«Ժողովուրդ». Ավինյանը «մոռացել» է իր բուն պարտականությունների մասին ու թավշյա ոգևորությամբ մտել է ակադեմիական դաշտ
Օրվա մամուլ
08:30 04/09/2025
Հայաստան

«Ժողովուրդ». Ավինյանը «մոռացել» է իր բուն պարտականությունների մասին ու թավշյա ոգևորությամբ մտել է ակադեմիական դաշտ

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Երևանի քաղաքապետ, համատեղության կարգով «Պոլիտեխնիկ»-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տիգրան Ավինյանը այս տարվա օգոստոսի 28-ին պարծեցավ, թե իբր վերջին չորս տարիներին «Պոլիտեխնիկ»-ում արդեն երրորդ անգամ աշխատավարձի էական բարձրացում է արվել։

Թվաբանությունը զարմացնում է անգամ փորձառու մաթեմատիկոսներին՝ 108%, 15%, 14% և 13%։ Թվում է՝ տոկոսները չեն վերջանա, եթե հաջորդ անգամ էլ նույն ոգևորությամբ հայտարարի, թե «պրոֆեսորադասախոսական անձնակազմի աշխատավարձերը կրկին բարձրացել են, այս անգամ…՝ Երկնային աստիճաններով»։

Իրականում ի՞նչ կապ ունի նա աշխատավարձերի, համալսարանի կառավարման գործընթացի հետ, եթե իր պարտականությունները չի կարողանում պատշաճ կատարել:

Տպավորություն է, թե Տիգրան Ավինյանն էլ է կլանվել տոկոսների կախարդանքով։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը արդեն վաղուց է ապացուցել, որ թվաբանական «անիմաստությունն» իր սիրելի սպորտաձևն է։ Իսկ հիմա քաղաքապետը կարծես որոշել է հետ չմնալ այս մրցավազքից։

Այստեղ, սակայն, մի «փոքրիկ» խնդիր կա։ Քաղաքապետի պաշտոնը ունի և՛ պարտականություններ, և՛ պատասխանատվություն։ Իսկ պարտականությունների մասին Ավինյանը հիշում է կարծես միայն այն ժամանակ, երբ հարցն արդեն անլուծելի փակուղու առջև է։

Օրինակ՝ Երևանի համայնքը նրա ղեկավարության օրոք ունի ավելի քան 14 միլիարդ դրամի պարտք։ Գույքահարկի հավաքագրման մակարդակը ողբերգական վիճակում է։ Քաղաքային տնտեսության կառավարումը՝ խայտառակ ձախողված. փաստերը բազմաթիվ են։

Սակայն քաղաքապետ Ավինյանը «մոռացել» է իր բուն պարտականությունների մասին ու թավշյա ոգևորությամբ մտել է ակադեմիական դաշտ։

Մնում է՝ նա իրականում ներկայացնի տպավորիչ թվեր, թե, օրինակ, իր ղեկավարման օրոք Երևանի փողոցների փոսերը ինչպես են 200%-ով մեծացել, կամ քաղաքային պարտքերը կրկնապատկվել՝ «ի շահ» երևանցիների առաջընթացի»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Ժողովուրդ». Ավինյանը «մոռացել» է իր բուն պարտականությունների մասին ու թավշյա ոգևորությամբ մտել է ակադեմիական դաշտ