխալները ցույց են տալիս, որ միայն հանրային հսկողությունը բավարար չէ. անհրաժեշտ է պաշտոնական և համակարգային վերահսկողություն՝ ճշմարտությունը պահպանելու և սխալները շտկելու համար։

Միայն դա չէ. օրինակ, «Ծափիկ-ծափիկ ծիրանիկը» կամ նման այլ ստեղծագործությունների տողերը հաճախ վերցվում են, բառերը աղավաղվում, և դրանց հիման վրա նոր ստեղծագործություններ են հորինում։ Օրինակ այս տողերը՝ «Ես նստած, ծառի տակ նկարում եմ նապաստակ», հաճախ հանում կամ փոխում են»։

Բանաստեղծի թոռնուհին հայտնեց, որ Գուրգեն Գաբրիելյանի ստեղծագործությունները հեղինակային իրավունքով պաշտպանված են, բայց ներկա պահին չի պատրաստվում դիմել դատարան. «Առաջնային նպատակը ճշմարտությունը բարձրաձայնելն է և հասարակության ուշադրությունը գրավելը, ոչ թե դատական գործընթաց սկսելն է»։

Ն.Գաբրիելյանն ասաց, որ մինչ այս պահը կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն անձամբ չի դիմել, բայց դա չի նշանակում, որ երբևէ պատրաստ չի անել, եթե հարցը դառնա համակարգային և պահանջվի պաշտոնական միջամտություն. «Հիմնական պատճառը, որ դեռ չեմ դիմել, այն է, որ նպատակս սկզբում հասարակության մեջ հանրայնացնելն է, բարձրաձայնելն ու ճշմարտությունը պաշտպանելն է»։

«Հասկանում եմ, որ երբևէ մեզ մոտ անգամ չէր անցել մտքով, որ որևէ մեկը կասկածի տակ կդնի ստեղծագործությունների իսկական հեղինակությունը։ Ամբողջ Արցախը երկար տարիներ ցիտել է Գաբրիելյանի ստեղծագործությունները՝ որպես նրա հեղինակության ճանաչում, և հարյուրավոր տպագրված գրքեր են եղել՝ առանց որևէ կասկածի:

Կարող է թվալ, որ ես «Ծիտիկ-ծիտիկի» հարցերով եմ զբաղված, երբ կան ավելի գլոբալ խնդիրներ, բայց պապիկս միայն մանկագիր չէր: Չնայած գրական ժանրերը տարբեր են, նա մեծ գործեր ունի, օրինակ՝ «Ղարաբաղի հորովելը», «Գանձասարը»: Նա թողել է ահռելի ժառանգություն հայ մշակույթի համար, և անարդար է, որ նրա ժառանգության մի մասը մնացել է Արցախում՝ իր տունը, գերեզմանը, այն վայրերը, որտեղ նա իր կյանքն է նվիրել սիրելի Արցախին:

Պապիկս կանգնած է եղել Արցախյան շառջման ակունքներում, և ես՝ որպես իր թոռ, միշտ պիտի վառ պահեմ նրա հիշատակը. դա իմ պարտքն է»,- ասաց Նարինե Գաբրիելյանը։

Նա նաև մեջբերեց «Ծիտիկ» բանաստեղծությունն ամբողջությամբ հենց սկզբանական տարբերակով, ինչպես գրել է պապիկը. 

«Ծիտի՜կ, ծիտի՜կ,
Մոտ արի,
Քեզ տամ
Ցորեն ու գարի։

Չվախենաս,
Չփախչես,
Ես չեմ ուզում
Բռնել քեզ։

Պատուհանը բաց կանեմ,
Ու ծիտիկի
Ճարը կանեմ»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Այս իշխանություններից ամեն ինչ կարելի է սպասել». արցախցի գրող Գուրգեն Գաբրիելյանի բանաստեղծությունը հիմա էլ ուրիշին է վերագրվում