«Ժողովուրդ». Առաջիկայում համաներո՞ւմ է սպասվում
Օրվա մամուլ
08:17 03/09/2025
Հայաստան

«Ժողովուրդ». Առաջիկայում համաներո՞ւմ է սպասվում

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը վերջին օրերին տարբեր քրեակատարողական հիմնարկներից ակտիվորեն ստանում է լուրեր այն մասին, թե առաջիկայում համաներում է սպասվում։ Մեր աղբյուրների փոխանցմամբ, որոշ կալանավորների շրջանում վստահություն է ձևավորվել, որ հնարավոր է՝ Քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների վրա ազդեցություն ունեցող համաներման գործընթաց սկսվի, և իրենք վաղաժամ ազատ արձակվեն։

Սակայն ՀՀ արդարադատության նախարարության մամուլի խոսնակ Մարիամ Մելքումյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում պաշտոնապես հերքեց այդ լուրերը՝ ընդգծելով, որ նման բան չկա։

Նկատենք, որ սա չի նշանակում, որ ապագայում այդպիսի գործընթաց չի կարող սկսվել. համաներում նախաձեռնելու իրավունքը պատկանում է Կառավարությանը և Ազգային ժողովին, իսկ նախընտրական տարիներին նման նախաձեռնություններ երբեմն օգտագործվում են որպես քաղաքական գործիք՝ հասարակության որոշ շերտերի, մասնավորապես՝ քրեակատարողական հիմնարկներում գտնվող անձանց և նրանց ընտանիքների հավանական ձայները շահելու նպատակով։

Հիշեցնենք, որ առաջիկա խորհրդարանական ընտրությունները նախատեսված են 2026 թվականի հունիսի 7-ին։ Թեև ընտրություններին դեռ երկար ժամանակ կա, սակայն քաղաքական ուժերն արդեն նախապատրաստական աշխատանքների փուլում են, և նման գործիքակազմի օգտագործումը բացառել չի կարելի։

«Ժողովուրդ» օրաթերթը շարունակելու է հետևել թեմայի զարգացումներին և պարբերաբար հրապարակել միայն ստուգված ու պաշտոնական տեղեկություն»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Ժողովուրդ». Առաջիկայում համաներո՞ւմ է սպասվում